

cvmedia.am
Հանքարդյունաբերության շուրջը ձևավորված Շամլուղ քաղաքը իր գեղատեսիլ բնության շնորհիվ հավակնում է դառնալ Լոռվա Շվեյցարիան։
Քաղաքը հիմնադրվել է 1770-ական թվականներին, հանքերի շուրջը։ Խորհրդային տարիներին քաղաքն ավելի քան 5 հազար բնակիչ է ունեցել։ Քաղաքին մշակութային յուրօրինակ կոլորիտ են տվել այստեղ ապրող 16 ազգի ներկայացուցիչները։ Հիմա գրեթե բոլորն արտագաղթել են, հայերից բացի մնացել են մի քանի հույն և ռուս ընտանիքներ։ Ընդհանուր առմամբ, 600 մարդ է բնակվում, որոնց մեծ մասն աշխատում են Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող Շամլուղի հանքերում։ Գյուղատնտեսական հողեր չկան, բնակիչների որոշ մասը տնամերձ հողամասերն են մշակում և անասնապահությամբ զբաղվում։
Շամլուղն Ախթալա խոշորացված համայնքի կազմում է։ Որպես Ախթալայի ԼՀԿ-ի շահառու համայնք, ամեն ամիս փոխհատուցում է ստանում։ Շամլուղի վարչական ղեկավար Արթուր Աղաբաբյանն ասում է՝ այդ գումարներով քաղաքում շատ ծրագրեր են իրականացրել․ լուսավորել են փողոցները, վերանորոգել տանիքները, վերակառուցել քաղաքային այգին, վերանորոգել միջհամայնքային ճանապարհները։
Ժայռերով ու անտառներով շրջապատված քաղաքը զբոսաշրջության զարգացման մեծ նախադրյալներ ունի, սակայն ենթակառուցվածքներ չկան։ Դրան գումարվում են էկոլոգիական խնդիրները։ Թափոնակույտերով լցված ճանապարհներով Շամլուղ գալը դժվար թե գրավի զբոսաշրջիկներին։ Հատկապես, որ ամեն անձրևից հետո այդ թափոնակույտերից արտադրական ջրերը լցվում են Ախթալա գետն ու հոսում Դեբեդ։
Շրջակա միջավայրի նախարարությունն ունի թափոնակույտերի քարտեզ, որտեղ նշված են նաև Շամլուղի թափոնակույտերը։ Նշված է նաև, որ այդ թափոնակույտերը պետք է մաքրվեն պետություն-ընկերություն-ՏԻՄ համագործակցության արդյունքում։ Վարչական ղեկավարն ասում է՝ թափոնակույտերի խնդիրը լուծելու համար երկար ժամանակ ու միջոցներ են անհրաժեշտ։
Դեռևս 2020 թ-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն առաջարկել էր համայնքի ավագանուն բնապահպանական հատկացումներով մաքրել թափոնակույտերի որոշակի հատված, սակայն առաջարկն ավագանին մերժել էր, փոխարենն այդ գումարն ուղղել էին քաղաքային այգու վերանորոգմանը։
«Ինչպես բնորոշ է հանքարդյունաբերական բնակավայրերին, այստեղի հողերում ու մարդկանց օրգանիզմներում էլ բարձր է ծանր մետաղների պարունակությունը»,- ասում է «Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։ Միաժամանակ, նա օրինակ է բերում զարգացած երկրների փորձը, որտեղ հանքարդյունաբերությանը զուգընթաց հենց հանքարդյունաբերական ընկերությունները զարգացնում են նաև տնտեսության այլընտրանքնային ճյուղեր, որպեսզի հանքի պաշարները սպառվելուց հետո համայնքին միայն աղտոտված թափոնակույտեր ժառանգություն չմնան։
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի գործունեության ընթացքում Ախթալա համայնքում ձևավորվել են 3 պոչամբարներ՝ «Նազիկ», «Պահեստի ձորի» (պահուստային) և «Նահատակ»։ «Նահատակ» պոչամբարը` 3,2 մլն․խմ նախագծային հզորությամբ և 13,7 հա մակերեսով, գտնվում է Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միջև։ 2010 թ-ից պոչամբարը վերաշահագործվել է: 2016թ-ին «Ախթալայի ԼՀԿ»-ն ընդլայնել է պոչամբարի տարածքը՝ կառուցելով 8մ բարձրությամբ պատվար, սակայն պոչամբարի ընդլայնումը շարունակվում է մինչ օրս:
«Մեր հանքարդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունները մի խնդիր ունեն. նրանք անընդհատ փորձում են մեծացնել արտադրության ծավալները, որը կոչվում է էքստենսիվ հանքադյունաբերություն։ Այսինքն, նրանք չեն փորձում նոր տեխնոլոգիաներ ներդնել, ավելի շատ ուզում են կորզել, շատ ու շատ հանքանյութ են մշակում, հետևաբար, շատ թափոն են կուտակում։ Բոլոր պոչմաբարները սահմանափակ տարածք են զբաղեցնում, օրինակ սա 14 հա է, էլ որտե՞ղ պետք է լցվի։ Պոչամբարի 1 խմ-ի տարեկան պահպանման ծախսը 0,4 դոլար է: Ոչ ոք չի ուզում իր վրա վերցնել այդ ծախսերը, ուր մնաց կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն կրի»։
«ԷկոLուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը հավելում է՝ ընկերությունները պետք է հանքարդյունաբերությանը զուգահեռ անվտանգության միջոցառումներ իրականացնեն, կատարեն ռեկուլտիվացիա, խախտված հողերի վերականգնում։ Սակայն Հայաստանում ոչ մի ընկերություն այդպես չի անում, քանի որ ընկերություններին պատասխանատվության ենթարկելու համապատասխան օրենսդրություն չկա։
«Նահատակ» պոչամբարի անմիջական հարևանությամբ բնակելի տներ են, որի բնակիչներն ամենօրյա ռեժիմով ենթարկվում են պոչամբարի վնասակար աղդեցությանը։
Ինգա Զարաֆյանը հավելում է՝ կապարի նույնիսկ շատ փոքր քանակությունը բերում է ծանր հիվանդությունների, դա միանգամից չի արտահայտվում, բայց այստեղ ապրող մարդիկ անընդհատ ենթարկվում են պոչամբարների վնասակար ազդեցությանը, խմում են այստեղի ջուրը, օգտագործում այս հողի վրա աճեցված միրգը։
2015 թ-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանն Ախթալա քաղաքի երեխաների արյան փորձաքննությամբ պարզել է, որ ծանր մետաղներն երեխաների արյան մեջ գերազանցում են նորման բազմաթիվ անգամներ:
Դրանից առաջ, 2014 թ-ին, քիմիկոս Սեյրան Մինասյանը փորձաքննության է ենթարկել Մեծ Այրումում աճեցված դեղձը և պարզել, որ դրանց մեջ ծանր մետաղների առկայությունը գերազանցում է նորման բազմաթիվ անգամներ:
2018-2021 թթ-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի և քիմիական անվտանգության հարցերով զբաղվող չեխական «Առնիկա» կազմակերպության համագործակցությամբ Մեծ Այրումում և Ախթալայում իրականացվել են հետազոտություններ՝ պարզելու հողում, միրգ-բանջարեղենում և մարդու օրգանիզմում ծանր մետաղների առկայությունը։ Պարզվել է, որ ինչպես Դեբեդ գետի նստվածքներում, այնպես էլ հողի մեջ բարձր է պղնձով, ցինկով, կապարով ու մկնդեղով աղտոտվածությունը։ Որոշ փորձանմուշներում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցում է տասնյակ անգամներ։
Ախթալա խոշորացված համայնքի բնակիչներից վերցված կենսանմուշներում հայտնաբերվել է մկնդեղի առկայություն՝ 6-58 մկգ/գ կրեատինինի սահմաններում:
Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են հենց Նահատակի պոչամբարի հարևանությամբ ապրող երեխաների շրջանում:
Ախթալա, Ճոճկան բնակավայրերի տարածքներում աճեցված գյուղմթերքներում սնդիկ հայտնաբերվել է մշակաբույսերի 5 նմուշներում։ Կադմիում հայտնաբերվել է գյուղմթերքի բոլոր նմուշներում։
Այս հետազոտությունների հիման վրա Մեծ Այրում և ճոճկան գյուղերի 70 բնակիչներ դիմել են դատարան՝ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։
«Այստեղ կա կոնկրետ պահանջատիրություն, առաջինը, որ պետք է ռեկուլտիվացվի պոչամբարը, երկրորդը՝ այստեղի բնակիչները պետք է փոխհատուցվեն իրենց կրած սոցիալական, առողջապահական վնասների դիմաց: Մեր պետությունը պետք է ահապաղ միջոցներ ձեռնարկի, որպեսզի համայնքի բնակիչների շահերն ու իրավունքները պաշտպանված լինեն, որովհետև այս պահին օրենսդրությունն իր բոլոր բաղադրիչներով գործում է միայն ի շահ հանքարդյունաբերողի։ Եվ ամենակարևորը՝ ազդակիր համայնքների ՏԻՄ-երը պետք է շատ լուրջ վերաբերվեն այս խնդիրներին, ներդնեն իրենց համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն՝ համայնքի բնակիչների սոցիալական, էկոլոգիական, առողջապահական իրավունքները պաշտպանելու և համայնքներում այլընտրանքային զարգացման ուղղություններ տալու համար»,- ասում է «Համայնքային համախմբան և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։
Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը օրենքի խախտում է որակում այն, որ պոչամբարները գտնվում են հենց բնակավայրի տարածքում։ Նահատակի պոչամբարը պետք է ռեկուլտիվացվեր 2019 թ-ին, սակայն այն ոչ միայն չի ռեկուլտիվացվել, այլ շարունակում է թափոններ կուտակել։ Արդեն իսկ այդ պոչամբարի տակ է մնացել Մեծ Այրումի խմելու ջրի բնական աղբյուրները։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում գրված է, որ գնահատման և փորձաքննության ընթացքում գնահատվում է մարդու առողջության վրա ազդեցությունը։ Բայց, ըստ էության, չի գնահատվում, որովհետև նախ շրջակա միջավայրի նախարարությունն այդ ռեսուրսներն ու մասնագետները չունի, որ գնահատի, երկրորդ, դա առողջապահության գործն է։ Պետք է կատարվի ոչ թե ՇՄԱԳ օրենքով, այլ «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» օրենքով», - ասում է Նազելի Վարդանյանը։
«ԷլոԼուր»-ից տեղեկանում ենք, որ «Նահատակ» պոչամբարը կռեկուլտիվացվի մինչև 2023 թ-ը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը ԲՓ 0132-21 դրական փորձաքննական եզրակացություն է տվել «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը:
Փորձաքննությանը դրական եզրակացություն է տրվել մի շարք փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով, որոնց մեջ, սակայն, չի մտնում այն, որ Դեբեդ գետի ջրերն արտադրական կեղտաջրերով աղտոտման դեպքում ինչ միջոցներ են ձեռք առնվելու կամ արդեն իսկ առկա աղտոտվածությունն ինչպես է վերացվելու։ Անդրադարձ չկա նաև բնակչության առողջությանը պատճառված վնասի փոխհատուցմանը։
Փետրվար 15, 2022 at 11:21
