«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը մտադիր է 2025 թ-ից Սոթքի ոսկու հանքավայրը շահագործել ստորգետնյա եղանակով

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը մտադիր է 2025 թ-ից Սոթքի ոսկու հանքավայրը շահագործել ստորգետնյա եղանակով

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը մտադիր է Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումը 2025 թ-ից հետո իրականացնել ստորգետնյա եղանակով: Ռուսական ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության է ներկայացրել Սոթքի ոսկու հանքավայրի բացահանքի և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Փաստաթղթի երկրորդ հանրային լսումները նշանակված են նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Գեղարքունիքի մարզի Գեղամասարի համայնքապետարանի շենքում:

Ըստ հայտի՝ մինչև 2025 թ. հանքավայրը կշարունակի շահագործվել բաց եղանակով, սակայն արտադրողականությունը, որը ներկայում կազմում է տարեկան 1.0 միլիոն տոննա, կհասցվի տարեկան 1.75 միլիոն տոննայի: Իսկ 2025 թ-ից հանքավայրը կշահագործվի ստորգետնյա եղանակով՝ տարեկան 400 հազար տոննա արտադրողականությամբ: «Դա թույլ կտա շարունակել հանքավայրի մշակումը՝ ստեղծված իրավիճակում», - նշված է հայտում:

Արցախյան 2020 թ-ի պատերազմից հետո Սոթքի ոսկու հանքավայրի տարածքի մի մասն անցավ ադրբեջանական կողմին: «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ փորձելու են երկարացնել ձեռնարկության կյանքը: 

«Մենք մշակել ենք հանքավայրի ստորգետնյա աշխատանքների նախագիծ, ինչը մեզ թույլ կտա ևս 25 տարի նախատեսել հանքավայրի շահագործման ռազմավարությունը: Ճիշտ է, այն շահութաբեր կլինի, բայց մինչպատերազմական շրջանի համեմատ ավելի համեստ ցուցանիշներով: Ստորգետնյա լեռնային աշխատանքների մեկնարկից հետո արտադրողականությունը կնվազի մինչև տարեկան 400 հազար տոննա, այնուամենայնիվ, ձեռնարկությունը դեռ 20-25 տարի կշարունակի աշխատել և կիրականացնի ստորգետնյա լեռնային աշխատանքներ: Միաժամանակ, դա մեզ հնարավորություն կընձեռի իրականացնել մինչհետախուզական աշխատանքներ: Մենք ունենք նաև կանխատեսվող պաշարներ, որոնց հետազոտությունը պետք է հասցնել ավարտին: Դրանով մենք կզբաղվենք առաջին հերթին, կփորձենք երկարացնել ձեռնարկության կյանքը, որքանով դա հնարավոր է: Կարծում եմ՝ ևս 10-ից 15 տարով կկարողանանք երկարաձգել, կստացվի 25-ին գումարած 15 տարի՝ 40 տարի: Սա բավականին պատկառելի թիվ է», - ասել է Անատոլի Գոգոտինը:

Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով՝ հանքավայրի տարեկան արտադրողականությունը 1.5 միլիոն տոննա է, իսկ ընկերության ներկայացրած հայտում նշված է տարեկան 1 միլիոն տոննա: «Եթե հիմա արտադրողականության ծավալը բավականին բարձր է, խոսքը տարեկան մոտ 1.5 միլիոն տոննայի մասին է, մենք արտադրում և վերամշակում ենք հանքաքարը, բայց պարունակությունը տոննայում, ցավոք, մոտ 2 գրամ է: Ստորգետնյա աշխատանքների դեպքում հանքաքարի ծավալը շատ ավելի քիչ կլինի՝ շուրջ 3 անգամ, սակայն պարունակությունն այնտեղ կկազմի մոտ 4 գրամ տոննայում: Ապրանքը, որը մենք կարտադրենք, շատ քիչ չի լինի այն ծավալից, որը հիմա ենք արտադրում, և դա ձեռնարկությանը թույլ կտա շարունակել իր գոյությունը և զարգանալ», - նշել է Անատոլի Գոգոտինը:

Մինչև պատերազմը ընկերությունում 940 մարդ էր աշխատում, սակայն պատերազմից հետո 240 աշխատակից ազատվել են, և այժմ ընկերությունն ունի 700 աշխատակից: Անատոլի Գոգոտինի խոսքով՝ ստորգետնյա հանքավայրում կաշխատեն նույն քանակությամբ մարդիկ, բայց կարիք կլինի վերապատրաստել աշխատակիցներին ստորգետնյա աշխատանքների համար:

Ինչ փոփոխություններ են նախատեսվում Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրում

Ըստ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» հայտի՝ ոսկու նվազագույն միջին պարունակությունը բաց եղանակով շահագործման ենթակա ողջ պաշարներում կազմում է 2.3 գ/տ, իսկ ստորգետնյա եղանակով շահագործման ենթակա ողջ պաշարներում՝ 2.7 գ/տ: Բացահանքի մակերեսը կկազմի 601.517 հազ.մ2, բացահանքի մշակման խորությունը՝ 390 մ: Լեռնային աշխատանքները կատարվելու են լեռնահատկացված սահմաններում: Նախատեսվում է արդյունահանել երկու տեսակի հանքաքար` սուլֆիդային և գաբրո: Արդյունահանված հանքաքարը տեղափոխվելու է Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա: Հանքաքարի ժամանակավոր պահեստավորման համար նախատեսում է կառուցել նոր պահեստ, որը կզբաղեցնի 5.0 հեկտար տարածք: Իսկ հանքաքարի ժամանակավոր պահեստավորման ծավալը կկազմի 100.0 հազ.մ3: Նաև նախատեսվում է 114 հեկտար կազմող լցակույտերի մակերեսն ավելացնել ևս 80 հեկտարով: Նշվում է, որ ամբողջ ավելացվող մակերեսը լեռնահատկացման սահմաններում է: Ստորգետնյա եղանակով մշակման համար կանցկացվի նոր տրանսպորտային հանքուղի, որի ժամանակ գոյացող դատարկ ապարների տարեկան քանակը կկազմի մոտ 30 000 տ, որը տեղափոխվելու է մարված բացահանքի տարածք: Բացահանքի շահագործմանը զուգահեռ կիրականացվեն հետախուզական աշխատանքներ:

Հանքավայրի տարածքով է հոսում Սոթք գետը, որը Սևանա լիճ թափվող Մասրիկ գետի ամենախոշոր վտակն է: Մասրիկ գետը Սևանա լճի 4 էնդեմիկ ձկների համար հիմնական ձվադրման վայրն է: Հայտի համաձայն՝ մաքրված հոսքաջրերի արտահոսքը դեպի Սոթք գետ, ըստ ջրօգտագործման թույլտվության, կազմում է տարեկան 552.0 հազ.մ3, գետ թափվող աղտոտող նյութերի քանակը` տարեկան 151,1 տ: Ըստ ջրօգտագործման թույլտվության՝ գետ թափվող հոսքաջրերի արտահոսքը կազմում է տարեկան 10.3 հազ.մ3, որում աղտոտող նյութերի քանակը` տարեկան 1.7 տ: Սոթք գետ թափվող հոսքաջրերի քանակը կրճատելու համար նախատեսվում է կառուցել բացահանքի ջրերի ջրահեռացման նոր համակարգ, իրականացնել բացահանքի և ստորգետյա հանքի ջրերի համատեղ մաքրում մինչև էկոլոգիական նորմերը: Հանքավայրի շահագործման ավարտից հետո իրականցվելու է հանքի օբյեկտների կոնսերվացում և խախտված տարածքների ռեկուլտիվացում:

Հիշեցնենք, որ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը բացի Սոթքի ոսկու հանքավայրից և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից  շահագործում է Սյունիքի մարզում գտնվող Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը և կոմբինատը: Իսկ վերջերս ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի ամենամեծ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, որի 25 տոկոսը նվիրաբերել է Հայաստանի կառավարությանը:

Հոկտեմբեր 28, 2021 at 14:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր