Սյունիքի ջրային պաշարների «առյուծի բաժինը» մասնավորինն է և էներգետիկ նպատակներով է օգտագործվում

Սյունիքի ջրային պաշարների «առյուծի բաժինը» մասնավորինն է և էներգետիկ նպատակներով է օգտագործվում

Գորիս և Սիսիան համայնքների բնակիչները ոռոգման սեզոնին ջրի պակասուրդի խնդրի առաջ են կանգնում:  Սյունիքի մարզի գյուղատնտեսական նշանակության 43,9 հազար հա տարածքից գյուղատնտեսական արտադրության կազմակերպման համար օգտագործվել է ընդամենը 45%-ը՝ 19,9 հազար հա-ը (ըստ 2019թ. տվյալների): Պատճառը՝ ոռոգման ցանցի ընդհանուր մաշվածությունն ու այլ ջրօգտագործողների՝ Որոտանի հիդրոհամալիրի և ՓՀԷԿ-երի կողմից ջրառի սահմանափակումները չպահպանելը։  

Որոտանի հիդրոհամալիրը շահագործող «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն իր աշխատանքի համար օգտագործում է մարզի  խոշոր ու ռազմավարական նշանակության ջրային պաշարները՝ Որոտան գետի ջրի ծավալի մոտ 85%-ն ու թվով 6՝ Սպանդարյանի, Շամբի, Տաթևի, Տոլորսի, Անգեղակոթի ջրամբարները և «Տաթև» ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրամբարը: Այս ջրաղբյուրներից ու Քարահունջի ջրամբարից սնվող ջրանցքներով, գետերի և նրանց վտակների ջրերով գյուղատնտեսական նպատակներով օգտվում են նաև տեղի բնակիչները: Ի հայտ է գալիս շահերի բախում տեղի բնակիչների և հիդրոէներգիկ նպատակով մարզի ջրային ռեսուրսներն օգտագործող ընկերությունների միջև: Եվ այս կոնֆլիկտում հիդրոէներգետիկ ընկերություններն «առյուծի բաժինն» ունեն. վերը թվարկված ջրամբարներից էներգետիկ նպատակներով ջրառի ծավալները մոտ 63 անգամ գերազանցում են ոռոգման նպատակով տրված ջրառի ծավալներին։ 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն 2021թ. սեպտեմբերի 24-ին նամակով դիմել էր ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններին և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ պարզելու Սյունիքի մարզի ջրային ռեսուրսների օգտագործման և կառավարման, հիդրոէներգետիկ և ոռոգման նպատակներով ջրօգտագործման ծավալների վերաբերյալ հարցերը: 

Պարզվել է, որ «Հիդրոօդերևութաբանության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Սպանդարյանի, Տաթևի, Տոլորսի, Շամբի, Անգեղակոթի ջրամբարների ջրալցվածոթյան վերաբերյալ տվյալները չի հրապարակում, քանի որ վերոհիշյալ ջրամբարներում հիդրոլոգիական ռեժիմի դիտարկումներ չի իրականացնում (Շրջակա միջավայրի նախարարության 30․09․21թ․  N 8/07/.2/12233 գրություն): Նշված ջրամբարներից էներգետիկ նպատակներով ջրառի իրավունք է տրամադրվել «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ին, որը մինչև 2040թ. տիրապետում է տարեկան 1385205,7 հազ․մ3  ծավալով ՋԹ-ի: Ոռոգման նպատակով «Սյունիք» ՋՕԸ-ին տրվել է տարեկան 22014,937 հազ․մ3 ծավալով ՋԹ։

«Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի ջրօգտագործման թույլտվություններն են՝

  1. ՋԹ 0281 (02․08․2021թ«Տաթև» ՀԷԿ-ի շահագործման համար Շամբ ջրամբարից (Որոտան գետ) տրված է 584603,7 հազ․ մ3 տարեկան (18538լ/վրկ) ջրառ,
  2. ՋԹ 0282 (02․08․2021թ«Շամբ» ՀԷԿ-ի շահագործման համար՝ Տոլորսի ջրամբարից (Որոտան և Սիսիան գետեր) 502402 հազ․ մ3 տարեկան (15931լ/վրկ) ջրառ։
  3. ՋԹ 0283 (02․08․2021թ«Սպանդարյան» ՀԷԿ-ի շահագործման համար՝ Սպանդարյանի ջրամբարից  (Որոտան գետ) 298200 հազ․ մ3 տարեկան (9456լ/վրկ) ջրառ։

«Սյունիք»  ՋՕԸ-ի ջրօգտագործման թույլտվություններն են՝

  1. ՋԹ 000235 (14․10․2018թ․),Շենուհայր համայնքի վարելահողերի ոռոգման նպատակով,  Տաթև ՀԷԿ-ի թունելախորշից  տարեկան  203 հազ․մ(16 լ/վրկ) ջրառ;
  2. ՋԹ 000237 (14․10․2018թ․),Խոտ գյուղի վարելահոսերի ոռոգման նպատակով, «Տաթև» ՀԷԿ-ի Օրվա կարգավորիչ ջրամբարից՝ 5090հազ․մ(327 լ/վրկ)  ջրառ։
  3. ՋԹ 0195 (24․10․2021թ․),Բռնակոթ գյուղի վարելահոսերի ոռոգման նպատակով, Անգեղակոթ-Աշոտավան թունելից՝ 297 հազ․մ(76,4 լ/վրկ) ջրառ։
  4. ՋԹ 0196 (24․15․2021թ․),Ծղուկ /7 հա/,Շաքի /594 հա/,Անգեղակոթ /688 հա/, Իշխանասար /33 հա/,Սպանդարյան /262 հա/,Սառնակունք /457 հա/ տարածքների ոռոգման նպատակով,  Սպանդարյանի ջրանցքով՝ Մուխութուրյան գետից 6211,35 հազ․ մ3(600 լ/վրկ)  և Ջրալրում-Սպանդարյան ջրանցքին՝ Դալի Չայ գետից  2317,5 հազ․ մ3 (244 լ/վրկ) ջրառ։
  5. ՋԹ 0198 (24․05․2021թ․), Որոտան գյուղի 56 հա,  Դարբաս գյուղի 2291 հա  Գետաթաղ գյուղի  35 հա,  տարածքի ոռոգման համար՝ Տոլորսի ջրամբարից «Շամբ» ՀԷԿ-ին տրվող թունելից՝ 138,687 հազ․ մ3 (17,4 լ/վրկ) ջրառ։
  6. ՋԹ 0201 (24․05․2021թ․),Տոլորս համայնքի ոռոգման համար,  Այրի գետ,  Տոլորսի ջրագծի գլխամաս՝ 250,3 հազ․ մ3 (19 լ/վրկ) ջրառ։
  7. ՋԹ 0205 (24․05․2021թ․),Ույծ /83 հա/ և Սիսիան /10հա/ համայնքների ոռոգման նպատակով, Տոլորսի ջրամբար Տնկարանի ջրանցք՝  665 հազ․ մ3 (51 լ/վրկ)ջրառ։   
  8. ՋԹ 0208 (24․05․2021թ․),Ախլաթյան /432 հա/,Տորունիք /28 հա/ և Տոլորս /364 հա/ վարելահողերի ոռոգման նպատակով, Այրի Ախլաթյան-Տոլորս-Տորունիկ ջրագիծից՝ 5891,6 հազ․ մ3 (455 լ/վրկ) ջրառ։  

Նշենք, որ Ըստ հարավային ջրավազանային տարածքի 2016-2021թթ. կառավարման պլանի, նախատեսվում է մինչև 2040 թվականը հիդրոէներգետիկ նպատակներով օգտագործվող ջրի կրճատման հաշվին բարձրացնել ոռոգման նպատակով օգտագործվող ջրի մասնաբաժինը։ Այդ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով նշվում է այդ նպատակին հասնելու համար պահանջվող մի շարք միջոցառուների իրականացում։ Մասնավորապես՝

  1. ՓՀԷԿ-երի ՋԹ-ներով սահմանված ջրօգտագործման պայմանների վերանայում՝ ներառյալ ջրառի ծավալը և ռեժիմը, համապատասխանեցում բնապահպանական պահանջներին,
  2. Ջրօգտագործման թույլտվությունների պայմանների իրականացման հսկողության և վերահսկողության մեխանիզմների հզորացում՝ ներառյալ ջրասակավ սեզոններին ջրօգտագործողների միջև ջրի բաշխման մեխանիզմների սահմանումը և ջրօգտագործման օպտիմալացումը,
  3. Ինքնամոնիթորինգի իրականացման մեխանիզմների մշակում, ընդունում և կիրարկում՝ ջրօգտագործողների հաշվետվողականության բարելավման և ջրօգտագործման, ջրահեռացման և ջրային ռեսուրսների աղտոտման փաստացի տվյալների համալրման նպատակով,
  4. Կլիմայի փոփոխության հարմարվողականության ներառում մարզային զարգացման ծրագրերում,
  5. «ՓՀԷԿ-ների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները՝ հատուկ պահպանվող տարածքները, անտառային տարածքները, սողանքային գոտիները, ջրաբանական խոցելի տարածքները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունում։

Այս միջոցառումներից, սակայն,  մինչև հիմա  միայն  ՀՀ Ջրային օրենսգրքում են որոշակի փոփոխություններ կատարվել, իսկ  2021թ.  ապրիլի 8-ին  ընդունվել է  ՀՀ կառավարության «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշումը, որով սահմանվող գետերի ցանկում ներառվել են Որոտան գետը և Որոտանի վտակ Դալին:

Այս փոփոխությունները, սակայն, նախանշված միջոցառումների շատ չնչին մասն են և հեռու են լուծելու մարզում կուտակված մի շարք խնդիրները՝ չեն կանխում ջրային ռեսուրսների շարունակական հյուծումը, չեն պահպանում հիդրոէներգետիկ և ոռոգման նպատակներով ոռոգման սեզոնին օգտագործվող ջրային ռեսուրսների ծավալների համամասնությունն ու հիդրոէլեկտրայանների կողմից ջրային ռեսուրսի բնապահպանական թողքը, չեն կիրարկում ջրասակավ սեզոններին ջրօգտագործողների միջև ջրի բաշխման մեխանիզմները, հսկողության և վերահսկողության մեխանիզմների կիրառումն արդյունավետ չէ, հիդրոէլեկտրակայանների կողմից ջրառի և բնապահպանական թողքի նկատմամբ  ինքնամոնիթորինգ չի իրականացվում,  ջրօգտագործողների՝ շահառուների, հատկապես ազդակիր բնակչության  նկատմամբ հաշվետվողականության ապահովում չկա, ջրային հոսքերի նվազման և ջրերի որակի փոփոխության հետևանքով ծագող կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված բավարար գործողությունները չեն ապահովվում։  

Հոկտեմբեր 18, 2021 at 10:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր