Աշխատանքային խմբի ձևավորում Վերին Գետաշենում՝ համայնքի Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակմանն ընդառաջ

Աշխատանքային խմբի ձևավորում Վերին Գետաշենում՝ համայնքի Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակմանն ընդառաջ

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում տեղի բնակիչների հետ ակտիվ հանդիպումներ են ընթանում՝ համայնքի համար Սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն մշակելու նպատակով: Հանդիպումները կազմակերպում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն՝ «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում:
Վերին Գետաշենում հիդրոէներգետիկ կառույցի գործունեության հետևանքով տեղի բնակիչները պարբերաբար ոռոգման ջրի խնդրի առաջ են կանգնում, վտանգվում է Արգիճի գետի էկոհամակարգը: Հանդիպման ժամանակ գյուղացիները բարձրաձայնեցին Արգիճի գետի վրա կառուցված «Արգիճի» ՓՀԷԿ-ի գործունեության հետևանքով ի հայտ եկած բացասական խնդիրների մասին:
 
Հանդիպումներին մասնակցած բնակիչներին, ՏԻՄ-ի ներկայացուցիչներին և բնապահպաններին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի կողմից ներկայացվեցին «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի նպատակներն ու բնակիչների՝ Ծրագրի աշխատանքներում ներգրավվելու ձևաչափերը: Մասնակիցներին ներկայացվեց, որ  բնապահպանական բացասական ազդեցության տակ գտնվող համայնքներն, այդ թվում՝ Վերին Գետաշենը, սոցիալ-տնտեսական զարգացման սահմանափակ հնարավորություն ունեն, քանի որ Էկոլոգիական վիճակն ազդում է սոցիալական բարեկեցիկ կենսապայմանների ու տնտեսական գործունեության վրա: Խոսվեց իրենց համայնքում առկա ռեսուրսների գնահատման և հետագայում համայնքային սոցիալ-էկոլոգիական խնդիրների լուծման նպատակով այդ ռեսուրսներն օգտագործելու հեռանկարների մասին: Բնակիչներն էլ կարևորեցին համայնքի ներսում առկա ռեսուրսների օգտագործումը՝ շեշտելով համայնքի վրա բնապահպանական բացասական ազդեցության մեղմման անհրաժեշտությունը: Ներկաների կողմից համայնքի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված առաջարկարկներ արվեցին։ Առաջարկ հնչեց համայնքի զարգացման նպատակով ուսումնասիրել և տեղայնացնել մարզի՝ բացասական բնապահպանական ազդեցության տակ գտնվող այլ համայնքների փորձը:

Հանդիպումների արդյունքում համայնքի ակտիվ բնակիչների և ՏԻՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվեց Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման աշխատանքային խումբ։
 
«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Օգոստոս 23, 2021 at 17:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր