Հայաստանում էներգետիկայի զարգացումը Փարիզյան համաձայնագրի ներքո

Հայաստանում էներգետիկայի զարգացումը Փարիզյան համաձայնագրի ներքո

Ինչպիսին է Հայաստանում էներգետիկայի զարգացման տեսլականը, ինչ ծրագրեր են նախանշված «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում (մինչև 2040 թվականը)», ինչ ընդհանուր եզրեր ունի այդ ծրագիրը Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ‐ի շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի պահանջների կատարման հետ: Այս հարցերին անդրադարձավ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի Էներգետիկայի ռազմավարական կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը սույն թվականի փետրվարի 26-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կազմակերպված «Հայաստանում էներգետիկայի զարգացումը Փարիզյան համաձայնագրի ներքո» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ՝ ներկայացնելով «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը), վերականգնվող էներգետիկան Փարիզյան համաձայնագրի ներքո» զեկույցը:

Ներկայացնելով էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական առաջնահերթությունները՝ Վահան Սարգսյանն ընդգծեց վերականգնվող էներգետիկայի ներուժի առավելագույն օգտագործումը, էներգախնայողության ներուժի հնարավորինս իրացումը, Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացումը, էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ձևավորումը, ազատականացումը, Հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքի կառուցման ծրագիրը, որն ընդգրկում է Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը և ենթակառուցվածքները: Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռելու Հայաստանին դառնալ կամուրջ ավելի գլոբալ էներգետիկ շուկաների հետ ինտեգրման, այնպես էլ առաջնահերթ Իրանի և Վրաստանի հետ փոխշահավետ էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների օգտագործման համար։

Վահան Սարգսյանը ներկայացրեց այն կայանները, որոնք կառուցվելու են կամ շարունակելու են շահագործվել Հայաստանի էներգահամակարգում մինչև 2040թ.:

Ատոմային էներգետիկա

«Մինչև 2026թ. ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետը երկարացվել է: Այնուհետև՝ լրացուցիչ ուսումնասիրություններից և հետազոտություններից հետո, այդ ժամկետը կերկարաձգվի մինչև 2036թ.: Դրանից հետո հարց կբարձրացվի այդ տարածքում նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ: Նշեմ, որ արդեն այսօր միջազգայնորեն ընդունված է, որ ատոմային կայանները ջերմոցային գազերի նվազեցման կամ չավելացման աղբյուր են, և հիմա միջուկային էներգետիկան իր վերակենդանացումն է ապրում»,- ասաց նա:

Վերականգնվող էներգետիկա

Անդրադառնալով վերականգնվող էներգետիկայի զարգացմանը՝ Վահան Սարգսյանը ներկայացրեց այդ ուղղության ընթացիկ և նախատեսվող կայանները: «Պետք է ավարտին հասցվի «Մասրիկ-1» 55 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցումը: Նախատեսվում է շուրջ 120 ՄՎտ հզորությամբ արևային թվով 5 ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագրերի իրականացում: Ունենք կառավարության կողմից հաստատված երկու՝ «Այգ-1» և «Այգ-2»՝ յուրաքանչյուրը 200 ՄՎտ հզորությամբ, կայանների կառուցման որոշում, մինչև 5 ՄՎտ հզորությամբ կայանների զարգացում՝ ընդհանուր 315 ՄՎտ դրվածքային հզորությամբ: Նախատեսվում է ինքնավար արևային կայանների ընդհանուր դրվածքային հզորությունը 40 ՄՎտ-ից հասցնել 100 ՄՎտ-ի»,- ասաց Վահան Սարգսյանը:

Անդրանդառնալով փոքր հիդրոէներգետիկայի ոլորտին, բանախոսը նշեց, որ Ռազմավարական ծրագրով նախատեսվում է փոքր ՀԷԿ-երի ընդհանուր դրվածքային հզորությունը 380 ՄՎտ-ից հասցնել 430Մվտ-ի: «Փոքր ՀԷԿ-երի կառուցման համար պոտենցիալը հիմնականում սպառված է համարվում: Եվ ռազմավարության մեջ ներառված է միայն այն ՓՀԷԿ-երի կառուցումը, որոնց համար տրված է կառուցման լիցենզիա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հողմային էլեկտրակայաններին, ապա, ըստ Վահան Սարգսյանի, մինչև 500 ՄՎտ հզորությամբ փոքր և համակարգային նշանակության հողմային էլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է միայն մրցակցային սակագնային առաջարկների առկայության դեպքում:

Ջերմոցային գազերի արտանետումների կրճատման սցենարներն ի հաշիվ ատոմային և վերականգնվող էներեգետիկաների

«ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Tetra Tech» ընկերությունն իրականացրել է ծրագիր, որի շրջանակներում մշակվել է 2 սցենար էներգետիկայի ոլորտում ջերմոցային գազերի կրճատման վերաբերյալ: Ըստ առաջինի՝ մինչև 2036թ. թիրախավորվել է գումարային 127 Մտ արտանետումների սահմանափակումը: Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ցուցանիշը նվազագույն ծախսերով ապահովելու համար հարկավոր է զարգացնել վերականգնվող էներգետիկայի ողջ նախատեսված պոտենցիալը և լրացուցիչ կառուցել 300 ՄՎտ հզորությամբ ատոմային էներգաբլոկ: Երկրորդ սցենարի համաձայն՝ արտանետումների այդ նույն քանակը մինչև 2030թ. ապահովելու դեպքում ի լրումն նախորդի անհրաժեշտ կլինի կառուցել լրացուցիչ ևս 1 հատ 300 ՄՎտ-անոց ատոմային բլոկ (գումարային 600 ՄՎտ), ինչը թույլ կտա հետագայում այդ արտանետումները վաճառել կամ լրացուցիչ օգտագործել: Պետք է ասեմ, որ երկրորդ սցենարն, իհարկե, իրականանալի չէ, որովհետև մինչև 2030թ. հնարավոր չի լինի 2 նոր ատոմային էներգաբլոկ  կառուցել: Դա առնվազն 15 տարի է պահանջում: Երկու սցենարների հաշվարկները ցույց տվեցին, որ քամու և արևային կայաններից բացի այդ նպատակին հասնելու միակ նվազագույն ծախսերով ճանապարհը ատոմակայան կառուցելն է: Բայց այս օրինակը բերվել է հաշվետվության մեջ՝ ցույց տալու, որ ատոմակայանի առկայությունն է թույլ տալիս ապահովել երկրի արտանետումների սահմանափակման վերցրած ազգային պարտավորությունը»,- ասաց Վահան Սարգսյանը:

Ջերմաէլեկտրակայաններ

Ըստ Ռազմավարական ծրագրի` 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ջերմաէլեկտրակայաններից գործում են՝ ՀրազՋԷԿ-ը՝ 410 ՄՎտ, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը՝ 467 ՄՎտ, Երևանի ՀՇԳՑ 1 էներգաբլոկը՝ 228.6 ՄՎտ հզորությամբ: Հրազդանի ՋԷԿ-ը ցածր արդյունավետության պատճառով նախատեսվում է հանել շահագործումից Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի և նոր կառուցվող Երևանի 2-րդ ՀՇԳՑ էներգաբլոկը շահագործման հանձնելուց հետո։ «Ներկայում Երևանի ՋԷԿ-ի տարածքում կառուցվում է շոգեգազային ցիկլով կայանը, որի հզորությունը կլինի 254 ՄՎտ»,- ասաց բանախոսը:

Բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի և Բաշխման էլեկտրական ցանցի զարգացում

Ըստ Վահան Սարգսյանի՝ Բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի զարգացման համար նախատեսված է 220 կՎ և 110 կՎ լարման ենթակայանների վերակառուցում, 400 կՎ լարման նոր միջպետական էլեկտրահաղորդման գծերի և ենթակայանների կառուցում, SCADA կապի և ավտոմատացման համակարգի 2-րդ փուլի իրականացում:

Բաշխման էլեկտրական ցանցի զարգացման համար նախատեսված է Հայաստանի էլեկտրական ցանցերի ընդհանուր ներդրումային ծրագրի իրականացում, որը կնպաստի վթարային անջատումների կրճատմանը, մատակարարած էլեկտրաէներգիայի որակի բարձրացմանը ու կորուստների նվազեցմանը:

Էլեկտրաէներգետիկական շուկա

Վահան Սարգսյանը նշեց, որ Ռազմավարական ծրագրով նախատեսված էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը՝ շուկայի նոր մոդելին անցումը, կնպաստի մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առևտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության նոր տարրեր:

Տարածաշրջանային էներգետիկ համագործակցություն

«Բնագավառի զարգացման համար կարևոր դեր է խաղում տարածաշրջանային էներգետիկ համագործակցությունը: Դա մի կողմից Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծումն է, մյուս կողմից՝ Հայաստան-Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում պահանջների բավարարումը: Վերջինը նպատակաուղղված է նորմատիվային բազայի բարելավմանը: Եվ ի վերջո՝ Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էներգետիկ կամուրջի կառուցումը կհանգեցնի Հայկական էներգահամակարգի դերի բարձրացմանը տարածաշրջանային երկրների հետ համագործակցության զարգացումներում»,- ասաց նա:

Ջերմամատակարարում

Ըստ Վահան Սարգսյանի՝ ջերմամատակարարման առումով Հայաստանի կառավարությունը նախատեսում է աստիճանաբար ընդլայնել այն ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն վերականգնվող էներգետիկ ռեսուրսների վրա հիմնված ջեռուցման և տաք ջրի արտադրության անհատական համակարգերի օգտագործմանը:

Գազամատակարարում

Ընդգծելով, որ գազի օգտագործումն այսօր ամենամեծ մասնաբաժինն ունի ՀՀ-ի ընդհանուր վառելիքաէներգետիկ հաշվեկշռում, բանախոսը նշեց. «Հայաստանի կառավարությունը մինչև 2022թ. ավարտը ձեռնամուխ կլինի «Գազամատակարարման մասին» առանձին և ժամանակակից սկզբունքների վրա հիմնված նոր օրենքի մշակման աշխատանքներին, իսկ մինչև 2024թ. ավարտը՝ ենթաօրենսդրական, այդ թվում կարգավորման դաշտի ամբողջական վերանայմանը»:

Էներգախնայողություն

«Հայաստանում լուրջ խնդիր է էներգախնայողությունը: Այն համարվում է երկրի ներքին էներգապաշար: Կառավարությունը տեսնում է, որ էներգախնայողության կազմակերպումը գիտական, արտադրական, տեխնիկական և տնտեսական գործունեություն է, որն ուղղված է էներգետիկ ռեսուրսների տեսակարար ծախսի նվազեցմանը: Սա կբերի ռեսուրսների խնայմանը, ներմուծման նվազեցմանը, էներգետիկ անկախության մակարդակի բարձրացմանը: ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականությունն է` խթանել էներգախնայողությունը տնտեսության բոլոր ճյուղերում, ինչն էլ սահմանված է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրում»»,- ասաց Վահան Սարգսյանը:

Թվային էներգետիկա

Ռազմավարության մեջ կարևորվել է նաև թվային էներգետիկան: «Այն շատ արդիական է, որովհետև հատկապես արևային և հողմային կայանների լայնածավալ ներդրմամբ համակարգը պարտադրված կլինի օգտագործել թվային էներգետիկա: Եթե չթվայնացվի էներգետիկայի ոլորտը, մենք կունենանք լուրջ խնդիրներ՝ համակարգային վթարներ, որոնք կբերեն լայնածավալ անջատումների: ՀՀ կառավարությունը հետամուտ է լինելու թվային գործիքների շարունակական ներդրման հարցում այնպես, որ հնարավորինս սեղմ ժամկետում էներգետիկայի բնագավառում գործընթացները լինեն ամբողջովին թվային կառավարվող, ինչպես արտադրության, այնպես էլ սպառման հատվածում»,- նշեց Վահան Սարգսյանը։

Գիտելիքահենք էներգետիկա

Վահան Սարգսյանը նշեց, որ Ռազմավարության մեջ կարևորվել է նաև գիտելիքահենք էներգետիկան: «ՀՀ կառավարությունը շարունակելու է աջակցել գիտական հաստատությունների հետագա զարգացմանը, վերջիններիս՝ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների հետ ուղղակի կապն ամրապնդելու, միջազգային համագործակցությունն ընդլայնելու և ժամանակակից գիտական լուծումներով հագեցած էներգետիկայի բնագավառ ունենալու նպատակով»,- ասաց նա:

Պետական ընկերությունների կառավարում

Ըստ Վահան Սարգսյանի՝ այս տեսակետից ՀՀ կառավարությունն էապես բարելավելու է պետական էներգետիկ ընկերությունների կառավարումը՝ ներդնելով միջազգային ստանդարտներին համապատասխան նոր գործիքակազմ:

Ամփոփելով ռազմավարության վերաբերյալ իր ելույթը՝ Վահան Սարգսյանն ասաց.

«Մինչև 2040թ. Հայաստանի էներգետիկ համակարգը կունենա հետևյալ նկարագիրը՝

-  Ինքնաբավ և արտահանմանն ուղղված բարձր հուսալիությամբ և ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ, արդիական ենթակառուցվածքներով, տարեկան շուրջ 12 մլրդ կՎտժ արտադրության ծավալով էլեկտրաէներգետիկական համակարգ

-  Տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույց, հարևան երկրների էներգահամակարգերը և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կապող խոշոր խաչմեուկ

-  Էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա՝ հիմնված միջազգային լավագույն մոդելների վրա

-  Վերականգնվող էներգետիկ պաշարների տնտեսապես արդյունավետ և ողջամիտ օգտագործում՝ բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան, էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի հնարավոր առավելագույն աճի ապահովում, 2030 թվականին առնվազն 15% արևային էներգիայի մասով

-  Էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների լայնածավալ իրականացում, էներգախնայողության և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրում կանաչ և գիտելիքահենք տնտեսության անցման գործում

-  Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով զարգացում, մասնավորապես Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում

-   Սպառողներին հուսալի և անխափան, որակյալ էներգամատակարարում ու էներգահամակարգի բնականոն գործունեությունն ապահովող հավասարակշռված և կանխատեսելի սակագներ

-  Վառելիքաէներգետիկ առաջնային պաշարների, մասնավորապես, բնական գազի Հայաստան մատակարարման ուղիների և ձևերի բազմազանեցում՝ երաշխավորելով գազի առնվազն երկու տեխնոլոգիական մուտք երկիր»։

 

Մարտ 10, 2021 at 14:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր