Վայոց ձորի Սարավան բնակավայրում արևային կայաններ կկառուցվեն

Վայոց ձորի Սարավան բնակավայրում արևային կայաններ կկառուցվեն

2025թ․ օգոստոսի 25-ին Վայք համայնքի ավագանին արտահերթ նիստում մի քանի որոշում ընդունեց, որոնք կնպաստեն Սարավան բնակավայրում արևային էներգետիկայի զարգացմանը։  

Վայքի ավագանին համաձայնություն տվեց Սարավան բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 12.3 և 12 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ արոտավայր) հողամասերի նպատակային նշանակությունը փոխել որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու նպատակով:

Ավագանին նաև համաձայնություն տվեց Սարավան բնակավայրի 5-րդ հողամաս հասցեում գտնվող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության 5.46641 հեկտար մակերեսով հողամասն արևային կայանի կառուցման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը։ Հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանվել է 21 միլիոն դրամ:

Միևնույն ժամանակ ավագանին համաձայնություն տվեց Սարավան բնակավայրում գտնվող 0.01512, 0.00762, 0.23368, 0.01369, 0.02776, 0.0814, 0.05206, 0.03884, 0.04579 և 0.02488 հեկտար համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ տարեկան 500 հազար դրամ վարձավճարով, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 10 տարի ժամկետով տրամադրել «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊԸ-ին՝ «Էլիտ սոլար» արևային ֆոտովոլտային կայանի բարձրավոլտ օդային գծերի կառուցման նպատակով:

Նշենք, որ 2024թ․ օգոստոսի 27-ին Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն էր տվել «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից Սարավան բնակավայրի 8-րդ փողոցի 2/1 հողամաս հասցեում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։

Ըստ ընկերության կողմից ներկայացված ՇՄԱԳ հաշվետվության՝ «Էլիտ Քնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է Սարավանի 8-րդ փողոցի 2/1 հողամաս հասցեում ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 6,20356 հա տարածքում տեղակայել ֆոտովոլտային արևակայան։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022թ․ սեպտեմբերի 22-ի N 362-Ա որոշման համաձայն՝ «Էլիտ Քնսթրաքշն» ՍՊԸ-ին տրամադրվել է էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա՝ մինչև 2044թ․ գործողության ժամկետով:

Համաձայն նախագծի՝ ընկերությունը նախատեսում է կառուցել 5 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան, որի զբաղեցրած ընդհանուր մակերեսը կլինի 6,20356 հեկտար, վահանակների զբաղեցրած մակերեսը՝ 5,6 հեկտար: Ֆոտովոլտային կայանի գեներատորային մասը նախատեսվում է կառուցել 8788 հատ բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներով՝ յուրաքանչյուրը 605 Վտ առավելագույն հզորությամբ:

Նշենք, որ 2024թ․ նոյեմբերի 19-ին Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել նաև «Արեգ էներգիա» ՍՊԸ-ի կողմից Սարավանի վարչական տարածքում արևային ֆոտովոլտային արևային կայան կառուցելու ՇՄԱԳ հաշվետվությանը։ 

Ընկերությանը տրամադրվել է էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա մինչև 2045թ․։

Արևային կայանը կկառուցվի ընկերության սեփականությունը հանդիսացող ընդհանուր 8.92 հեկտար հողատարածքի սահմաններում, որի նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների է, գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի:

Համաձայն նախագծի՝ նախատեսվում է կառուցել 6000 կՎտ հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրակայան, 7000 կՎտ հզորության ենթակայան, որը կմիացվի «Որոտան 2» օդային գծին: Նախատեսվում է կառուցել 9932 հատ բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներ՝ յուրաքանչյուրը 605 Վտ առավելագույն հզորությամբ։

Ըստ հաշվետվության՝ շահագործման փուլում մոդուլների ծառայման ժամկետը սպառվելուց հետո կամ դրանց վնասման դեպքում կկատարվի այդ մոդուլների ապամոնտաժում, որոնք կկուտակվեն տարածքում տեղադրվող փակ պահեստային շենքում՝ մետաղական վագոն-տնակում, մինչև համապատասխան կազմակերպություններին հանձնելը։

Օգոստոս 26, 2025 at 13:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր