ANIF-ի լուծարումը և «Այգ 1» ծրագրի ապագան․ հարցում ՏԿԵՆ-ին

ANIF-ի լուծարումը և «Այգ 1» ծրագրի ապագան․ հարցում ՏԿԵՆ-ին

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ANIF) ՓԲԸ-ի լուծարման և «Այգ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի վերաբերյալ։

Հարցման մեջ նշված է․

««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ANIF) փակ բաժնետիրական ընկերությունը դադարեցնում է գործունեությունը։ ANIF-ի 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այս մասին գործադիրը մայիսի 23-ին ընդունեց 734-Ն որոշումը։ Այս գործընթացն առնչվում է մի շարք համայնքների շահերի, որտեղ գործունություն է ծավալել ANIF-ը տարբեր ծրագրերի շրջանակներում։

ANIF-ի ներդրումային ծրագրերից է «Այգ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը Թալին և Դաշտադեմ բնակավայրերի վարչական տարածքներում։ Ծրագիրն իրականացնող «Մասդար Արմենիա» ընկերությունում ANIF-ն ունի 15 տոկոս բաժնեմաս, իսկ 85 տոկոս բաժնեմասը Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Մասդար» ընկերությանն է։

Ծրագրի իրականացման համար ANIF-ի կանոնադրական կապիտալը համալրվել է Թալին և Դաշտադեմ բնակավայրերի շուրջ 3 միլիարդ շուկայական արժեքով 547․31 հա հողամասերով։ (2021թ․ հոկտեմբերի 28-ի 1777-Ն որոշում, 2023թ․ հուլիսի 6-ի N 1137-Ն որոշում): Որպես փոխհատուցում «Այգ-1» ծրագրի շրջանակներում «Մասդար» ընկերությունը Դաշտադեմի և Թալինի հետ կնքած նվիրաբերության պայմանագրով իրականացրել է 320 միլիոն դրամի չափով համայնքային զարգացման վճարում։ Այս գումարից 300 միլիոն դրամն ուղղվել է Դաշտադեմին ոռոգման ջրագծի կառուցման համար։

Թալին համայնքում ակնկալվում է շուրջ 2 միլիարդ դրամի ծրագրերի իրագործում «Այգ-1» արևային կայանի կառուցման ծրագրին նվիրաբերված հողերի դիմաց։ Այդ գումարը պետք է տրամադրի կառավարությունը։ Թալին քաղաքում արդեն կառուցվել է պուրակ, գերեզմանատուն: Նախատեսվում է Մաստարա, Ագարակավան, Կաքավաձոր և Աշնակ բնակավայրերում խմելաջրի ցանցի վերանորոգում, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Գառնահովիտ, Կարմրաշեն, Զովասար Ոսկեթաս բնակավայրերի գազաֆիկացում, Թալին քաղաքում կոյուղու անցկացում, Թալին քաղաքի մանկապարտեզի վերանորոգում։

Հաշվի առնելով, որ «Այգ 1» ծրագրի իրականացմանը պետության մասնակցությունն իրականացվում է ANIF-ի միջոցով, ինչպես նաև այն փաստը, որ այն դադարեցնելու է իր գործունեությունը և նրա 100 տոկոս բաժնետոմսերն անցնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, խնդրում ենք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն տրամադրել պարզաբանում հետևյալի մասին․

  • Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու ANIF-ի կանոնադրական կապիտալում ներդրված հողերի դիմաց Թալին և Դաշտադեմ բնակավայրերում  իրականացված և նախատեսվող ծրագրերի ֆինանսավորման համար։
  • Արդյո՞ք «Այգ 1» կայանի կառուցման ավարտը կհետաձգվի և եթե այո, ապա ինչքան ժամանակով։
  • Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն Էկոլուրին հայտնել է, որ «Մասդար Արմենիա» ընկերությունն էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության կամ էներգետիկայի բնագավառում այլ գործունեության լիցենզիա ստանալու հայտ հանձնաժողով չի ներկայացրել։ Խնդրում ենք պարզաբանել առանց լիցենզիա ստանալու «Այգ 1» ծրագրի իրականացումը»։

Մայիս 24, 2024 at 15:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր