«Մասրիկ-1» արևային կայանի տարածքում գյուղացիներն արածեցնում են իրենց անասուններին

«Մասրիկ-1» արևային կայանի տարածքում գյուղացիներն արածեցնում են իրենց անասուններին

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը կանգնեցվել է: Կայանը պետք է կառուցվի Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում: ԷկոԼուրի թիմն այցելել է Մեծ Մասրիկ համայնք և արձանագրել, որ կայանի կառուցման համար ընտրված տարածքում գյուղացիներն արածեցնում են իրենց անասուններին: Տեղի բնակիչներն ասացին, որ նշված տարածքում նախքան պատերազմը մասամբ հանվել է հողի վերին՝ բերրի շերտը, իսկ պատերազմից հետո աշխատանքները դադարեցվել են և որևէ գործողություն չի իրականացվել: 

Կայանի տարածքը հեռվում արածող անասունների հետ

Մինչդեռ 2020թ. դեկտեմբերին Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը ԷկոԼուրի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ 2021թ. կմեկնարկեն կայանի կառուցման աշխատանքները: Իսկ օրերս իրականացված այցի ժամանակ համայնքապետն ասաց, որ կառուցման աշխատանքների մեկնարկն անորոշ է: «Շինարար ընկերությունը չի ցանկանում այստեղ աշխատել... Տարածաշրջանն անվտանգ չէ», - նշեց Արմեն Ասատրյանը:

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի ծրագրի իրականացման համար 2018թ. «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V.) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումի և ՀՀ կառավարության միջև կնքվել է Ծրագրի կազմակերպման և իրականացման մասին Կառավարության աջակցության համաձայնագիր: 2020թ. հունիսի 18-ի 1016-Ա որոշմամբ Ծրագիրը  մտավ ակտիվ փուլ, երբ ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի կողմից Ծրագրի վարկային ֆինանսավորման համար փոփոխություններ մտցվեցին այս Ծրագրին ուղղված կառավարության աջակցության համաձայնագրում: Այսպիսով «Մասրիկ-1» ծրագիրը ստարտափ հանդիսացավ Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման ոլորտում ներդրումների համար: ՀՀ կառավարությունը 2021թ. հունվարին ընդունել է «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը)», որտեղ հաշվի է առնվել նաև արևային էներգիայի նկատմամբ ներդրողների հետաքրքրվածությունը: Ըստ ծրագրի՝ նախատեսվում է մինչև 2030թ. էլեկտրաէներգետիկ հաշվեկշռում արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի կամ 1.8 միլիարդ ԿՎտժ-ի:

«Մասրիկ-1» կայանի կառուցման աշխատանքների դադարը մի քանի հարց է առաջացնում: Ինչպե՞ս պետք է լուծվեն ծրագրի հետ կապված ներդրումների հարցերը, եթե այն արդեն հաստատված է ՎԶԵԲ-և ՄՖԿ-ի կողմից և պաշտոնապես գտնվում է ակտիվ փուլում:  Ինչպիսի՞ լուծումներ են ընդունվել ծրագրի հետագա ճակատագրի վերաբերյալ՝ ֆորսմաժորային իրավիճակով պայմանավորված: Ինչպե՞ս կանդրադառնա ամենախոշոր արևային կայանի կառուցման հետ կապված այս անորոշությունը Հայաստանում արևային էներգետիկայի հետագա զարգացման համատեքստի վրա: Ի՞նչ պատասխանատվություն պետք է կրի ընկերությունը 70 սմ հաստությամբ հողի բերրի շերտի տեղահանման համար: Եթե ընկերությունը վերսկսի «Մասրիկ-1» կայանի կառուցման աշխատանքները, ինչպիսի՞ երաշխիքներ կլինեն բնապահպանական նորմերի պահպանման և տարածքի վերականգնման միջոցառումների ապահովման համար՝ հաշվի առնելով այն, որ ա) արտաքին սպառնալիքները չեն վերացել և այս հարցում մեծ անորոշություն կա, բ) կայանի համար նախատեսված 128 հեկտարից 32,6 հեկտարը պարտադրաբար է օտարվել համայնքից՝ «բացառիկ գերակա հանրային շահ» ձևակերպմամբ, գ) արևային կայանի տակ ընկած ամբողջ տարածքը թունավորվում է և դառնում ոչ պիտանի հետագա օգտագործման համար, դ) ՇՄԱԳ-ի եզրակացության մեջ բացակայում է արևային վահանակների թափոնների վերամշակման և օգտահանման հարցը, ե) ընկերության կողմից խոստացված աշխատատեղերը դեռևս չեն բացվել, զ) հողի վարձակալության և նախատեսված այլ գործողությունների հետ կապված ոչինչ արված չէ: 

Այս կոնֆլիկտային հարցերում ինչպիսի՞ մասնակցություն պետք է ունենա մեր Կառավարությունը, եթե արդեն կնքվել է Կառավարության կողմից այս ծրագրին աջակցելու մասին համաձայնագիրը:

Կայանի կառուցման աշխատանքների ձգձգումը պատերազմից հետո սահմանամերձ դարձած Մեծ Մասրիկ համայնքի բնակիչների համար նույնպես մտահոգիչ է: Պատերազմի հետևանքով Մեծ Մասրիկի բնակչության մեծ մասը զրկվել է իր հիմնական եկամտից, ինչը գոյանում էր գյուղատնտեսությամբ զբաղվելու արդյունքում: Կայանը կառուցող ընկերության՝ հարյուրավոր աշխատատեղերի ստեղծման խոստումը համայնքում ծառացած զբաղվածության և սոցիալական այլ խնդիրների լուծումը կարող էր դառնալ:

«ԷկոԼուրը» տեղի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ներկայացրել է վերհանված բոլոր խնդիրներն ու ռիսկերը: Մասնավորապես, աշխարհում արտադրվող արևային կայանների կառույցների կյանքի տևողությունը գնահատվում է մինչև 15-30 տարի: Դրանք աղբավայր նետել հնարավոր չէ: Շահագործման ժամկետը լրացած վահանակները վերամշակման ենթակա թափոն են: Այդ թափոնները պարունակում են թունավոր՝ կադմիումի, կապարի և պղինձի միացություններ: Շահագործված 1 վահանակի չեզոքացման արժեքը տատանվում է 20-30 դոլարի սահմաններում: Ծրագրի թաքնված ռիսկերից մեկն էլ այն է, որ թափոնների ծավալն անհայտ է: Արևային կայանի Ծրագրի ՇՄԱԳ-ում բացակայում են նաև թափոններում տոքսիկ միացությունների՝ մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին տեղեկատվությունը, ռիսկերի նվազեցմանը կամ չեզոքացմանն ուղղված միջոցառումների ցանկը, հողերի վնասման և վերականգնման մասին ծրագիրը: Այս ամենի մասին Մեծ Մասրիկում տեղյակ չէին: Կարևորելով բարձրացված հարցերը՝ բնակիչները նշել են, որ արևային կայանը կառուցող ընկերության հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ կներկայացնեն այդ ռիսկերն ու լուծումներ կպահանջեն:

Թափոնների ճակատագրով հետաքրքված ԷկոԼուրը դեռևս այս տարվա մայիսին նամակով դիմել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու համար, թե ինչպես է իրականացվելու վահանակների վերամշակման և օգտահանման գործընթացը: «Նշենք, որ, համաձայն Ծրագիրը համավարկավորող ՄՖԿ-ի (Համաշխարհային բանկ) 4.01 գործառնական քաղաքակության փաստաթղթի՝ այս նախագիծը դասակարգվում է Բ կատեգորիայի, հետևաբար, դրա համար պահանջվում է ՇՄԱԳ հաշվետվություն և բնապահպանական կառավարման պլան՝ համաձայն Համաշխարհային բանկի մեթոդակարգերի: Նույն մոտեցումներն ունի նաև մյուս համավարկավորողը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որի պահանջներից են.

Պահանջ 1. Էկոլոգիական և սոցիալական ազդեցությունների գնահատում և դրանց կառավարում

Պահանջ 3. Ռեսուրսաարդյունավետություն, շրջակա միջավայրի աղտոտման վերահսկում և կանխարգելում

Պահանջ 6. Կենսաբազմազանության պահպանում և կենդանի բնական ռեսուրսների կայուն կառավարում:

... Նշենք, որ 17.07.2019թ. «Մասրիկ-1 արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը տրված Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ-0000610 եզրակացությունը չի ապահովում վերոնշյալ պահանջների կատարումը և համահունչ չէ մեր երկրի կողմից որդեգրած «կանաչ» տնտեսության ուղղությանը»,- նշված էր «ԷկոԼորի» նամակում:

Նախարարության պատասխանում նամակում սակայն վահանակների օգտահանման մասին որևէ տեղեկություն չկար: Որպես թափոն նախարարությունը դիտարկել էր  միայն շարժիչների բանեցված յուղերը, բանեցված անվադողերն ու շինարարական աղբը: «Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2019թ. հուլիսի 17-ին «Մասրիկ 1» արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը» տրված ԲՓ-000061 պետական փորձաքննական եզրակացության՝ ֆոտովոլտային (ՖՎ) կայանի կառուցման և օդային գծի (ՕԳ) միջանցքների նախատեսման ժամանակ առաջացած պինդ և հեղուկ թափոնները՝ շարժիչների բանեցված յուղերը, բանեցված անվադողերը, մինչ առաքումը կպահվեն բետոնապատ ծածկված տարածքում, իսկ շինարարական աղբը կտեղափոխվի Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի և Գեղամասար համայնքապետարանների կողմից հատկացված աղբավայրեր: Վառելանյութի պահպանման համար հատկացվելու է հատուկ տարածք, ինչը կունենա բետոնե հարթակ և արտահոսքերի հավաքման համակարգ: Նախատեսվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանն ու բացառմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ»,- մասնավորապես հայտնել էին նախարարությունից: 

Սեպտեմբեր 01, 2021 at 16:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր