Գնահատված են արդյո՞ք արևային կայանների՝ երկրի էլեկտրաէներգետիկ համակարգ մեծածավալ ինտեգրման ռիսկերը

Գնահատված են արդյո՞ք արևային կայանների՝ երկրի էլեկտրաէներգետիկ համակարգ մեծածավալ ինտեգրման ռիսկերը

Ինչ խնդիրներ ու ռիսկեր կարող են ծագել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում փոփոխական վերականգնվող էներգետիկ աղբյուրների լայնածավալ ներդրման պայմաններում: Հարցն օրակարգային էր 2021թ. հունիսի 15-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած քննարկման ժամանակ:

Խնդրին անդրադարձավ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի Էներգետիկայի ռազմավարական կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը: 

Հայաստանն ընդունել է «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը)», ըստ որի՝ էլեկտրաէներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի հնարավոր առավելագույն աճի ապահովումը կկազմի 2030թ. առնվազն 15%՝ արևային էներգիայի մասով:

«Որքան շատ լինեն արևային կայանները, այնքան ավելի քիչ կլինի փոփոխականը, համակարգի ծանրությունը, որի հետևանքով ցանկացած ամենափոքր փոփոխություն կարող է շատ արագ բերել համակարգային պարամետրերի փոփոխության: Արևային կայանները չեն զգում համակարգի հաճախականության փոփոխությունը և ուղղակի հետևում են համակարգի ձևավորված հաճախականությանը»,- նշեց Սարգսյանը: 

«Եթե լինի շատ խելացի համակարգ, միգուցե ինչ-որ չափով այս հարցերը հնարավոր լինի լուծել: Բայց այսօր չկան աշխարհում ոչ մի ընդհանրացված խելացի համակարգեր»,- նշեց նա:

Բանախոսը Գերմանիայի և Ուկրաինայի օրինակով ներկայացրեց, թե ինչ խնդիրներ են ծագում արևային կայանների զանգվածային կիրառելիության արդյունքում:

Գերմանիայում 2019թ. դրությամբ ամբողջ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ վերականգնվող էներգետիկան կազմել է ընդամենը 25%, մնացած 75%-ը արտադրվել են ավանդական կայաններում: 

Փոփոխական վերականգնվող էներգետիկայի՝ արևային և քամու մասնաբաժինը միասին կազմել է 13-14%, ինչը գերմանական էներգահամակարգում լուրջ խնդիրներ է առաջացրել: Վերականգնվող էներգետիկայի մնացած մասնաբաժինը ընկնում է կենսագազի, հիդրոէներգետիկայի, գեոջերմային և վերամշակված կենցաղային կոշտ թափոնների վրա: 

«Գերմանիան 2019թ. գիշերային ժամերին էլեկտրաէներգիա էր մատակարարել Բուլղարիային և վճարել ահռելի գումարներ, որպեսզի վերջինս այդ էլեկտրաէներգիան վերցնի»,- ասաց Վահան Սարգսյանը: 

Ուկրաինայում 2021թ. փետրվարի 1-ի դրությամբ կայանների դրվածքային հզորությունների 10%-ը ապահովել է արևային էներգետիկան, 2%-ը՝ հողմային էներգետիկան: Այսինքն՝ փոփոխական վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը հասել է 12%-ի: «Ուկրաինան ունի 1500 Մվտ հիդրոկուտակիչ էլեկտրակայաններ, ինչը նշանակում է՝ իրենք ունեն կարգավորման դիապազոն 3000 Մվտ-ի համար: Սակայն 2019թ., ունենալով չկարգավորվող 2000 Մվտ արևային էլեկտրաէներգիա, երկրում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ Ուկրաինայի կարգավորող հանձնաժողովը կարգավարներին թույլատրել է անջատել արևային կայաններն այն պահից, երբ դրանք խանգարում են էներգահամակարգի աշխատանքի կայունությանը: Եվ հետևանքը եղել է այն, որ վերջին երկու տարիներին արևային կայանները հենց աշխատել են, բերել են խնդիրների, և կարգավարը անջատել է: Օրենքը պարտադրում է գնել արևայիննների արտադրած էլեկտրաէներգիան, և ներկայում միլիոնավոր դոլարների պարտք ունի համակարգն արևային կայանների հանդեպ»,- ասաց Վահան Սարգսյանը:

Պատասխանելով «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի հիմնադիր Թեհմինե Ենոքյանի հարցին, թե քանի տոկոս պետք է լինի արևային էլեկտրաէներգիայի մասնաբաժինը Հայաստանում, որպեսզի համակարգը կայուն լինի, Վահան Սարգսյանն ասաց. «100 Մվտ-ից ավելիի դեպքում լուրջ խնդիրների կբերի: Քանի որ մեր համակարգը 1000 Մվտ-ի շուրջ է պտտվում, ուրեմն՝ 10%»:

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Մովսես Արիստակեսյանը հետաքրքրվեց, թե հնարավոր չէ արդյո՞ք չեզոքացնել արևային էներգիայի ռիսկերը և էներգետիկ անվտանգության համակարգ ստեղծել երկրում: Ի պատասխան Վահան Սարգսյանն ասաց, որ արևային պանելների բոլոր մասերը ներկրվում են դրսից: «Ի՞նչ տարբերություն գազն եք ներկրում, թե՝ կայանը: Երկրորդ՝ ունենք երկրորդ ուղի Իրանի գազատարը, ունենք երրորդ ճանապարհը՝ դա ատոմակայանի հետագա զարգացումն ու օգտագործումն է»,- նշեց նա:

Փորձագետ Ռոզա Ջուլհակյանը նշեց, որ Հայաստանի՝ մինչև 2040թ. էներգետիկիայի զարգացման ռազմավարության բաղադրիչներից մեկը ՀԷՑ-ի կարողությունների և համակարգի արդիականացման խնդիրն է: Ի պատասխան Վահան Սարգսյանն ասաց, որ ՀԷՑ-ի արդիականացման խնդիրն այն է, որ նորացվեն, փոխարինվեն տրանսֆորմատորները, լարերը: «Մոդեռնիզացիան լուծում է անվտանգության հարցն այնքանով, որ անջատումները քիչ կլինեն, ավելի հուսալի ցանց կլինի: Սակայն իմ բարձրացրած հարցը չի լուծում»,- ասաց նա: 

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ «Մասրիկ 1» և «Այգ 1» կայանների կառուցման լիցենզիաները տրված են, շուտով կկառուցվեն դրանք: «Արդյո՞ք լիցենզիաներ տրամադրելիս հաշվի են առնվել բարձրացված խնդիրները»,- հարցրեց նա: Ըստ Սարգսյանի՝ այս հարցը ներկայացվել է պատկան մարմիններին, սակայն մինչ օրս արձագանք չկա: Դիանա Հարությունյանը հետաքրքվեց, թե ինչպե՞ս է անդրադառնում շուկայի ազատականացման հարցն այս խնդրի վրա: Վահան Սարգսյանը պատասխանեց, որ շուկան եթե ազատ է, ով էժան գին կտա, իրենից կվերցնեն: «Եթե արևայինն ավելի էժան գին տա, ուրեմն ավելի շատ կմտնի համակարգ, հետևաբար ավելի շատ խնդիր կստեղծի համակարգի համար: Բայց ազատ շուկան չի նշանակում միայն գնով հաշվարկել: Երբ շուկայի մասնակիցներից ստանում ենք գները, շուկայի օպերատորն այդ թվերը հավաքում է, կազմում է նախնական բալանս, տալիս է համակարգի օպերատորին, որ իրենք ստուգեն արդյո՞ք ռեժիմները հնարավոր են այդ տարբերակով ապահովել, թե՝ ոչ: Եթե ոչ՝ գնում է լրացուցիչ միջոցառումների»,- ասաց բանախոսը:

Խոշոր արևային կայանների կառուցման խնդիրը բարձրաձայնեց էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը: «Ներկայումս Հայաստանը գտնվում է երեք խոշոր արևային կայանների կառուցման նախաշեմին՝ 55 Մվտ հզորությամբ «Մասրիկ-1» և 200 Մվտ հզորությամբ «Այգ 1» և «Այգ 2»: Այդ կայանները պետք է աշխատեն միայն անմիջական էներգահամակարգի ենթակայության տակ, առանց ՀԷՑ-ի, ինչպես դա տեղի ունի ներկայումս արդեն գործող մինչև 5 Մվտ արևային կայանների դեպքում: Առաջին նրբությունը վերաբերում է այդ կայաններում արտադրված էլեկտրաէներգիայի սակագնին: Փոքր ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվտ/ժ համար 23,8 դրամ է առանց ԱԱՀ-ի, իսկ ԱԱՀ-ով՝ 28,6 դրամ: Իսկ «Մասրիկ-1» արևային համակարգային էլեկտրակայանի արտադրածի սակագինը 20,1-24,5 դրամ է 20 տարվա համար: «Այգ 1»-ի սակագինը 1 կվտ/ժ-ի համար 2,9 ցենտ է»,- նշեց նա:

Փորձագետն առանձնացրեց մի քանի հիմնական գործողություն արևային կայանների հետ կապված խնդիրները բացառելու համար: «Արևային մարտկոցների թեքությունը դեպի արևը պետք է միշտ պահպանել 90 աստիճան, որպեսզի ունենանք մաքսիմալ էլեկտրաէներգիայի արտադրողականություն: Մյուսը, Էներգահամակարգի ռեժիմների հուսալիության և անվտանգության համար անհրաժեշտ է «Այգ 1» և «Այգ 2» կայաններում ունենալ էլեկտրաէներգիայի համակարգային կուտակիչներ: Մյուսը, չտրամադրել արևային էլեկտրակայանների համար մշակովի հողատարածքներ կամ արոտավայրեր՝ հաշվի առնելով այն հսկայական մեծ ծավալները, որն արդեն պետք է տրամադրվեն «Այգ 1»-ին: Դրանք պետք է լինեն չմշակովի տարածքներ՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը: Մյուսը, կարևորագույն քայլ է նաև տեղում արտադրության հիմնումը»,- ասաց Էդվարդ Արզոմանյանը:

Ըստ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանի՝ արևային կայանների ստեղծման վերաբերյալ տեղեկատվությունը մտահոգությունների տեղիք է տալիս: «Վերջին տարիներին պետության կողմից տնտեսության լուրջ խթան է ստեղծվել մեծ ցանցային արևային էլեկտրակայանների կառուցման համար, ինչն իր անկասկած դրական ազդեցության հետ մեկտեղ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: «Այգ 1» և «Այգ 2» միասին 400 մեգավատ դրվածքային հզորության արևային էլեկտրակայանի ստեղծման ռիսկերը դիտարկում ենք երեք՝  էներգետիկ հիմնավորվածության ու անվտանգության ու կայունության, սոցիալական և բնապահպանական տեսանկյունից: 400 մեգավատ դրվածքային հզորության ու միաժամանակ խիստ անկայուն արտադրությամբ 2 կայանները ինչպե՞ս են «տեղավորվելու» Հայաստանում ներկայումս էլեկտրաէներգիայի գեներացվող դաշտում: Ո՞ր հզորություններն են դուրս մղվելու: Որքա՞ն է արևային կայաններից էլեկտրաէներգիա գնելու ՀԷՑ-ի կարողությունը և ի՞նչ օրական ու սեզոնային ռեժիմով: Ինչպե՞ս է պատկերացնում կառավարությունը զուգորդել այս լրացուցիչ արտադրության հետ էներգախնայողության քաղաքականությունը»,- նշեց նա: 

Արամ Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց, թե ինչով է արդարացված ու հիմնավորված այդ երկու կայաննների համար նախատեսված 1040 հա ժողովրդի սեփականությունը հանդիսացող (ըստ՝ ՀՀ անկախության հռչակագրի ու ՀՀ Սահմանադրության) հողատարածքի նվիրաբերումը: «Ազդակիր համայնքների բնակիչների հողատարածքների կորուստներն ու վնասները ինչպե՞ս են փոխհատուցվում: Որքանո՞վ կսահմանափակվի ֆոտովոլտային էլեկտրաէներգիայի արտադրության «բարտերային» շուկան բնակչության ու այլ նախաձեռնողների համար: Ի՞նչ բնապահպանական նորմատիվային ակտերով է ղեկավարվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կայանների կառուցման նախագիծը հավանության արժանացնելիս: Կան արդյո՞ք հատկացված տարածքներում կարմիրգրքային կենդանիների ու բուսականության բացակայությունը հաստատող նորմատիվային ակտեր: Որքանո՞վ է նախագիծը համապատասխանում Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի ու Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիաների դրույթներին»,- ասաց Արամ Գաբրիելյանը:

Հուլիս 05, 2021 at 20:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր