«Էկոլոգիական հասարակական դաշինքը» ներկայացնող կազմակերպությունները, մտահոգված «Ջրվեժ» անտառպարկի նկատմամբ բիզնեսի հետաքրքության դրսևորումներով և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանավորվածություններով, դիմում են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին պահանջով, որում նշված է.
«Նախարարության կողմից տարածված հայտարարությունից տեղեկացանք, որ առանց հանրային քննարկումների և առանց ոլորտային մասնագիտական կազմակերպությունների ու փորձագետների հետ խորհրդակցելու Ձեր կողմից հավանության է արժանացել «Ջրվեժ» անտառպարկում ենթակառուցվածքների ստեղծման լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ «Ջրվեժ» քաղաքային պարկ» համալիրի զարգացման ծրագիրը, որի հաղթող է ճանաչվել «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ն: «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ն արդեն մշակել է այգու վերակառուցման իր նախագիծն ու այն ներկայացրել նախարարությանը փետրվարի 18-ին Ձեզ հետ կայացած հանդիպման ժամանակ։
Հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև. «ըստ նախագծի՝ պարկի տարածքում նախատեսվում է կառուցել էկոլոգիապես բնական հումքից մանկական խաղահրապարակներ, սպորտային միջոցառումների կազմակերպման չափանիշներին համապատասխան վազքուղի, ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի մինի խաղադաշտեր, սքեյթի խաղահրապարակ, ժամանակակից պահանջներին համապատասխան ավտոկայանատեղի։ Նախատեսված են նաև ձմեռային հանգստի կազմակերպման ենթակառուցվածքներ՝ դահուկային երթուղիներ, սահադաշտ, սահքուղիներ։ Լինելու են ջերմոցներ, որտեղ տնկվելու ու աճեցվելու են բույսեր, այդ թվում նաև անտառային ծառատեսակներ։ Նախատեսված են նաև արվեստի գոտի, դասընթացների կազմակերպման գոտի և թեմատիկ այլ անկյուններ»։ Ձեր հավանությանն արժանացած բիզնես-առաջարկը «Ջրվեժ» անտառպարկի էկոհամակարգի համար լուրջ ռիսկեր է պարունակում. այստեղ աճում են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող 21 տեսակներ՝ սոսի արեւելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական եւ այլ տեսակներ, որոնք պարկի ստեղծման ժամանակ բերվել են աշխարհի տարբեր բնության պահպանվող տարածքներից: Նկարագրված գործունեության արդյունքում կխախտվի «Ջրվեժ» անտառպարկի հիմնական գործառույթը՝ որպես հատուկ պահպանվող տարածք, կքայքայվեն Երևանի պաշտպանիչ գոտու կանաչ թոքերը:
Ամբողջ գործընթացը ցույց է տալիս, որ ոտնահարվել է Օրհուսի կոնվենցիայի հիմնական պահանջը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող ծրագրերի բոլոր փուլերում շահագրգիռ հասարակության մասնակցության վերաբերյալ:
Հիշեցնում ենք, որ 2009թ. ՀՀ կառավարությունը հետ կանչեց «ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1046-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 684-Ն որոշումը, որով փորձ էր արվում խախտել անտառապարկի ամբողջականությունը:
Շահագրգիռ հասարակական կազմակերպությունները և հանրությունը պահանջում են կանաչ լույս չտալ «Ջրվեժ» անտառպարկի համար կործանարար ծրագրին և սեղմ ժամկետներում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում կազմակերպել քննարկում նախարարության ու շահագրգիռ հասարակության մասնակցությամբ՝ «Ջրվեժ» անտառպարկի ծրագրի հետագա զարգացման վերաբերյալ:
Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամներ՝
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, նախագահ Ինգա Զարաֆյան
«Թուխմանուկ» ՀԿ, նախագահ Մարիամ Չախոյան
«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ, նախագահ Սիլվա Ադամյան
«Հայաստանի անտառներ» ՀԿ, տնօրեն Նազելի Վարդանյան
«Կանաչ Հայաստան» ՀԿ, նախագահ Թեհմինե Ենոքյան
«Դալմա-Սոնա» հիմնադրամ, նախագահ Ռուզաննա Գրիգորյան
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, նախագահ Օլեգ Դուլգարյան
Քաղաքացիական հասարակության անունից ներկայացվող կոնտակտային անձ՝ Սիլվա Ադամյան, էլ. փոստ՝ [email protected], հեռ. +37494874070:
Կո՛չ ենք անում քաղաքացիական հանրությանը միանալ այս հայտարարությանը»:
Փետրվար 25, 2022 at 15:03