Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրում կկառուցվի 5 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան

Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրում կկառուցվի 5 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան

«Գրին Էներջի» ՍՊԸ-ի արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լրամշակված հաշվետվությունը։ Կայանի կառուցման 4-րդ հանրային լսումները անցկացվել են հուլիսի 9-ին: Համայնքը դրական կարծիք ունի կայանի կառուցման հարցում:

 5 ՄՎտ հորությամբ արևային կայանը կառուցվելու է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Շողակաթ բնակավայրի վարչական տարածքում՝ 9․68364 հա հողատարածքի վրա: Ընկերությունը գնել է այդ հողատարածքը համայնքից: Հողի նպատակային նշանակությունը էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների է, գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի։  

Նախատեսվող արևային ֆոտովոլտային կայանը կազմված է լինելու 5876 հատ 525Վտ հզորությամբ և 5824 հատ 520Վտ հզորությամբ միաբյուրեղային, երկերեսանի ֆոտովոլտային վահանակներից։  Կայանի համար կառուցվելու է  30 մ երկարությամբ բարձրավոլտ օդային գիծ: Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ կայանի տարեկան արտադրողականությունը հաշվարկված է 8,50 մլն կվտժ, ներդրումների չափը՝ 1260,0 մլն. դրամ: Ներդրման արժեքի մեջ մտնում են կայանի կառուցման շինարարական և շահագործման և փակման փուլերում կատարվող, ինչպես նաև շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր բացասական ազդեցությունների մեղմանն ուղղված բոլոր ծախսերը։

Արևային վահանակներից առաջացող թափոնների վնասազերծման խնդրի համար նախանշվել են լուծումների մի շարք տարբերակներ ընդհանուր  3,5 մլն ամերիկյան դոլլար արժեքով.

-  հնարավորության դեպքում վերանորոգել և կրկնակի օգտագործել վթարված մասերը

 - ֆոտոէլեմենտներ պարունակող պանելները չթաղել կամ չհավաքել աղբավայրերում, բաց վիճակում

 - վաճառել թափոնների հավաքմամբ զբաղվող այլ կազմակերպությունների՝ ներառյալ արտասահմանյան զարգացած երկրների, որոնք ունեն նման ժամկետանց արևային թափոնների վերամշակման տեխնոլոգիաներ

 - ֆոտոէլեմենտներ պարունակող թափոնները հանձնել էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներ հավաքող կետերին կամ կազմակերպություններին/նաև արտասահմանյան/՝ կազմակերպված թափոնների հավաքագրման նպատակով

 - թափոնները հանձնել այն երկրների կազմակերպություններին, որոնք զբաղված են արևային պանելների արտադրությամբ և որոնցից ձեռք են բերվել ֆոտոէլեկտրոնային արևային պանելները։

Վտանգավոր նյութերը և մետաղական թափոնները կփոխանցվեն համապատասխան լիցենզավորված կազմակերպություններին` դրանց հետագա վերամշակման և օգտագործման համար։ Առաջանալու են շինարարական թափոնները՝ մոտ 409կգ`բետոնյա մնացորդներ և այլն, որոնք պետք է տեղափոխվեն և տեղադրվեն համայնքի կողմից հատկացված վայրում, քանի որ տարածաշրջանում չկան կազմակերպված սանիտարական աղբավայրեր: Շինարարության ժամանակ առաջացած աղտոտված լաթերը, պարկերը հանձնվելու են թափոնների ջերմային վնասազերծում կատարող կազմակերպություններին կամ կենցաղային աղբի հետ 1/10 հարաբերակցությամբ խառնվելու են և տեղափոխվելու են աղբավայր:

Աշխատողների համար խմելու ջուրը բերվելու է շշերով, կենցաղային և սանիտարական կարիքները հոգալու են հարակից տարածքում գոյություն ունեցող սանիտարական հանգույցից (սեպտիկ հոր): Ընկերության կողմից գործունեության վայրում հնարավորինս կպահպանվեն  խոտածածկ հատվածները, կկատարվեն բազմամյա խոտաբույսերով ծածկում (ցանքս), հողի խոնավացման նպատակով կկատարվեն ջրցանման աշխատանքներ:  Աշխատանքների կատարման ժամանակ հանվելու է հողաբուսաշերտ, որը պահվելու է և  հետագայում այն օգտագործվելու է տարածքի բարեկարգման համար։ Հնարավոր յուղերի արտահոսքերը հողային ռեսուրսներ կանխելու նպատակով, նախատեսվում է դրանց հավաքում համապատասխան տարաների մեջ, որը հանձնվելու է համապատասխան վերամշակող կազմակերպություններին։

Ըստ ներկայացված հաշվետվության՝ կայանի շահագործման փուլում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները կապված են լինելու կայանի անվտանգ շահագործման, ջրային ռեսուրսների օգտագործման, հողային ռեսուրսների հնարավոր էրոզիայի և աղտոտման, ինչպես նաև թափոնների առաջացման հետ։ Նախատեսվում է  շրջակա միջավայրի բաղադրիչների մշտական մոնիթորինգի իրականացում՝ ըստ ներկայացված մոնիտորինգի պլան-ժամնակացույցի։ Որպես սոցիալական աջակցություն համայնքի բնակչությանը տրվելու է աշխատանք տրամադրելու առաջնահերթություն: Շահագործման փուլում ընդգրկվելու են 6 մարդ, երկու պահակ երկու հերթափոխով, 2 մոնիտորինգի մասնագետ։

Նշենք, որ «Գրին Էներջի» ՍՊԸ-ն  1ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման լիցենզիա ունի նաև  Արմավիրի մարզի Շենիկ համայնքում։

Հուլիս 15, 2021 at 15:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր