Մեծ Մասրիկ համայնքի ակնկալիքները «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցումից

Մեծ Մասրիկ համայնքի ակնկալիքները «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցումից

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքը արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով դարձել է սահմանամերձ՝ օդային գծով 8 կմ է հեռու սահմանից: «Մասրիկ 1» Հայաստանի ամենամեծ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրն այս համայնքում սոցիալ-տնտեսական տեսանկյունից առավել քան կարևոր է: «Աշխարհագրական դիրքից շատ վտանգավոր է մեր համայնքը: Պատերազմի հետևանքով Մեծ Մասրիկի բնակչության մեծ մասը զրկվել է իր հիմնական եկամտից, ինչը գոյանում էր գյուղատնտեսությամբ զբաղվելու արդյունքում»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը:  

Նա նշեց, որ Մեծ Մասրիկում պատերազմի ընթացքում ԱԹՍ-ի հարվածից տուն է փլուզվել և զոհվել է երկու բնակիչ:

Լուսանկարը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանի

Համայնքապետը կարևորեց «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը, որը հնարավորություն է ստեղծում համայնքի առաջ ծառացած զբաղվածության և սոցիալական այլ խնդիրների լուծման համար: «Ընկերության հետ պայմանագիր ունենք, որ մեր համայնքից 180 հոգու կներգրավեն բանվորական աշխատանքներում: Շահագործման հանձնելուց հետո համայնքից 25-30 հոգի աշխատանքի կվերցնեն: Դա կապահովի նոր աշխատատեղ և զարգացում»,- նշեց համայնքապետը:  Ըստ նրա՝ համայնքը կայանը կառուցող «ԷՖ-ԱՐ-ՎԻ Մասրիկ» ընկերության հետ ունի պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է իր տարեկան եկամտի 5%-ի չափով գումար հատկացնել Մեծ Մասրիկին՝ անապահով ընտանիքներին օգնելու, ուսանողների ուսման վճարը փոխհատուցելու, գիշերային լուսավորության անկացման և համայնքի զարգացման ու սոցիալ-տնտեսական այլ խնդիրները լուծելու նպատակով: «Համավարակի ընթացքում 65 անապահով ընտանիքի սննդով են օգնել, ջրամատակարարման աշխատանքների համար էքսկավատոր են նվիրել»,- ընկերության իրականացրած աջակցության մասին նշեց Արմեն Ասատրյանը: 

Նա նշեց, որ Մեծ Մասրիկ համայնքն ընտրվել է «Մասրիկ 1» արևային կայանի կառուցման համար տարվա ամենից շատ արևային օրեր ունենալու պատճառով. 365 օրից 309-ն արևային են: «Մեր հին օդանավակայանում «ԷֆԱրՎի Մասրիկ» ընկերությունը սարք է դրել ու չափել: Դրա հիման վրա որոշել են, որ այստեղ հանրապետության ամենաարևոտ վայրն է», - ասաց Արմեն Ասատրյանը:  

Հիշեցնենք, որ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի ծրագիրը մտավ ակտիվ փուլ ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 18-ի 1016-Ա որոշմամբ: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը և Միջազգային Ֆինանասական Կորպորացիան համատեղ կտրամադրեն մինչև 35,4 միլիոն դոլարի չափով երկարաժամկետ վարկ: Կազմակերպությունների կողմից ծրագրի ֆինանսավորման համար փոփոխություններ են մտցվել կառավարության աջակցության համաձայնագրում: Այդ փոփոխությունները հիմնականում վերաբերում են մի շարք հասկացությունների սահմանմանը: Մասնավորապես՝ հստակեցվել է շրջակա միջավայրի վերաբերյալ հնարավոր խախտումների համար կառուցապատողի պատասխանատվությունը։

«Մասրիկ-1»-ի կառուցման համար մրցույթում հաղթող է ճանաչվել «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V.) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումը, որի հետ ՀՀ կառավարությունը 2018թ-ին կնքել է Ծրագրի կազմակերպման և իրականացման մասին Կառավարության աջակցության համաձայնագիր:

«Մասրիկ-1»-ի հզորությունը  55 ՄՎտ է: Կայանի տարածքը կազմելու է 128.3 հա: Կառուցվելու է 9.2 կմ երկարությամբ 110կՎ բարձրավոլտ օդային գիծ՝ «Մասրիկ 1» ենթակայանից մինչ «Կապուտակ» և «Ակունք» օդային հաղորդագծերի խարսխային հենարանները: ՀՀ կառավարության 2019 թ. մարտի 29-ի 326 – Լ որոշմամբ կայանի շինարարության նպատակով Մեծ Մասրիկ բնակավայրից օտարվեց 32,6591 հա հողատարածք։

«Մասրիկ-1» արևային կայանի կառուցման վերաբերյալ Մեծ Մասրիկում անցկացվել են հասարակական լսումներ: Սակայն ծրագրի ռիսկերը բավարար չափով չեն քննարկվել: Մասնավորապես, հարցը վերաբերում է կայանի շահագործման հետևանքով առաջացող թափոններին և կայանի համար համայնքից վերցված արոտավայրերին:

«Թափոնների հարցի վերաբերյալ  մեզ ասել են, որ 20 տարի անց մարտկոցներն են փոխվելու: Բայց, թե դրանց հետ ինչ է արվելու, մեզ հետ չեն քննարկել»,- ասաց Ասատրյանը: Ռիսկերի մասին տեղյակ չէին նաև համայնքի բնակիչները: ԷկոԼուրի հետ զրույցում նրանք ասացին, որ մի քանի անգամ մասնակցել են լսումների. «Մենք հարցրել ենք՝ արդյո՞ք վտանգ չի ներկայացնում կայանը: Պատասխանել են՝ ոչ: Բացի դա, նաև աշխատատեղերի հարցն ենք բարձրացրել, որ առաջին հերթին մեր համայնքի բնակիչներին աշխատանքի վերցնեն»,- նշեցին բնակիչները:

Արոտավայրերի խնդիրը Մեծ Մասրիկում առավել քան սուր է, քանի որ համայնքի վարչական սահմաններում գտնվող արոտավայրերը պիտանի չեն: Եղած անորակ արոտավայրերի մի մասն էլ՝ 130 հա-ը, վաճառվել է կայանի կառուցման համար: 

«Այդ արոտավայրերն աղի, չորրորդ կարգի հողեր էին, բուսածածկույթ էլ չկար: Ես ընկերությանը վաճառել եմ որպես արոտավայր, հետո Կառավարության որոշմամբ հողերի կատեգորիան դարձրել են էներգետիկ նշանակության: 97 հա արոտավայրի դիմաց ընկերությունը 82 միլիոն դրամ է տվել համայնքին: Այդ գումարով ասֆալտապատել ենք համայնքի փողոցները, ձեռք ենք բերել անհրաժեշտ գյուղտեխնիկա` երեք հացահատիկային կոմբայն, գերեզմանատունը բարեկարգել: Եվս 32 հա-ը վաճառել ենք ուղիղ վաճառքով 1 քառակուսի մետրը 195 դրամով»,- նշեց Արմեն Ասատրյանը:

Ըստ համայնքապետի, ներկայում կայանի կառուցման ծրագրի աշխատանքները ժամանակավորապես ընդհատվել են ձմռան պատճառով: Ընկերությունը վերջին շրջանում հիդրոանալիզներ է իրականացրել՝ պատրաստվելով փետրվարից մեկնարկել կայանի կառուցման աշխատանքները:

Հունվար 15, 2021 at 17:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր