«Այգ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ՇՄԱԳ հաշվետվությունն անհասանելի է հանրությանը

«Այգ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ՇՄԱԳ հաշվետվությունն անհասանելի է հանրությանը

Սույն թվականի դեկտեմբերի 20-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր, Աշնակ, Դաշտադեմ և Թալին բնակավայրերում իրականացվել են «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) վերաբերյալ թվով երրորդ հանրային լսումները: Այս մասին հայտնում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը:

«ՇՄԱԳ աշխատանքները համակարգող «Ի Էյ Էներջի Ըդվայզորի» կազմակերպության ներկայացուցիչ Միքայել Թևոսյանը համայնքների բնակիչներին մանրամասն ներկայացրել է մինչ օրս կատարված աշխատանքները: Կազմակերպության կողմից ներգրավվել են տեղական և միջազգային փորձագետներ, որոնց հետ համատեղ իրականացվել են տարածքի պատմահնագիտական և կենսաբազմազանության դաշտային ուսումնասիրություններ, ինչպես նաև սոցիալական ազդեցության գնահատման համար անհրաժեշտ դաշտային աշխատանքներ։ 

Միքայել Թևոսյանի խոսքով՝ հայցվող տարածքում և մերձակա տարածքներում առանձնահատուկ պահպանության կարիք ունեցող, վտանգված, խոցելի, անհետացման եզրին գտնվող և ՀՀ Կարմիր գրքում կամ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) կարմիր ցուցակում գրանցված բուսատեսակներ և կենդանատեսակներ չեն հայտնաբերվել: Չկան նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ, և արևային կայանի կառուցումը շոշափելի վնաս չի հասցնի այստեղ ապրող ողնաշարավորներին»,- մասնավորապես նշված է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ՇՄԱԳ հաշվետվությունը հասանելի չէ ո՛չ Թալինի համայնքապետարանի, ո՛չ Հայաստանի  պետական հետաքրքրությունների ֆոնդի, ո՛չ էլ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքում:

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում 2022թ. հունիսին հրապարակվել է «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, որը մակերեսային է ներկայացնում նախատեսվող գործունեությունը և չի պարունակում մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք, ըստ հայտի, պետք է ներկայացվեն ՇՄԱԳ-ում:

Հայտի համաձայն՝ «Այգ-1» արևային էլեկտրակայանի համար հայցվող տարածքը գտնվում է Արագած լեռան հարավահայաց լանջին և զբաղեցնում է Թալինի սարավանդի մի մասը: «Այգ-1» կայանը նախատեսվում է կառուցել Արագածոտնի մարզի Թալին, Դաշտադեմ և Աշնակ բնակավայրերի շրջանում: Տարածքի եզրագծերի հեռավորությունն ուղիղ գծով նշված բնակավայրերի մոտակա տներից կկազմի՝ Աշնակ՝ 0,5կմ, Դաշտադեմ՝ 1,25 կմ, Թալին՝ 1,4 կմ: Կայանը կզբաղեցնի 560 հա հողատարածք: 

Հայտում նշված է, որ «Այգ-1» արևային էլեկտրակայանի համար հայցվող տարածքը տիպիկ լեռնային չոր տափաստանային գոտի է՝ բնորոշ բաց շագանակագույն հողերով, աչքի են ընկնում  հումուսի աննշան պարունակությամբ /2-3,5%/… Հողի բերրի շերտի հզորությունը զրոյից մի քանի սանտիմետր է: Նման հողերի համար հողի բերրի շերտի հանման նորմա չի սահմանվում:

Տեղադրվելու է մոտ 500 000 վահանակ: Թե ինչ է արվելու կայանի շահագործման արդյունքում առաջացած  էլեկտրոնային թափոնների հետ, հայտում նշված չէ:

Լսումների ժամանակ բնակիչները բարձրացրել են սոցիալական հարցեր: Նրանց տեղեկացրել են, որ «Մասդար» ընկերության կողմից Թալին և Դաշտադեմ համայնքների սոցիալական աջակցության ծրագրերի համար որպես նվիրատվություն տրամադրվել է 320 միլիոն դրամ: Իսկ Կաթնաղբյուր և Աշնակ գյուղերի համար նախատեսվում է օժանդակության փոքր ծրագրեր, (այդ թվում` տարբեր դասընթացներ), քանի որ այդ գյուղերի հողատարածքները չեն մտնում ծրագրի մեջ, այլ միայն անասունների համար հանդիսանում են արտովայրեր:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2021թ. հոկտեմբերի 28-ի 1777-Ն որոշմամբ «Այգ-1» ծրագրի շրջանակում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կանոնադրական կապիտալում ներդրեց 822,084,793 ՀՀ դրամ արժեքով ՀՀ սեփականություն հանդիսացող 377.4 հեկտար հողամաս:

ՀՀ կառավարությունը դեռ 2019թ-ի դեկտեմբերի 26-ի 1922-Լ որոշմամբ  դիտարկել էր ծրագրի իրականացման համար հողերը վերցնել նվիրաբերության տարբերակով։

Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ ընդամենը 377.4 հա հողամասը գնահատվել է 822 միլիոն դրամ, ապա որպես փոխհատուցում տրամադրված 320 միլիոն դրամ նվիրատվությունն անհամաչափ է:

200 Մվտ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը 174 միլիոն ԱՄՆ դոլար է, իսկ արտադրվող էներգիայի սակագինը` 0,0290 ԱՄՆ դոլար մեկ կիլովատ/ժամի համար: «Մասդար Արմենիա» համատեղ ըկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին:

Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025 թվականին:

Դեկտեմբեր 29, 2022 at 15:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր