Հայաստանում ջերմոցային գազերի արտանետման դինամիկան տնտեսության տարբեր ոլորտներում

Հայաստանում ջերմոցային գազերի արտանետման դինամիկան  տնտեսության տարբեր ոլորտներում

Հայաստանում ջերմոցային գազերն (ՋԳ) ամենից շատ արտանետվում են էնեգետիկայի ոլորտից: Այս մասին են վկայում Ջերմոցային գազերի ազգային կադաստրի տվյալները: ՀՀ ջերմոցային գազերի ազգային կադաստրի՝ 1990-2017թթ. տվյալները ներկայացրեց ՄԱԶԾ էներգետիկայի և էներգաարդյունավետության  գծով ավագ փորձագետ Տիգրան Սեկոյանը փետրվարի 26-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Հայաստանում էներգետիկայի զարգացումը Փարիզյան համաձայնագրի ներքո» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ: 

Նա նշեց, որ Հայաստանի արտանետած  ջերմոցային գազերը կազմում են աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների 0.02%-ը: 2017թ. Հայաստանի ՋԳ տարեկան արտանետումները կազմել են 10,624 Գգ CO2 համ.: «2017թ. ջերմոցային գազերի արտանետումները 3%-ով (313 Գգ CO2 համ.) բարձր են եղել 2016թ. արտանետումներից, մոտ 59%-ով (15,231 Գգ CO2 համ.) ցածր՝ 1990թ. արտանետումներից, իսկ 2000թ. համեմատությամբ աճել են մոտ 69%-ով»,- ասաց Տիգրան Սեկոյանը: 

2017թ-ի ՋԳ արտանետումների ամենամեծ մասնաբաժինը՝ 66.7%-ը, եղել է «Էներգետիկա» սեկտորից: Մնացած արտանետումները եղել են «Արդյունաբերական պրոցեսներ և արտադրանքի օգտագործում» սեկտորից՝ 8.9%, «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում» սեկտորից՝  18.5%,  «Թափոններ» սեկտորից՝ 5.8%:

ՋԳ կադաստրի հիմնական արդյունքները

Անդրադառնալով «Էներգետիկա» սեկտորին՝ բանախոսը նշեց, որ 1990թ-ից սկսած այս սեկտորում արտանետումների նվազեցում է դիտվում: «Էներգետիկա» սեկտորից  ՋԳ արտանետումները 2017թ. կազմել են 7,087.4 Գգ CO2 համ., որը 1990թ-ի արտանետումների ընդամենը 31.2%-ն է, աճը 2016թ. նկատմամբ կազմել է 7%։ 

Ջերմոցային գազերի արտանետումների միտումները

«Էներգետիկա» սեկտորի 2017 թ. արտանետումների 77%-ը վառելիքի այրման գործունեության հետևանքով է առաջացել, 23%-ը բնական գազի փախուստային արտանետումներն են: Իր հերթին «Էներգետիկա» սեկտորի 2017 թ. արտանետումների մեջ ճանապարհային տրանսպորտի ՋԳ արտանետումները կազմել են 25%, էներգիայի արտադրությունը՝ 18%, բնակարանայինը՝ նույնպես 18%: Առևտրային և ինստիտուցիոնալ ու Արդյունաբերություն և շինարարություն ենթակատեգորիաների արտանետումները համապատասխանորեն կազմել են 8% և 7%, իսկ գյուղատնտեսական սեկտորի արտաճանապարհային տրանսպորտային միջոցներից և այլ մեքենաներից՝ 1%:  

«Էներգետիկա»  սեկտորում ՋԳ արտանետումները CO2 համ., 2017թ.

Անդրադառնալով բնական գազի արտանետումներին՝ բանախոսն ասաց. «Բնական գազը երկրում սպառվող հիմնական վառելիքն է: 2017թ. դրությամբ առաջնային էներգիայի մոտ 61%-ը, հանածո վառելիքի սպառման 85%-ը (ներառյալ ավիավառելիքը)  և հանածո վառելիքի այրումից առաջացող CO2 արտանետումների ավելի քան 83%-ը (առանց միջազգային բունկերի), բաժին է ընկել բնական գազին»: Բնական գազի փախուստային արտանետումները 2017թ. կազմել են 77.47 Գգ CH4

Բնական գազի փախուստային արտանետումներ (CH4)

Տիգրան Սեկոյանը ներկայացրեց նաև էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության  ոլորտում 1990թ-ից սկսած արտանետումների դինամիկան: Այս ոլորտում արտանետումների ցուցանիշը բարձր է եղել 1990թ., այնուհետև կտրուկ նվազել է 1995թ., որից հետո աստիճանական աճ է արձանագրվում: «Այս ենթակատեգորիայում ներառված է և՛ էլեկտրական էներգիայի, և՛ ջերմային էներգիայի արտադրության ժամանակ առաջացող արտանետումները: 1990 թվականին կենտրոնացված ջերմամատակարարում կար, իսկ արտանետումները գրանցվում են այն աղբյուրում, որտեղ կատարվել է վառելիքի այրումը: Հիմա, ջեռուցման նպատակով վառելիքի այրումը տեղափոխվել է բնակարաններ, այդ պատճառով էլ բնակարանային ենթակատեգորիայում արձանագրվում է ՋԳ արտանետումների աճ»,- նշեց Տիգրան Սեկոյանը

Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրություն ենթակատեգորիայում ՋԳ արտանետումների ժամանակային շարքը  (Գգ CO2) 1990-2017թթ. համար

Լայնածավալ գազաֆիկացման արդյունքում ներկայումս Հայաստանում բնական գազ օգտագործում է 634 բնակավայր: Գազաֆիկացման 96% ցուցանիշով Հայաստանն առաջատարներից է աշխարհում:

««Արդյունաբերություն և շինարարություն» կատեգորիայում 2017թ ամենից շատ արտանետումներ կատարվել են Ոչ մետաղական հանքային արտադրանքի և Սննդի, խմիչքի ու ծխախոտի արտադրության ոլորտներում: Այս կատեգորիայում նույնպես 1990թ. հետո դիտվել է ՋԳ արտանետումների կտրուկ անկում, հետո տատանումներով աճ և կրկին նվազում»,- ասաց նա

Արտանետումները (CO2 համ) Արդյունաբերություն և Շինարարություն ենթակատեգորիայում 2017թ

Արդյունաբերություն և շինարարություն ենթակատեգորիայում ՋԳ արտանետումների ժամանակային շարքը 1990-2017թթ. համար  

Ըստ փորձագետի՝ Հայաստանը ներկայումս բնապահպանական տեսանկյունից ավելի մաքուր վառելիք է օգտագործում, որովհետև հանածո վառելիքների մեջ բնական գազի արտանետման գործակիցն ամենափոքրն է:

2017թ. «Տրանսպորտ» կատեգորիայում ՋԳ արտանետումների գերակշիռ մասը տեղի է ունեցել «Ճանապարհային տրանսպորտ» ենթակատեգորիայում՝ 1,758.1 Գգ CO2 համ.-ի չափով: «1990-2017թթ. ժամանակային շարքում՝ կրկին սկզբում անկում ունենք, այնուհետ աստիճանական աճ, որը, նաև, պայմանավորված է բնակչության կենսամակարդակի բարելավմամբ»,- նշեց Տիգրան Սեկոյանը

Արտանետումների հաշվարկների արդյունքները Տրանսպորտ կատեգորիայում, Գգ, 2017թ․

ՀՀ-ում ճանապարհային տրանսպորտում վառելիքի սպառման կառուցվածքը բավականին յուրահատուկ է՝ գազաֆիկացումը մեծ  ազդեցություն է թողել նաև տրանսպորտի ոլորտի վրա, որտեղ ՍԲԳ-ի (սեղմված բնական գազ) սպառումը 2017թ. կազմել է տրանսպորտում սպառված վառելիքի շուրջ 62%-ը (ներկայումս հանրապետության տարածքում գործում է  379 ավտոգազալցավորման ճնշակային կայան՝ ԱԳԼՃԿ):

Ներկայացվեցին ՋԳ արտանետումների միտումներն ըստ սեկտորների և «Էներգետիկա»  սեկտորի ՋԳ արտանետումների ժամանակային շարքերն ըստ ենթակատեգորիաների (Գգ CO2համ) 1990-2017թթ. համար։

Մարտ 11, 2021 at 13:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր