«Բողաքարի» արգելավայրը՝ ճանապարհ դեպի հանքավայր

«Բողաքարի» արգելավայրը՝  ճանապարհ դեպի հանքավայր

«Արևիք» ազգային պարկի «Բողաքարի» արգելավայրի ճանապարհը դարձել է Սյունիքի մարզի Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրից հանքաքար տեղափոխող բեռնատարների ճանապարհ: «ԷկոԼուրի» տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես են բեռնատարներն անարգել ելումուտ անում արգելավայրի տարածքում՝ հաշվի չառնելով արգելավայրի մուտքն արգելող ցուցանակների առկայությունը։

Բեռնատարերի բարձրացրած  փոշուց ԷկոԼուրին բողոքեց Այգեձոր բնակավայրի միակ տնտեսության ներկայացուցիչը՝ նշելով, որ բեռնատարների փոշու պատճառով արդեն երկու տարի է՝ իր հանգստյան գոտի զբոսաշրջիկ չի այցելում:

Հանքը շահագործում է «Լիճքվազ» ՓԲԸ-ն (ներկայումս «ԷՅՋԻԱՐՍԻ» (Արմենիան Գոլդ Րիսորս Քորփորեյշն) ՍՊԸ): 2017թ-ին «Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի շահագործման» աշխատանքային նախագիծը ստացել է բնապահպանական  փորձաքննական ԲՓ 60 դրական եզրակացությունը, որի պահանջներից են  բնության հատուկ պահպանվող տարածքներում որևէ աշխատանքի իրականացման բացառումը, ինչպես նաև նախատեսվող գործունեությունն իրականացնելիս «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի և ՀՀ կառավարության «Արևիք» ազգային պարկ ստեղծելու, «Արևիք» ազգային պարկի և «Արևիք ազգային պարկ» պետական ոչ-առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» 15.10.2009թ. N 1209- Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածի պահանջները հաշվի առնելը:

Ըստ էության, ընդերքօգտագործողը չի ապահովում բնության՝ մասնավորապես «Արևիք» ազգային պարկի պահպանությունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից՝ խախտելով 29.06.2017թ ԲՓ 60 փորձաքննական եզրակացության 4-րդ կետի և ընդերքօգտագործման պայմանագրային պահանջները։

Մյուս կողմից անհասկանալի է, թե թույլտվություն տրամադրելուց պետական մարմինները պատկերացրել են արդյո՞ք, թե ինչ ճանապարհով պետք է հանքավայրից հումքը տեղափոխվեր, որպեսզի պահպանվեր օրենքի պահանջը:

Բեռանատարները հանքաքարը տեղափոխում են Կապանի լեռնահարստացման կոմբինատ վերամշակման համար: Հանքաքարի վերամշակման արդյունքում առաջացած թափոններն ուղղվում են Գեղանուշի պոչամբար: Այս պոչամբարը նախատեսված է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրից արդյունահանված հանքաքարի վերամշակման արդյունքում առաջացած արդյունաբերական թափոնների համար:

Գեղանուշի պոչամբարի ծավալը 11 միլիոն խմ է, մակերեսը՝ 45 հեկտար: 2018թ-ին «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն փորձաքննության ներկայացրեց «Գեղանուշի պոչամբարի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու աշխատանքների» ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, որը  փորձաքննություն չանցավ: Ըստ հայտի՝ 8.5 բալը գերազանցող սեյսմիկ ազդեցության դեպքում պոչամբարի պատվարի ստորին բիեֆում հնարավոր է պատվարի փլուզում և պուլպայի արտահոսք, որը կարող է ծածկել պատվարից ներքև տարածքները, ներառյալ արտադրական և այլ շինություններ, հաղորդակցության և այլ ենթակառուցվածքներ: Մինչ օրս գնահատված չէ Գեղանուշի պոչամբարի վրա Լիճքվազ-թեյի հանքավայրից հանքաքարի վերամշակման արդյունքում պոչանքների ծավալը, որոնք իրենց հերթին ծանրաբեռնում են պոչամբարը: ԷկոԼուրը այս խնդիրը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարին՝ առաջարկելով գնահատել պոչամբարի վրա կումուլիատիվ ազդեցությունը, պարտադրել ընկերությանը ամրացնել պատվարը՝ վթարներից խուսափելու համար:

Համայնքային խոշորացումից հետո Լիճքվազ- թեյի հանքի ազդեցության գոտում գտվող Լեհվազ բնակավայրը զրկվել է ընդերքօգտագործողի հետ երկխոսելու հնարավորությունից: Լեհվազ/Վարդանիձոր բնակավայրերի վարչական ղեկավար Ռաֆիկ Մկրտչյանը ԷկոԼուրին ասաց, որ ընդհանրապես կապ չկա ընդերքօգտագործողի հետ: Տեղյակ չեն վերջինիս ծրագրերից:  Նա տեղյակ չէ նաև, թե բնակավայրի համար Մեղրի խոշորացված համայնքապետարանի տրամադրած գումարների աղբյուրները որոնք են, կարևորը խնդիրը լուծվի:

Թեպետ ընդերքօգտագործման պայմանագրով «Լիճքվազ» ՓԲԸ-ն չի ստանձնել սոցիալ-տնտեսական պարտավորություններ, սակայն 2016-2018թթ. ազդակիր համայնքների համար կատարել է ֆինանսական և ոչ ֆինանսական ներդրումներ: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, մասնավորապես, 2017թ-ին  Մեղրի համայնքի բյուջե է վճարել 27244781 դրամ:

ԷկոԼուր հարցին, թե արդյոք համայքների խոշորացման արդյունքում նվազել է ազդակիր բնակավայրին ընկերության կողմից տրվող աջակցությունը, Մեղրիի համայնքապետարանի կազմակերպական բաժնի պետ Վանիկ Սարգսյանը պատասխանեց. «Եթե ինչ-որ հանքավայրից տվել են Լեհվազի համար գումար որպես ազդակիր համայնք և մենք տանենք, այդ գումարը դնենք Լեհվազում, ոչ դրանից ավելի կամ պակաս, արդարացի չի լինի: Մենք ավելի հեռանկարային ծրագրեր ենք իրականացնում, որի ազդեցությունը հնարավոր է՝ մի բան էլ ավելի լինի Լեհվազ բնակավայրի համար»: 

Անդրադառնալով հանքարդյունաբերական ընկերություն-համայնք փոխհարաբերություններին՝ Վանիկ Սարգսյանը նշեց, որ համայնքապետարանը չունի այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա ազդելու ընկերության աշխատանքի վրա: Որպես ընկերության թափանցիկության բարձրացման առաջարկ, վերջինս նշեց, որ թափանցիկությունն առաջին հերթին ապահովում են հաշվետվությունները: «Մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ այդ հաշվետվություններն ավելի հասանելի դառնան: Պետք է օրենսդրական փոփոխությունների միջոցով հասնել նրան, որ հանքարդյունաբերական կազմակերպությունները հաշվետու լինեն, իսկ այդ պարտականությունը չիրականացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով Վարչական օրենսգրքում համապատասխան փոփոխություններից հետո ընկերությունը ենթարկվի պատասխանատվության»,- նշեց նա:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



Մայիս 25, 2021 at 15:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր