«Հասարակական կազմակերպությունները որոշակի տարաձայնություն ունեն, բայց այդ տարաձայնություններն ընդամենն իրենց տարաձայնություններն են». ՀՀ նախագահը՝ Ընդերքի մասին օրենսգրքի փոփոխությունների մասին

«Հասարակական կազմակերպությունները որոշակի տարաձայնություն ունեն, բայց այդ տարաձայնություններն ընդամենն իրենց տարաձայնություններն են». ՀՀ նախագահը՝ Ընդերքի մասին օրենսգրքի փոփոխությունների մասին

Այս շաբաթ լրացել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման 100 օրը: Այդ կապակցությամբ Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը հարցազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ: Ի թիվս մի շարք հարցերի ՀՀ նախագահն անդրադարձել է «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» վիճահարույց օրենքի՝ իր կողմից ստորագրելու հանգամանքին: Նա, մասնավորապես, ասել է.

«Վերջերս բավականին հետաքրքրության արժանացավ Ընդերքի մասին օրենքի փոփոխությունը: Եվ հասարակական կազմակերպությունները դիմել էին ինձ: Ես փորձեցի խորանալ խնդրի մեջ և՛ առաջին ընթերցումից հետո, և՛ երկրորդ ընթերցումից հետո: Ինձ մանրամասն հետաքրքրում էր քննարկումները հանրային տիրույթում ինչպես են տեղի ունեցել, այդ թվում Հանրային հեռուստաընկերությամբ այդպիսի քննարկում էր եղել: Արդյունքում պարզեցինք, Ազգային ժողովի հանձնաժողովի փոխնախագահն էր Բաբկենը Թունյան և կառավարության փոխնախարարն էր ինձ մոտ՝ պարոն Հարությունյանը, քննարկումներ արեցինք, տեսակետները լսեցինք: Ես հասկացա, որ իրականում ամեն ինչ արվել է, հնարավորությունը տրվել է հասարակական սեկտորին կամ ներկայացուցիչներին՝ ոչ կառավարական, որպեսզի իրենք իրենց տեսակետները հայտնեն: Եվ այդ ամենը համադրելով՝ մենք եկանք այն եզրակացության, որ օրենքը հակասահմանադրական չէ, օրենքում հաշվի է առնված բոլոր այն կարծիքները, որոնք հնչել են մինչ օրենքն ընդունելը: Հասարակական կազմակերպությունները որոշակի տարաձայնություն ունեն, բայց այդ տարաձայնություններն ընդամենն իրենց տարաձայնություններն են իրենց ներկայացմամբ: Բայց օրենքի և սահմանադրականության առումով որևէ խնդիր չկար»:

Նշենք, որ «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու  մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանրության հետ հանրային լսումներ չեն կազմակերպվել ընդունված կարգի համաձայն: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում տեղադրված օրինագծում բացակայել են հասարակական կազմակերպությունների համար վիճահարույց դրույթները, որոնք կարող էին քննարկվել նաև այդ հարթակում: Հանրային հեռուստաընկերության եթերում օրինագծի քննարկումը հանրային լսում չէ: Այսպիսով, օրենքն ընդունվել է՝ արհամարհելով չորս տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների դիմում-նամակները: 

ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով ՀՀ նախագահը 21-օրյա ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

 



Հունիս 23, 2022 at 16:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր