Հայաստանի էներգետիկական և կլիմայական ոլորտը՝ «EU4Dialogue» հարթակում

Հայաստանի էներգետիկական և կլիմայական ոլորտը՝ «EU4Dialogue» հարթակում

2022թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի Բորժոմի քաղաքում «EU4Dialogue» ծրագրի շրջանակում անցկացվեց «Էներգետիկ անցման երկխոսության պլատֆորմի» երկրորդ հանդիպումը, որին մասնակցեցին մասնագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ադրբեջանից: Երկրների պատվիրակները ներկայացրեցին տարածաշրջանում կայուն էներգետիկայի անցման խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, կիսվեցին իրենց երկրներում վերականգնվող էներգետիկայի ոլորտում կիրառվող լավագույն փորձով, էներգետիկ համակարգում իրականացվող բարեփոխումներով: 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը ներկայացրեց իրավիճակը Հայաստանի էներգետիկայի և կլիմայի վերաբերյալ, առկա բացերը, ռիսկերն ու խնդիրները: «Հայաստանի էներգետիկ և կլիմայական քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական բաղադրիչը թույլ է ներկայացված: Ցանկալի է հավասարակշռված մոտեցում՝ հաշվի առնելով օգուտներն ու պատճառված վնասը, ինչը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ և կլիմայական քաղաքականության մեջ սոցիալական և բնապահպանական պրակտիկայի մշակույթի ներդրմանը»,- նշեց նա: 

Ներկայացնելով Հայաստանում էներգետիկ ոլորտում ընդունված որոշումները և իրականացվող աշխատանքները՝ Քրիստինa Տեր-Մաթևոսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը 2021թ. հունվարի 14-ի 48-Լ որոշմամբ ընդունել է ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թ.), որի շրջանակներում էներգետիկայի ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններ են սահմանվել վերականգնվող էներգետիկան, էներգաարդյունավետությունը, Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը, ատոմակայանի փուլային զարգացումը, էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը, Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի կառուցման ծրագիրը և Հայաստան-Իրան ու Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը: 

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ԷկոԼուրին տրամադրած տվյալների՝ 2021թ. Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան ըստ արտադրող կայանների բաշխվել է հետևյալ կերպ՝ ջերմաէլեկտրակայաններ՝ 43,4%, հիդրոէլեկտրակայաններ՝ 29,2%, ՀԱԷԿ՝ 25%, արևային էլեկտրակայաններ՝ 2,2%, հողմաէլեկտրակայաններ՝ 0,02%: 

ՀՀ կառավարությունը 2022թ. ընդունել է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030թթ. ազգային ծրագիրը, համաձայն որի՝ ՀՀ կառավարությունը մտադիր է մինչև 2030թ. արևային էներգիայի արտադրության տեսակարար կշիռը ամբողջ էներգահամակարգում հասցնել 15%-ի։ Այդ նպատակով նախատեսվում է կառուցել 1000 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ, այդ թվում՝ ինքնավար էլեկտրակայաններ։

2022թ. նոյեմբերի 25-ի դրությամբ ՀԾԿՀ-ի կողմից տրված լիցենզիաների համաձայն՝ էլեկտրաէներգիա է արտադրում 33 արևային էլեկտրակայան՝ մոտ 142 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ։ Կառուցման փուլում է գտնվում մինչև 5 ՄՎտ հզորությամբ ևս 16 կայան։

Հայաստանում պետք է կառուցվեն «Այգ 1» և «Այգ 2» խոշոր արևային էլեկտրակայանները՝ 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ «Մասդար Արմենիան» այս կայանները կկառուցի Արագածոտնի և Կոտայքի մարզերում՝ ընդհանուր 1040 հա մակերեսի վրա: «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը 174 միլիոն ԱՄՆ դոլար է, իսկ արտադրվող էներգիայի սակագինը` 0,0290 ԱՄՆ դոլար մեկ կիլովատ/ժամի համար: «Մասդար Արմենիա» համատեղ ընկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին: Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025 թվականին:

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցվելու է «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանը՝ 55 ՄՎտ հզորությամբ: Կայանը կկառուցի 128,3 հա ընդհանուր մակերեսով հողատարածքի վրա, ծրագիրն իրականացնում է «Fotowatio Renewable Ventures B.V.»և «FSL Solar S.L.» ընկերությունների կոնսորցիումը:

Արևային էներգիայի ոլորտում բազմաթիվ ռիսկեր կան, այդ թվում՝ ստեղծված չէ արևային էներգիայի ոլորտը կարգավորող օրենսդրական հենք, չկան էլեկտրոնային թափոնների կառավարման և օգտահանման կանոնակարգեր, հողօգտագործման կանոնակարգեր, ինչի արդյունքում օգտագործվում են գյուղատնտեսական նշանակության հողերը, տեղի բնակչությունը թույլ է ներգրավված որոշումների կայացման գործընթացում և չունի բավարար տեղեկատվություն քննարկվող ծրագրերի ռիսկերի և օգուտների վերաբերյալ: 

Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030թթ. ազգային ծրագրով նախատեսվում է բնական գազը փոխարինել արևային էներգիայով, ինչը կպահանջի 700 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային կայանների կառուցում։ Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ էներգետիկայի ոլորտից ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները 2030թ. կնվազեն մոտ 50%-ով 1990թ. մակարդակի համեմատ։ Ծրագրում, սակայն, չկա անդրադարձ փոքր ՀԷԿ-երի խնդիրներին։ Հայաստանում գործում է 188 ՓՀԷԿ, որոնք տարեկան արտադրում են միջինը 943,4 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: ՓՀԷԿ-երի ոլորտը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ կապված ջրի սակավության, կլիմայի փոփոխության ռիսկերի, ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման, կենսաբազմազանության կորստի, գետերի էկոհամակարգերի ոչնչացման, միկրոկլիմայի փոփոխության, ինչպես նաև ազդակիր համայնքներում սոցիալական լարվածության, ոռոգելի հողերի կորստի հետ:

Հայաստանում երկու խոշոր հիդրոկասկադ է շահագործվում: Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը գտնվում է Սյունիքի մարզում, որտեղ արտադրվում է հանրապետության հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 60%-ը, իսկ արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը։

Մյուս խոշոր հիդրոկայանը Սևան-Հրազդան կասկադն է: Համալիրը բաղակացած է 7 հիդրոէլեկտրակայանների կասկադից՝ 561,4 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ։

Ներկայացնելով «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» մասին՝ նա նշեց, որ առևտրային բանկերի կողմից էներգաարդյունավետ վերանորոգման համար տրամադրվում է վարկ ոչ ավել, քան 10 մլն դրամ մասնավոր բնակելի շենքերի և 7 միլիոն դրամ՝ բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների համար:

Անդրադառնալով Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրին (2021-2025թթ. համար)՝ Քրիստինե Տեր-Մաթևոսյանն ասաց, որ ծրագրով սահմանված են հարմարվողականության հատուկ կարիքներ ունեցող ոլորտները: Դրանք են՝ բնական էկոհամակարգերը (ջրային և ցամաքային, ներառյալ անտառային էկոհամակարգերը, կենսաբազմազանությունը և բուսական ծածկույթը), մարդու առողջությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, գյուղատնտեսությունը՝ ներառյալ ձկնորսությունը և անտառային տնտեսություն, էներգիան, բնակավայրերն ու ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը։ Ծրագրի կատարման համար մշակվել է 16 միջոցառում:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը, նախանշել էներգետիկ երկխոսության երկարաժամկետ նպատակներն ու նպաստել կայուն էներգիայի ոլորտում փորձի փոխանակմանը շահագրգիռ կողմերի լայն շրջանակների միջև: 

Դեկտեմբեր 29, 2022 at 17:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր