Վերականգնվող էներգետիկայի խնդիրների քննարկում՝ Գեղարքունիքի մարզի ազդակիր համայնքներում

Վերականգնվող էներգետիկայի խնդիրների քննարկում՝ Գեղարքունիքի մարզի ազդակիր համայնքներում

Գեղարքունիքի մարզը դառնում է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման կենտրոններից մեկը։ Վարդենիս խոշորացված համայնքում ամենամեծ բեռը բաժին է ընկնում 55 ՄՎտ նախագծային հզորությամբ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանին, որը կառուցվելու է Մեծ Մասրիկ գյուղում և զբաղեցնելու է 128 հա տարածք։ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է կառուցել միջին հզորության ևս 12 արևային կայան՝ չհաշված ինքնավար արևային գեներատորները՝ մինչև 500 կՎտ հզորությամբ։ Զարգացած է նաև հիդրոէներգետիկան:

Վերականգնվող էներգետիկան Վարդենիս համայնքում

Վարդենիս համայնքի տարածքում շահագործվում են հետևյալ փոքր ՀԷԿ-երը՝ «Դարանակ» («ՀԷԿ շին» ՓԲԸ), «Ծովակ» («Արմարսոն-Էներջի» ՍՊԸ), «Այրք ՀԷԿ-1», «Այրք ՀԷԿ-2» («Լուսակունք» ՍՊԸ): Այս ՓՀԷԿ-երից ոչ մեկը չի համապատասխանում չափանիշներին, քանի որ խախտվում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, որն արգելում է լճի էկոհամակարգի վրա իրականացվող ցանկացած գործունեություն։ Մասնավորապես, խաթարված է հազվագյուտ, անհետացող և էնդեմիկ ձկնատեսակների բնական վերարտադրությունը Սևանա լճում, որոնց բազմացման վայրերը լիճ թափվող գետերն են: Կնքված պայմանագրերով և տրված լիցենզիաներով սոցիալական և կորպորատիվ պատասխանատվություն չեն կրում։ Նրանք չեն պահպանում սեզոնային ջրառի ռեժիմները։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում արևային էներգիայի զարգացման ոլորտի համար արևային կայանների կառուցման լիցենզիաներ է տրամադրել հետևյալ ընկերություններին:

1.  «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ, լիցենզիայի համարը՝ 623, կառուցման ժամանակահատվածը՝ 25.10.2018- 01.07.2022, , Էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակահատված /ավարտ՝ 16.10.2040, կայանի անվանումը՝ «Մասրիկ-1»․, հզորությունը՝ 55 000,0 կվտ, տարեկան արտադրանքը՝ 147,45 մլն․ կվտ/ժամ, ներդրումների ծավալը՝ 27 345,5 մլն․ դրամ, Գեղարքունիք՝ Մեծ Մասրիկ, Վարդենիս:

2.  «ՄՈԴՈՒԼ-ՍԱՆ» ՍՊԸ, լիցենզիայի համարը՝ 635, կառուցման ժամանակահատվածը՝ 24.01.2019 -15.01.2022, Էլկտրաէներգիայի արտադրության ժամանակահատված /ավարտ՝ 15.11.2040/, կայանի անվանումը՝ «Մասրիկ», հզորությունը՝ 3 000,0 կվտ, տարեկան արտադրանքը՝ 5,52մլն կվտ/ժամ, ներդրումների ծավալը՝ 1 071,0 մլն դրամ, Գեղարքունիք, Մեծ Մասրիկ, Վարդենիս:

Մարտունի համայնք

Մարզին բնորոշ գործազրկության, աշխատանքային միգրացիայի, բավարար վարելահողերի բացակայության և կլիմայական ծանր պայմանների խնդիրներին զուգահեռ առկա են ջրի բաշխման հետ կապված կոնֆլիկտներ։ Մարտունի խոշորացված համայնքում գործում են փոքր ՀԷԿ-եր, որոնք վերցնում են նախկինում ոռոգման նպատակով օգտագործվող ջրային ռեսուրսները։ Գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղերը և քաղաքները գտնվում են փոքր ՀԷԿ-երի ազդեցության տակ. Մադինա, Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն գյուղերը «Արգիչի» ՓՀԷԿ-ի, Ձորագյուղը՝ «Ձորագյուղ-1» և «Ձորագյուղ-3» փոքր ՀԷԿ-երի, Վարդենիկը՝ «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ի, Մարտունի քաղաքը՝ «Մարտունի» փոքր ՀԷԿ-ի ազդեցության տակ:

Համայնքում զարգանում է նաև արևային էներգետիկան։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ արևային էլեկտրակայանների կառուցման լիցենզիաներ է տրամադրել.

1. «ԲԱՐԻ ԱՐԵՎ» ՍՊԸ, լիցենզիայի համարը՝ 626, կառուցման ժամանակահատվածը՝ 01.12.2018 - 01.03.2022, Էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակահատված /ավարտ՝ 01.12.2040/, կայանի անվանումը՝ «Բարի Արև», հզորությունը՝ 5 000,0 կվտ, տարեկան արտադրանքը՝ 8,58 մլն կվտ/ժամ, ներդրումների ծավալը՝ 1 516,8 մլն դրամ,  Գեղարքունիք, գ․ Աստղաձոր, Մարտունի համայնք:

2. «ՊՐՈՄ ՍԱՆ» ՍՊԸ, լիցենզիայի համարը՝ 629, կառուցման ժամանակահատվածը՝ 01.12.2018 - 01․08․22, Էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակահատված /ավարտ՝ 01.12.2040/, կայանի անվանումը «Պրոմ Սինթեզ», հզորությունը՝ 5 000,0 կվտ, տարեկան արտադրանքը՝ 8,60 մլն կվտ/ժամ, ներդրումների ծավալը՝ 1 536,0 մլն դրամ։

3. «Ա-Ս ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ, լիցենզիայի համարը՝ 630, կառուցման ժամանակահատվածը՝ 01.12.2018 -01.03.2022, Էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակահատված /ավարտ՝ 01.12.2040/ կայանի անվանումը «Ա-Ս Էներջի», հզորությունը՝ 4 995,6կվտ, տարեկան արտադրանքը՝ 8,50 մլն Կվտ/ժամ, ներդրումների ծավալը՝ 1 535,6 մլն դրամ, Գեղարքունիք, Աստղաձոր, Մարտունի:

ԷկոԼուրի թիմը ներկայացրել է այս տվյալները Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ։ «Համայնքի ռեսուրսները՝ հողը, ընդերքն ու ջուրն օգտագործող բիզնեսը պետք է պատասխանատու լինի բնակչության, համայնքի և պետության նկատմամբ։ Մենք, իհարկե, վերականգնվող էներգետիկայի կողմնակիցներ ենք։ Սակայն սոցիալական և բնապահպանական բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված,- նշեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, - ոչ ոք չի բարձրացնում նորմատիվային բազայի հարցը, որը պետք է ներառվի էներգետիկայի կոնկրետ ոլորտի զարգացման ծրագրում»։

Նա նշեց, որ թույլտվություններ կամ լիցենզիաներ տրամադրելիս պետք է լինեն պահանջներ հողի և բնական այլ ռեսուրսների հաշվառման, ինչպես նաև՝ շահագործման ընթացքում պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ:

«Արևային վահանակները շարքից դուրս են գալու, բայց խոսք չկա այն մասին, թե ով է պատասխանատու այս տեսակի թափոնների կառավարման համար, ով է կրում ֆինանսական պատասխանատվությունը և ինչպիսի բեռ կարող են կրել համայնքները», - ասաց նա:

«Մեզ ասում են, որ նորմատիվներն ավելի ուշ կընդունվեն։ Բայց ում համար կընդունվեն, եթե կայանները կառուցվեն, չեն հայտնում։ Այս հարցը պետք է բարձրացնեն համայնքները։ Համայնքը պետք է մասնակցի հանրային քննարկումներին և պահանջեն, որ հստակ ներկայացվեն այդ ռիսկերի կառավարման մեխանիզմները, ֆինանսական, կորպորատիվ և առողջ ու անվտանգ կյանքի համար նորմերի պահպանման պատասխանատվությունը, համայնքներին տրվող փոխհատուցումների հաշվարկման չափերն ու մեխանիզմները»,- ասաց նա։

Քննարկման մասնակիցները, տեղի բնակիչներն արձագանքեցին. «Մենք դրա մասին ոչինչ չգիտենք… Գիտենք, որ «Մասրիկ 1»-ի շինարարությունը կանգնեցվել է…»։

«Արևային էներգետիկայի համար օգտագործվող հողային ռեսուրսները պետք է պատշաճ կերպով գնահատվեն: Առաջարկում ենք ընկերությունների հետ սոցիալական և բնապահպանական աջակցության տրամադրման պայմանագրեր կնքել, քանի որ կայանների շահագործումից հետո հողի վարելաշերտը կարող է ոչնչացվել։ Հետևաբար, պետք է մտածել այս շերտի պահպանման մասին, որպեսզի հողը վերադարձվի համայնքին, հնարավոր է ստեղծել տարածքի ռեկուլտիվացման հիմնադրամ։ Խնդիր է մնում վնասակար միացություններ, ցինկ, ստրոնցիումի տարրեր, կիսահաղորդիչներ պարունակող օգտագործված ֆոտոգալվանային վահանակների օգտահանումը։ Հայաստանում դրանց վերականգնման կամ օգտահանման ո՛չ գործարան կա, ոչ էլ՝ կազմակերպություն։ Անհրաժեշտ է լուծել վահանակների օգտահանման ֆինանսական պատասխանատվության հարցը։ Մեր կողմից բարձրացված հարցերին պետական կառույցներն արձագանքում են, որ լուծումներ կառաջարկվեն, երբ համապատասխան օրենսդրություն մշակվի։

Այսինքն՝ հիմա թույլտվություններ ու լիցենզիաներ տրամադրելիս պետությունը որևէ պատասխանատվություն չի դնում ընկերության վրա։ Իսկ երբ օրենսդրություն լինի, հնարավոր է, որ մենք արդեն ունենանք չփոխհատուցված վնասներ, քանի որ ոչ մի օրենք հետադարձ ուժ չունի։

Զգույշ լինենք այս հարցերում, որպեսզի չունենանք ոչ պիտանի հողեր»,- ասաց Ինգա Զարաֆյանը։

Տեղի բնակիչների բարձրացրած հարցերը.

- Շահագործումից որքա՞ն ժամանակ հետո հնարավոր կլինի վերականգնել հողը:

- Ինչպե՞ս է հաշվարկվում այն փոխհատուցումը, որն ընկերությունը պետք է վճարի բնակչությանը։

- Ի՞նչպիսի փորձ կարելի է կիրառել հողերի վերականգնման համար:

-Կա՞ վերահսկող մարմին, որը կվերահսկի վահանակների տակ գտնվող տարածքում տեղի ունեցող գործընթացը, որպեսզի հասկանանք՝ այս հողատարածքը դեռ պիտանի է, թե ոչ։

-Կա՞ վնասների հաշվարկ, թե որքա՞ն է կազմում բնապահպանական վնասը մեկ քառակուսի մետրի համար:

Քննարկումների ավարտին մասնակիցները կարծիք հայտնեցին, որ անհրաժեշտ է ունենալ բոլոր հարցերի պատասխաններն ու նորմեր՝ գնահատում իրականացնելու համար։

Մարտ 14, 2022 at 09:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր