Հրաչ Բերբերյան՝ Շիրակի մարզում երաշտ է, և մեղավոր են ՀԷԿ-երը

Հրաչ Բերբերյան՝ Շիրակի մարզում երաշտ է, և մեղավոր են ՀԷԿ-երը

Շիրակի մարզում երաշտ է, և մեղավոր են ՀԷԿ-երը: Ահազանգը տարածել է «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ներկայացնելով հողագործների շահերը, ովքեր որպես բողոքի նշան փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը: News.am-ին տված հարցազրույցում Հրաչ Բերբերյանը մեղադրեց ՀՀ կառավարությանը, որ ջրամբարներում ջուր չկա:

«Եթե մենք այս տարի ձյան հաստ շերտ ունեինք և գարնանը հորդառատ անձրևներ, ապա ինչո՞ւ է այժմ մեր ջրամբարներում սակավաջրություն։ Մեր ունեցած տեղեկություններով, որքան գյուղացիներն են մեզ տեղյակ պահել, այդտեղ մի քանի ՀԷԿ-եր կան, որոնք նստած են ջրամաբարների վրա և տարին 12 ամիս այդ ջուրը հոսում է դեպի Ախուրյանի ջրամբար։ Ախուրյանի ջրամբարի 50-60 %-ը գնում է դեպի Թուրքիա։ Այսինքն, մենք ոչ միայն խանգարում ենք մեր գյուղացուն, այլ նաև օգնում ենք Թուրքիային»,- ասաց նա։ 

«Մեղավորը կառավարությունն է, որ այսօր մեր ջրամբարներում ջուր չկա։ Վաճառել են մեր ջուրը, պարզ ասում եմ, վաճառել են ՀԷԿ-երին։ Այդ ՀԷԿ-երը տարին 12 ամիս ջուրը տանում են, նորմատիվներն են խախտվել»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Իր հերթին Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը հայտարարություն էր տարածել, որ փոքր ՀԷԿ-երի հասցեին մեղադրանքներն անհիմն են: Կոնկրետ իրեն պատկանող «Գյումրի» փոքր ՀԷԿ-ը մայիսի 15-ից չի աշխատում: «Նախ՝ ՀԷԿ-ը մայիսի 15-ից մինչև հիմա կանգնած է, չի աշխատում, երկրորդն էլ՝ էդպես հնարավոր չէ, որ ջուրը տան ՀԷԿ-ին, և իրենք ջուր չունենան։ Ինչ-որ ուղղորդում է եղել երևի գյուղացիներին, ֆերմերներին»,- ասել է Նաիրա Նահապետյանը։

Նշենք, որ Բերբերյանն անդրադառնում է փոքր ՀԷԿ-երի կարիքների համար ջրամբարներից ոչ միայն ոռոգման սեզոնին ջրառի խնդրին, այլ նաև՝ ջրի կուտակման սեզոնի ընթացքում: Այսինքն, երբ ջրամբարները պետք է ջուր կուտակեն երաշտի շրջանում օգտագործման համար, ջուրն օգտագործվում է էներգետիկ նպատակներով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ 2021թ-ի ապրիլի 1-ի դրությամբ Շիրակի մարզում Ախուրյանի ջրամբարի ջուրն օգտագործող Շիրակի ջրանցքի վրա շահագործվում է «Գյումրի» փոքր ՀԷԿ-ը: Այս փոքր ՀԷԿ-ի կառուցման և շահագործման լիցենզիան 1999թ-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված է «Ակադեմիկոս Ա.Լ. Մնջոյանի անվան Գյումրի ՀԷԿ» ՍՊԸ-ին 30 տարի ժամկետով՝ մինչև 2029թ-ը: Փոքր ՀԷԿ-ի հզորությունը 5280 Կվտ է, էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը՝ 14,2 միլիոն կՎտ/ժամ: Ջրառի հաշվարկային ելքը կազմում է 6.4 խմ/վրկ:

Եվս մեկ՝ «Մայիսյան» փոքր ՀԷԿ-ը, կառուցված է խմելու ջրատարի վրա: Այս փոքր ՀԷԿ-ի կառուցման և շահագործման լիցենզիան տրամադրված է «Էներգոտեխնիկա» ՍՊԸ-ին 2001թ-ին 30 տարի ժամկետով՝ մինչև 2031թ-ը: Փոքր ՀԷԿ-ի հզորությունը 320 կՎտ է, էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը՝ 0.7 միլիոն կՎտ/ժամ: Ջրառի հաշվարկային ելքը կազմում է 0.5 խմ/վրկ:

Բացի այդ, Շիրակի մարզում շահագործվում է ևս 5 փոքր ՀԷԿ, որոնք կառուցված են գետերի վրա և ջրառն իրականացնում են գետերից, այլ ոչ ջրամբարներից:

Հուլիս 06, 2021 at 16:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր