Դավիթաշեն՝ արևային վահանակների արտադրած էներգիան բնակելի շենքերում օգտագործելու դրական օրինակը

Դավիթաշեն՝ արևային վահանակների արտադրած էներգիան բնակելի շենքերում օգտագործելու դրական օրինակը

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի ութ շենքերի տանիքներին տեղադրված արևային համակարգերն արդեն գործում են՝ թույլ տալով բնակիչներին խնայել շենքում ծախսվող էլեկտրաէներգիայի գումարը:

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից՝ «ԵՄ-ն` Երևանի համար. արևային համայնք» ծրագրով մայրաքաղքում շենքերի վերելակները, բակերում նոր անցկացված արտաքին լուսավորության համակարգերը, ինչպես նաև բոլոր հարկերում տեղադրված սենսորային լուսատուները սնվում են արևային ֆոտովոլտային կայաններից: Նախատեսվում է, ոչ կանաչ՝ մաքուր, էներգիան կմտնի մայրաքաղաքի 90 շենք:

«Առաջին փուլով ընտրված 42 շենքից 32-ում արդեն իսկ տեղադրված են համակարգերը, իսկ 8-ում միացված և աշխատում են: Մնացած 10 շենքում իրականացվում են շինարարական աշխատանքներ»,- նշեց քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը:

Ծրագրի բյուջեն 1 միլիոն 250 հազար եվրո է, որից 1 միլիոնը Եվրամիությունը տրամադրում է որպես դրամաշնորհ: Բնակիչներին համակարգը տրամադրվում է անվճար: Բացի այդ, ծրագրի իրականացման շնորհիվ 50 տոկոսով նվազելու է վերելակի էլեկտրաէներգիայի համար վճավող գումարը:

«Շենքերից յուրաքանչյուրի համար ստեղծվել են նպատակային բանկային հաշիվներ, որոնցում կուտակվելու են բնակիչներից գանձված գումարները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վաճառված էլեկտրաէներգիայից գոյացած եկամուտը: Նշեմ, որ կուտակված գումարը կուղղվի նվիրաբերված համակարգերի սպասարկմանը և բնակիչների որոշմամբ շենքերում էներգախնայողության միջոցառումների իրականացմանը», - ասաց քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերի բաժնի պետ Նարինե Աբելյանը:

Շենքերն ընտրվել են վարչական բոլոր շրջաններից, բացառությամբ Նորք Մարաշի, որտեղ բազմաբնակարան բնակելի հին շենքեր պարզապես չկան: Ընտրությունն անելիս, տեխնիկական չափորոշիչներից զատ, հաշվի է առնվել նաև սոցիալական բաղադրիչը:

«Ծրագրում ընդգրկված շենքերի անապահով ընտանիքներին կտրվեն էներգախնայող լուսատուներ (1750 հատ), որպեսզի նրանք էլ նվազեցնեն իրենց բնակարանի էլեկտրաէներգիայի ծախսը: Ծրագրի իրականացման շնորհիվ բազմաբնակարան շենքերի շուրջ 25 920 բնակիչ կապրի ավելի հարմարավետ պայմաններում և կունենա էլեկտրաէներգիայի ավելի փոքր վճար»,- ընդգծեց Սերգեյ Ներսեսյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ արևային կայանները շահագործման հանձնելուց հետո նվիրաբերվում են բնակիչներին: Ծրագրի շնորհիվ ընդհանուր օգտագործման տարածքներում բնակիչները կունենան անխափան էլեկտրամատակարարում:

Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում, իրականացվող ծրագիրն իր տեսակով առաջինն է քաղաքում, որը հետագայում կարող է օրինակ դառնալ:

Օգոստոս 06, 2021 at 14:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր