

2022թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի անտառային դաշինքի կազմակերպած առաջին կլոր սեղանի ժամանակ քննարկվեցին նոր անտառտնկման տարածքների քարտեզագրման ու հատկացման հարցերը: Քննարկմանը ներկա էին ոլորտային նախարարությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Կլոր սեղան-քննարկման համակարգող, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը ներկայացրեց Հայաստանի անտառային դաշինքի չորս առաջնահերթ ուղղությունները, այն է՝ անտառապատման համար հողատարածքների հատկացում, բնական անտառների պահպանություն ու վերականգնում, խորհրդային տարիներին տնկված անտառների պահպանություն և վայրի տարածքների հրդեհներ։
Կլոր սեղան-քննարկման ընթացքում ներկաները ընդգծեցին, որ անտառների վերականգնումը պետության համար ռազմավարական նշանակություն ունի։ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Հայաստանում անտառատնկման տարածքների քարտեզագրման, արոտավայրերի համար պիտանի տարածքների ընտրության աշխատանքներին։
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը նշեց, որ համադրելով առկա տեղեկատվությունը և միավորելով ջանքերը, հնարավոր կլինի ոլորտում իրական բարեփոխումներ ունենալ։ «Անտառտնկման համար պոտենցիալ տարածքների նախանշմանը պետք է հաջորդի այդ վայրերում մասնագիտական խմբի կողմից ինչպես դաշտային, այնպես էլ՝ մի շարք այլ ուսումնասիրությունների իրականացումը»,- ասաց նա։
Կլոր սեղանի մասնակիցները համաձայնեցին առաջարկել ՀՀ կառավարությանը ստեղծել աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն տարբեր գերատեսչությունների, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, անտառագետներ, փորձագետներ և այլ մասնագետներ՝ միասին իրականացնելու անտառապատման համար նախատեսված տարածքների հայտնաբերման և քարտեզագրման հետ կապված աշխատանքները։
Դեկտեմբեր 12, 2022 at 09:21
