Լիտվան Հայաստանին խոստանում է տրամադրել 10 հազար հատ կեչու տնկի՝ 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնության համար

Լիտվան Հայաստանին խոստանում է տրամադրել 10 հազար հատ կեչու տնկի՝ 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնության համար

Լիտվայի Հանրապետությունը պատրաստ է Հայաստանին տրամադրել 10 հազար հատ կեչու տնկի՝ ՀՀ կառավարության հայտարարած Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնության իրականացման համար։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ  հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը նաև քննարկվել են լիտվական զարգացման գործընկերության և դեմոկրատիայի խրախուսման ծրագրի շրջանակում համագործակցութան հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շեշտել է, որ, հեղափոխությունից ի վեր արձանագրված գործընթացներից ելնելով՝ իրենք նոր համագործակցությունների հեռանկարներ են տեսնում երկու երկրների միջև։

Վերամշակման/դեպոզիտային համակարգի ներդրման երկկողմ ծրագրի իրականացման նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատման նամակ է ներկայացվել Լիտվայի բնապահպանական ծրագրերի իրականացման գործակալությանը։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2021թ․ հունվարին։

«Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացվել է հանրապետությունում պլաստիկ, ապակյա, թղթե և ալյումինե տարաների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի ներդրման նախնական վերլուծություն։ Համակարգի ներդրման առաջմղման և գործարկման նպատակով նախատեսվում է դեպոզիտային վերադարձման համակարգի ներդրման մոդելի տնտեսական վերլուծություն (հիմնված միջազգային փորձի վրա), ինչի արդյունքում կվերհանվեն երկրի համար առավել նպատակահարմար տարբերակները։ Նախարար Պետրոսյանն առաջարկել է առաջիկայում ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկու երկրների միջև փորձի փոխանակման ավելի առարկայական գործընթացով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության

Դեկտեմբեր 15, 2020 at 12:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր