Ալթայի միջազգային համաժողովում ներկայացվել է Հայաստանի կենսաբազմազանության և էկոտուրիզմի ներուժը

Ալթայի միջազգային համաժողովում ներկայացվել է Հայաստանի կենսաբազմազանության և էկոտուրիզմի ներուժը

Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի եզակի բնաշխարհն ու էկոտուրիզմի հնարավորությունները։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Իր ելույթում Ոսկեհատ Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանը գտնվում է երկու գլոբալ կենսատարածաշրջանների խաչմերուկում, որոնք համարվում են կենսաբազմազանության համաշխարհային «թեժ կետեր»։ «Մեր փոքրիկ, բայց հարուստ երկիրն ունի շուրջ 3800 բուսատեսակ և ավելի քան 17,000 կենդանատեսակ, որոնց զգալի մասը եզակի և հազվագյուտ են։ Բնության հատուկ պահպանվող տարածքները զբաղեցնում են Հայաստանի տարածքի ավելի քան 13%-ը՝ ներառելով 3 արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 233 բնության հուշարձան»,- նշել է նա։

Ոսկեհատ Գրիգորյանն առանձնացրել է Խոսրովի և Շիկահողի արգելոցները, Դիլիջանի ազգային պարկը և Սևանա լիճը՝ որպես էկոտուրիզմի առանցքային ուղղություններ։

«Էկոտուրիզմի ոլորտում Հայաստանը կարող է առաջարկել ամեն ինչ՝ քայլարշավներ, թռչնադիտարկումներ, լեռնային սպորտ, ջրային արկածային տուրեր, հեծանվային երթուղիներ, գյուղական տուրիզմ և էկոկրթական ծրագրեր։ Կենսաբազմազանության պահպանության ոլորտում Հայաստանը հետևողականորեն իրականացնում է ծրագրեր՝ կենսաբազմազանության պահպանման ոլորտային օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի բարեփոխումներ, կենդանատեսակների մշտադիտարկում, այդ թվում՝ կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի, ազնվացեղ եղջերուի և Սևանի իշխանի պաշարների վերականգնման նախագծեր»,- ըստ պաշտոնական հաղորդագրության՝ գործընկերների հետ կիսվել է Ոսկեհատ Գրիգորյանը։

Նա նաև ընդգծել է, որ 2026թ․ հոկտեմբերի 18-30-ին Երևանում կանցկացվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), և հրավիրել է գործընկերներին այցելել Հայաստան՝ համատեղ նպաստելու գլոբալ կենսաբազմազանության ռազմավարություններին։

Հուլիս 25, 2025 at 16:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր