Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի համայնքներում մեկնարկել է «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրը

Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի համայնքներում մեկնարկել է «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրը

 

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում 2021թ. հունիսի 15-ից մեկնարկել է «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն՝ ուղղված ՀՀ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի 6 համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրմանը։ Ծրագիրը կնպաստի համայնքներում էկոլոգիական ռիսկերի բացահայտմանը և նվազեցմանը, տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) քաղաքացիական հասարակության մասնակցության բարձրացմանը, ՏԻՄ-երի և բիզնեսի գործունեության թափանցիկության ու պատասխանատվության բարձրացմանը և կանաչ տնտեսության զարգացմանը: 

Ծրագիրը իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործըներությամբ: 

Ծրագիրը իրականացվելու է Լոռու մարզի Ախթալա և Օձուն, Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան, Գեղարքունիքի մարզի Գեղամասար և Վերին Գետաշեն համայնքներում, որոնք կրում են հանքարդյունաբերության, փոքր հիդրոէներգետիկայի և այլ ոլորտներից բխող բացասական ազդեցությունը: 

Համայնքները չունեն մշակված սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն և դրա մշակման համար արդյունավետ գործիքներ, հնգամյա զարգացման ծրագրերում բացակայում է սոցիալ-էկոլոգիական զարգացման բաղադրիչը: Համայնքներում էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը ցածր է: Պահանջատեր չեն բիզնեսի՝ սոցիալ-էկոլոգիական պարտավորությունների կատարման նկատմամբ, չնայած՝ կրում են սոցիալական բարեկեցիկ կենսապայմանների ու տնտեսական գործունեության վրա լուրջ ազդեցություն: 

Նպատակներին հասնելու համար նախատեսվում է ստեղծել համայնքների սոցիալ-էկոլոգիական ռիսկերի, խնդիրների և առաջնայնությունների տվյալների հավաքագրման և կարիքների վերհանման ձևաչափ, որը կկիրառվի համայնքներում սոցիալ-էկոլոգիական  տվյալների բազայի ստեղծման համար: Այս բազայի հիման վրա յուրաքանչյուր համայնքի համար կմշակվի սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն: Այս գործընթացում կներգրավվեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ ՏԻՄ-երը, քաղաքացիական հասարակությունը, երիտասարդությունը, պետական կառույցները, բիզնեսը, ԶԼՄ-ները: 

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ

Անահիտ Գևորգյան, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ

Նազելի Վարդանյան, «Հայաստանի Անտառներ» ՀԿ-ի նախագահ

Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ

Արթուր Վարդազարյան, «Նոր Հորիզոններ» ՀԿ-ի նախագահ

Հուլիս 01, 2021 at 10:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր