«Խոսրովի անտառ» պետական արգելոցի որոշ երթուղիներ փակ են զբոսաշրջային այցերի համար

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի որոշ երթուղիներ փակ են զբոսաշրջային այցերի համար

2023 թվականի համար անվտանգության և արգելոցային ռեժիմի առանձնահատկություններով պայմանավորված «Կաքավաբերդ» տեղամասի որոշ երթուղիներ, այդ թվում Կաքավաբերդ ամրոցը (Գեղի բերդ), փակ են այցելությունների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ամեն տարի զբոսաշրջային սեզոնին ընդառաջ իրականացվում է զբոսաշրջության համար թույլատրելի տարածքների և դրանցում օպտիմալ ծանրաբեռնվածության սահմանում՝ սեզոնի և տարվա կտրվածքով: 2018 թվականից այցելուների անվտանգության և արգելոցային ռեժիմի առանձնահատկություններով պայմանավորված «Կաքավաբերդ» տեղամասի որոշ երթուղիներ, այդ թվում Կաքավաբերդ ամրոցը (Գեղի բերդ) փակ են զբոսաշրջային այցերի համար: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, մասնավորապես «Կաքավաբերդ» տեղամասում զբոսաշրջային այցերի սահմանափակումները և/կամ արգելումը բխում է բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության առաջնահերթություններից: Արգելոցի ստեղծման և  կառավարման գլխավոր նպատակը Հայաստանում եզակի և բացառիկ  լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանումն է: 

«Կաքավաբերդ» տեղամասում զբոսաշրջային երթուղիների շահագործման ժամանակ հաշվի է առնվում հայկական իժի ապրելավայրերի տեղաբաշխվածությունը, ինչպես նաև սեզոնային ակտիվությունը: Նման սահմանափակումներն ուղղված են առաջին հերթին այցելուների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև կենդանիների բազմացման շրջանում անհանգստության գործոնի բացառմանը: Կաքավաբերդը և դրան հարակից տարածքները հարմար ապրելավայրեր են բեզոարյան այծերի, ինչպես նաև հազվագյուտ ու վտանգված  կովկասյան ընձառյուծի պահպանության համար: Այս տեսակների պահպանումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Հայաստանի, ինչպես նաև ողջ էկոտարածաշրջանի կարևորագույն բնապահպանական խնդիրներից մեկն է համարվում: Խոշոր գիշատիչների պահպանությունը որոշ դեպքերում պահանջում է մեծ տարածքներ, առանց մարդու ներկայություն և միջամտության, որով էլ պայմանավորվում են դեպի այս տարածքներ մուտքի թույլտվության սահմանափակումները: 

Ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպություններին և անհատներին հորդորում ենք պահպանել սահմանված կանոնները։

Հուլիս 27, 2023 at 15:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր