

Հայաստանը պատրաստվում է առաջին անգամ առաջադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային պահպանվող տարածքի թեկնածություն։ Որպես թեկնածու կառաջարդվի «Դիլիջան» ազգային պարկի շուրջ գտնվող տարածաշրջանը։ Այս մասին սեպտեմբերի 25-ին Հանգժոուում կայացած «Մարդ ու կենսոլորտ» ծրագրի միջկառավարական խորհրդի 37-րդ նստաշրջանին (MAB-ICC) իր ելույթում հայտարարել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Նա նշել է, որ ընտրված տարածքում արդեն իրականացվում են բուսաբանական, կենդանաբանական և սոցիալ-տնտեսական ուսումնասիրություններ, նախատեսվում է տարածքի գործառույթների հստակ բաժանում՝ հիմնական, բուֆերային և անցումային գոտիներով։ Նախաձեռնությունը իրականացվում է պետական մարմինների, տեղական համայնքների և միջազգային գործընկերների համագործակցությամբ։
Արամ Մեյմարյանը նաև ներկայացրել է Հայաստանի ազգային դիրքորոշումը՝ ընդգծելով երկրի պատրաստակամությունը խորացնելու պահպանվող տարածքների` գիտության վրա հիմնված կառավարումը, բարձրացնելու համայնքների ներգրավվածությունը և կրթությունը, խթանելու բնության վրա հիմնված լուծումները, ինչպես նաև ապահովելու կանանց, երիտասարդների, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների մասնակցությունը։
Սեպտեմբեր 26, 2025 at 13:47
