

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Տրետուք գյուղերն ընդգրկվել են Վարդենիս խոշորացված համայնքի մեջ: Մինչ այդ գյուղերը Գեղամասար խոշորացված համայնքի կազմում էին, որտեղ Սոթքը վարչական կենտրոնն էր: Այս երեք գյուղերը բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնց լուծումը դեռ չկա: Առաջնահերթ է անվտանգության խնդիրը, որը սրվել է 2020թ-ի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով: Տարիներ շարունակ չլուծված են մնում աշխատատեղերի պակասի, հանքարդյունաբերական գործունեության հետևանքով շրջակա միջավայրի աղտոտման, ջրային ռեսուրսների պակասի, սոցիալական ցածր մակարդակի, տնտեսության զարգացման անորոշության խնդիրները:
Սոթք, Կութ և Տրետուք գյուղերի վարչական ներկայացուցիչներն ու բնակիչները 2022թ. փետրվարի 4-ին Սոթքում հանդիպեցին «ԷկոԼուր» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների թիմերի հետ:
Հանդիպումը տեղի ունեցավ «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում և նպատակ ուներ վերհանել Վարդենիս համայնքում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները քննարկել:
«ԷկոԼուր» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների ներկայացուցիչները բնակավայրի ակտիվի հետ քննարկեցին «Էկոլոգիական և սոցիալական քաղաքականության գնահատման համար տվյալների հավաքագրման գործիք-ձևաչափ»-ի լրացման փուլայնությունը: Ձևաչափի լրացման արդյունքում հավաքագրված տվյալները թույլ կտան մշակել Վարդենիս համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը, ինչը նպատակաուղղված կլինի խնդիրների լուծմանը:
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը նշեց, որ բնակավայրերում առկա էկոլոգիական խնդիրներին ավելացած հետպատերազմական իրավիճակը սրել է տնտեսական զարգացման հեռանկարի խոչընդոտները:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն էլ նշեց, որ ծրագրի նպատակներից է՝ ստիպել ընկերություններին կատարել սոցիալական և էկոլոգիական պարտավորություններ և աջակցել համայնքի զարգացմանը:
Բնակիչները կարևորեցին հանդիպման ընթացքում բարձրաձայնված խնդիրները և պատրաստակամություն հայտնեցին գործիք-ձևաչափի լրացման միջոցով դրանց լուծման հնարավոր ուղիները մշակել:
Հանդիպման մանրամասներն ու Վարդենիս համայնքի սոցիալ-էկոլոգիական խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվեն հաջորդ հրապարակումներում:
«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Փետրվար 08, 2022 at 09:47