Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի ոսկու կորզման գործարանի վերազինման նախագծի ՇՄԱԳ հայտին

Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի ոսկու կորզման գործարանի վերազինման նախագծի ՇՄԱԳ հայտին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի Տաշտունի ոսկու կորզման գործարանի վերազինման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին:

«Ատ-Մետալս» ՍՊԸ-ն Մեղրասարի ոսկու հանքավայրի  ընդերքօգտագործման թույլտվությունը ստացել է 2014թ. 7,5 տարի ժամկետով։ Կարճ ժամանակահատված հանքի և գործարանի շահագործումից հետո՝ 2015թ., աշխատանքները դադարեցվել էին: Ըստ Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակներում Ընկերության ներկայացրած հաշվետվությունների՝ «Ատ-Մետալս»-ը 2016 և 2018 թվականներին հանքը չի շահագործել, իսկ 2017թ. Ընկերության արտադրության ծավալը կազմել է 14257 տոննա, որից՝ 10855 տոննա ոսկու հանքաքարից, 1000 տոննան իրացրել է «Թոմ ընդ Միր» ՍՊԸ-ին, 9855 տոննան՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին։ 2019թ-ին Ընկերությունն արդյունահանել է 10811 տ հանքաքար, որից 9203 տոննան իրացրել է «Չաարատ Կապան» ՓԲԸ-ին:

Ըստ հայտի՝ Ընկերությունը նախորդ նախագծով նախատեսում էր ոսկու կորզումն իրականացնել՝ որպես լուծազատիչ օգտագործելով թիոկարբամիդի լուծույթը: Սակայն փորձարկումները ցույց են տվել, որ տվյալ հանքաքարից ոսկու և արծաթի կորզումն այս եղանակով արդյունավետ չէ: Ներկայումս նախատեսվում է հանքաքարից ոսկու և արծաթի կորզման համար փորձարկել չինացի մասնագետների կողմից երաշխավորված նոր SD-0103 լուծազատիչը: Նոր տեխնոլոգիայով նախատեսվում է համատեղել լուծազատման և սորբցիոն տեխնոլոգիաները՝ որպես սորբենտ օգտագործելով ակտիվացրած ածուխը:

Գործարանը գտնվում է Մեղրի խոշորացված համայնքի Տաշտուն բնակավայրի տարածքում: Մոտակա բնակավայրերն են Լիճքը՝ 1,1 կմ հեռավորության վրա, Վանքը՝ 6 կմ հեռավորության վրա և Կալերը՝ 7,7 կմ հեռավորության վրա:

Նախատեսվում է տարեկան վերամշակել 52 000 տոննա հանքաքար: Աշխատանքային ռեժիմը՝ տարին 345 օր, 3 հերթափոխ: Ձեռնարկությունն աշխատելու է լրիվ շրջանառու համակարգով, բացառվելու է արտադրական կեղտաջրերի արտահոսքը բաց ջրավազաններ:

Ըստ հայտի ընդհանուր արտանետումները մթնոլորտ կազմելու են 46.51տ/տարի:

Ինչպես խմելու-տնտեսական, այնպես էլ տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվելու է խմելու որակի ջուր Տաշտուն գյուղի խմելու-տնտեսական ցանցից:

Նախատեսվող բնապահպանական միջոցառումներից են.

  1. Չոր աղացման հանգույցում արտանետումների որսման համար տեղադրվելու են մարտկոցային ցիկլոններ, որոնց արդյունավետությունը հասնում է 98%-ի:
  2. Տարալվացման կափարիչներն ունեն կափարիչներ,  իսկ պրոցեսն անցկացվում է հիմնային միջավայրում, որպեսզի նվազագույնի հասցվեն հնարավոր արտանետումները:
  3. Ոսկու ձուլվածքից արծաթի և այլ խառնուկների անջատման ընթացքում ազոտական թթվի գոլորշիների կլանման և չեզոքացման համար նախատեսվում է տեղադրել սկրուբեր (չեզոքացման համար օգտագործվելու է NaOH լուծույթը):
  4. Լուծազատման բաքերից հնարավոր վերթափումների համար նախատեսված է վթարային ավազան, որտեղից թափվածքները պոմպի օգնությամբ վերադառնալու են լուծազատման պրոցես:

«Ատ-Մետալս» ՍՊԸ-ին ներկայացված փորձաքննական պահանջներն են.

- Ֆաբրիկայի աշխատանքի արդյունքում առաջացած արտադրական թափոնների հեռացումը և տեղադրումն իրականացնել թափոնների անձնագրով սահմանված պահանջներին համապատասխան:

- Ֆաբրիկայի շահագործման ընթացքում անհրաժեշտ է պահպանել բնապահպանական և մոնիթորինգի պլաններով նախատեսված միջոցառումները

- Վերազինման ընթացքում պահպանել աշխատանքի անվտանգության նորմերը՝ ՀՀ աշխատանքի օրենսգրքի 23-րդ գլխի պահանջներին համաձայն:

- Աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է խստագույնս հետևել ՇՄԱԳ հաշվետվությունում և նախագծային փաստաթղթերում ամրագրված տեխնոլոգիական նախագծման նորմերին, բնապահպանական և սոցիալական կառավարման ծրագրի պահանջներին (շրջակա միջավայրի՝ մթնոլորտային օդի, հողի, ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության վրա ազդեցության կանխարգելմանը, նվազեցմանը կամ բացառմանն ուղղված բնապահպանական, արտակարգ իրավիճակների, անբարենպաստ պայմանների և վթարային իրավիճակների հետևանքով առաջացող հնարավոր ազդեցությունների մեղմացմանն ուղղված միջոցառումներ և ծրագրեր): 

Օգոստոս 03, 2021 at 18:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր