

Արդեն շուրջ 4 օր է՝ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի աշխատակիցները գործադուլ են իրականացնում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում, բժշկական ապահովագրություն և ընկերության տնօրենի փոփոխություն:
Ընկերության հետ ընդհանուր հայտարարի չգալով՝ հանքում աշխատողները հունիսի 24-ից անցել են բողոքի ակցիաների անցկացման տարբերակին՝ մի քանի աշխատակիցներ հանքում հացադուլ են սկսել: Պատկան մարմինների ուշադրությունը գրավելու նպատակով գործադուլի մասնակիցները հունիսի 26-ին մի քանի րոպեով փակել էին Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։ Սակայն՝ հանքում հացադուլ իրականացողների հետ կապ հաստատելուց հետո՝ բացել էին ճանապարհը: Նշենք, որ «Չաարատ Կապան» ընկերության ֆեյսբուքյան էջում հունիսի 25-ին հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ ընկերությունը հետևում է նրանց առողջական վիճակին: «Ի գիտություն բոլորին հայտնում ենք, որ հունիսի 25-ից հանքում հացադուլի մեջ գտնվող տղաների առողջական վիճակը լավ է, ընկերության բուժանձնակազմն ու փրկարարները պարբերաբար այցելում են նրանց։ Իսկ ինչ վերաբերվում է դրսի հետ կապին, ապա տեղեկացնում ենք, որ հանքում գործող ստացիոնար կապը անխափան աշխատում է և տվյալ աշխատակիցները ևս գիտեն ինչպես օգտվել տվյալ հեռախոսներից։ Հանքում միայն ինտերնետ կապի տեխնիկական խնդիր կա, որի ուղղությամբ մասնագետներն աշխատում են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Այս ամենից հետո՝ հունիսի 26-ի ուշ երեկոյան գործադուլի մասնակիցները հավաքվել են Սյունիքի մարզպետարանի շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Կապանի բնակիչ Դավիթ Հակոբյանը «ԷկոԼուրի» հետ զրույցում ասաց, որ հանդիպումն ի վերջո կայացել է, սակայն, ըստ իր ունեցած տեղեկատվության, ընդհանուր հայտարարի չեն եկել: Վերջինս նաև նշեց, որ այսօր՝ հունիսի 27-ին, մարզպետարանում պետք է կազմակերպվի հանդիպում կոմբինատի տնօրենի հետ, բանակցելու համար առաջադրված պահանջների շուրջ։ Մարզպետարանի կայքում առկա քաղաքային հեռախոսոհամարներով հնարավոր չեղավ կապ հաստատել մարզպետարանի աշխատակազմի կամ մարզպետի օգնականի հետ՝ ճշտելու համար, թե արդյոք հանդիպումը կայացել է, թե ոչ:
«Չաարատ Կապան» ընկերությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումն ունի: Ընկերությունը հունիսի 27-ին Ֆեյսբուքի իր էջում պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ արտադրության աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել են: Հաղորդագրության մեջ նշված է.
«Սույն թվականի հունիսի 24-ին ընկերության ստորգետնյա հանքի 3-րդ հերթափոխի աշխատակիցները հրաժարվել են հանք մտնել, ընդ որում նրանց գործողությունները չի կարող դիտարկվել` գործադուլ, հաշվի առնելով, որ գործադուլ հայտարարելու օրենսդրական պահանջը պահպանված չէ։
Տվյալ աշխատակիցների՝ գլխավոր տնօրենին ներկայացրած հիմնական պահանջներից մի մասը ընկերությունը պատրաստակամություն հայտնեց բավարարել, սակայն վերջիններս որևէ փոխհամաձայնության չգալով, արդեն 3 օր է շարունակում են իրենց սաբոտաժը։
Իհարկե, բոլորս ենք հասկանում ողջ աշխարհում բռնկված տնտեսական ճգնաժամի ծանր հետևանքները, ընկերությունը ևս անտարբեր չէ իր աշխատակիցների խնդիրներով, սակայն ներկա պահին այդ ճգնաժամը նաև բացասական ազդեցություն է թողել ընկերության վրա, հատկապես վերջին ամիսներին հայկական դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ զգալի արժևորումը, և ներկա պահին աշխատավարձերի բարձրացման պահանջն ընկերությունը ի վիճակի չէ բավարարել։
Տվյալ աշխատակիցները, իրենց հակաիրավական գործողություններով, խոչընդոտում են ոչ միայն հանքի, այլ նաև ընկերության ողջ տնտեսական գործունեությանը, որը ֆինանսական մեծ վնասներ է հասցրել ընկերությանը։
Ներկա պահին ընկերության ղեկավարության որոշմամբ արտադրության աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցված են և դեռևս պարզ չի՝ աշխատանքները երբ կվերսկսվեն։
Ի հավելում նշենք, որ Չաարատ Կապանը, համարվելով Կապան համայնքի ամենամեծ գործատուն, աշխատանքով է ապահովում շուրջ 1040 բնակչի, ինչպես նաև հարյուրավոր կապալառուների, որոնց մեծամասնությունը տեղացիներ են»։
Հունիս 27, 2022 at 16:14