Սեպտեմբերի 13-ը Հայաստանում կնշվի որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր

Սեպտեմբերի 13-ը Հայաստանում կնշվի որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր

Սեպտեմբերի 13-ին Հայաստանում կնշվի բնության հատուկ պահպանվող տարածքների օրը: 2021թ. սեպտեմբերի 2-ին գործադիրն ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» որոշումը: Ըստ որշման հիմնավորման՝ որոշումը կնպաստի Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների հանդեպ կարևորության բարձրացմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը,  բազմության ենթագիտակցության զարգացմանը, բնապահպանական իրազեկության բարձրացմանը։ Կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքները՝ որպես պետական սեփականություն, պահպանմանը, դրանց նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, գալիք սերունդներին փոխանցելու պատասխանատվության բարձրացմանը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Հայաստանի Հանրապետությունում գործող բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 387 հազար 054 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի 13.1%-ը: Հայաստանում առկա բնության հատուկ պահպանվող տարածքները ներառում են 3 պետական արգելոց («Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի»), որոնք զբաղեցնում են 35439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19 %-ը, 4 ազգային պարկ («Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիք»), որոնք զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96 %-ը, ինչպես նաև 232 բնության հուշարձան և  27 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95 %-ը:

Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհների ձևավորման կարևոր մարզերի հանգուցակետում, ինչպես նաև միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկն է: Արդյունքում՝ երկրի ոչ մեծ տարածքում (մոտ 30 հազ.քառ.կմ) աճում են շուրջ 3800 տեսակի բարձրակարգ բույսեր, 428 տեսակի հողային և ջրային ջրիմուռներ, 399 տեսակի մամուռներ, 4207 տեսակի սնկեր, 464 տեսակի քարաքոսեր, բնակվում են 549 տեսակի ողնաշարավոր և շուրջ 17200 տեսակի անողնաշարավոր կենդանիներ: Հայաստանի կենսաբազմազանությունն աչքի է ընկնում բարձր էնդեմիզմով. մոտ 500 կենդանատեսակ՝ (ֆաունայի շուրջ 3 %-ը) և 144 բուսատեսակ (ֆլորայի 3.8 %-ը) համարվում են Հայաստանի էնդեմիկներ: Բարձրակարգ բույսերի խտությամբ Հայաստանն աշխարհում գրավում է առաջնակարգ տեղերից մեկը՝ յուրաքանչյուր 1000 քառ.կմ տարածքոմ աճում է մոտ 107 տեսակ: Հայաստանի տարածքն աչքի է ընկնում նաև տեսակառաջացման ակտիվությամբ, և պատահական չէ, որ միայն վերջին 10 տարիների ընթացքում նկարագրվել է գիտության համար 50-ից ավելի նոր տեսակ: Հայաստանը հայտնի է նաև մշակաբույսերի վայրի ցեղակիցներով (252 տեսակ), որի շնորհիվ համարվում է վայրի ցորենի, աշորայի, գարու և այծակնի տեսակների պահպանման գլոբալ կենտրոն, որտեղից շատ տեսակներ հետագայում տարածվել են ամբողջ աշխարհով: Երկրի բույսերի գենետիկական ռեսուրսների հարուստ բազմազանությունը ներառում է նաև հինավուրց տեղական և ժամանակակից սելեկցիայի սորտեր և վայրի ուտելի բույսեր:

Նկարում՝ Խոսրովի արգելոցը

Սեպտեմբեր 02, 2021 at 13:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր