

«Ատ-Մետալս» ՍՊԸ-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով մշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը՝ արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու նպատակով: Հայտի՝ թվով 2-րդ հանրային լսումները տեղի կունենան ս.թ. ապրիլի 26-ին, ժամը՝ 15:00-ին, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում:
Մեղրասարի ոսկու հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզում, Մեղրու լեռնաշղթայի լեռնանցքային մասում՝ 2000-2700 մ բարձրությունների վրա, «Արևիք» ազգային պարկից 14 կմ հեռավորության վրա։ Մոտակա բնակավայրերն են Տաշտուն և Լիճք գյուղերը: «Ատ-Մետալս» ՍՊԸ-ն Մեղրասարի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման թույլտվությունը ստացել էր 2014թ. 7,5 տարի ժամկետով, որը լրացել է 2021թ. հուլիսին։ Կարճ ժամանակահատված հանքի և գործարանի շահագործումից հետո՝ 2015թ., աշխատանքները դադարեցվել էին: Ըստ Հայաստանի Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) կայքում հրապարակված ընկերության հաշվետվությունների՝ «Ատ-Մետալս»-ը 2016 և 2018 թվականներին հանքը չի շահագործել, իսկ 2017թ. ընկերության արտադրության ծավալը կազմել է 14257 տոննա, որից՝ 10855 տոննա ոսկու հանքաքարից, 1000 տոննան իրացրել է «Թոմ ընդ Միր» ՍՊԸ-ին, 9855 տոննան՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին։ 2019թ. ընկերությունն արդյունահանել է 10811 տոննա հանքաքար, որից 9203 տոննան իրացրել է «Չաարատ Կապան» ՓԲԸ-ին:
Դեռևս 2021թ. ընկերությունը դիմել և Շրջակա միջավայրի նախարարությունից ստացել է դրական եզրակացություն Տաշտունի ոսկու կորզման գործարանի վերազինման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի համար: Ըստ այդ հայտի՝ նախատեսվում էր տարեկան վերամշակել 52 հազար տոննա հանքաքար: Արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու աշխատանքային նախագծով բացահանքի տարեկան արտադրողականությունը կկազմի 50 հազար տոննա ապրանքային հանքաքար, շահագործման ընդհանուր տևողությունը՝ 6,32 տարի: Տարեկան բացահանքը աշխատելու է 305 օր, 3 հերթափոխով:
Նախագծով նախատեսվում է հանքավայրը շահագործել հաջորդաբար երեք բացահանքով: N1 բացահանքի մակաբացման ապարները պահեստավորելու են արտաքին լցակույտերում, իսկ N2 և N3 բացահանքերի մակաբացման ապարները՝ համապատասխանաբար N1 և N2 բացահանքերի մշակված տարածությունում: Արդյունահանված հանքաքարը տեղափոխվելու է մինչև 20 կմ հեռավորության վրա գտնվող Տաշտունի հանքաքարի վերամշակման գործարան: Բացի այդ, N1 և N2 բացահանքերի հատակների 2470 մ նիշից ներքև սույն նախագծով նախատեսվում է NN 3.9 և 4 հանքային մարմինների բնամասերում մնացած հանքաքարի հաստատված պաշարների արդյունահանում ստորգետնյա եղանակով: Այս դեպքում ստորգետնյա հանքի ծառայման ժամկետը կլինի 0.44 տարի: Այսպիսով՝ Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման ընդհանուր ժամկետը կկազմի 6.76 տարի:
Շրջակա միջավայրի աղտոտումն ընկերությունն իր հայտում բացառել է:
Ապրիլ 18, 2022 at 14:16