Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը ստացել է Հայաստանի Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրի շրջակա միջավայրից և բնակիչներից վերցված փորձանմուշների հետազոտության առաջին արդյունքները։
2022թ. սեպտեմբերին «Առնիկա»-ի մասնագետները Հայաստանի գործընկեր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ միասին աշխատել են Քարաբերդ բնակավայրում և տեղի բնակիչներից վերցրել են հողի, գետի հատակային նստվածքի, ինչպես նաև մազերի և մեզի փորձանմուշներ՝ Քարաբերդի ոսկու հանքավայրի շահագործման ազդեցությունն առողջության և շրջակա միջավայրի վրա ուսումնասիրելու նպատակով: Ընդամենը վերցվել է 7 փորձանմուշ հողից, 7-ը՝ գետի հատակային նստվածքից և 1-ը՝ հանքաքարի թափոններից: Նաև վերցվել է 18 կենսաբանական փորձանմուշ տեղի բնակիչներից։
Նմուշառումն անցկացվել է շրջակա միջավայրի և կենսաբանական փորձանմուշների նմուշառման մշակված մեթոդաբանության համաձայն: Նմուշները տեղափոխվել են Չեխիայի Ուստի նադ Լաբեմի սերտիֆիկացված լաբորատորիա (Zdravotní ústav se sídlem v Ústí nad Labem), որտեղ հավատարմագրված մեթոդներով փորձանմուշներում վերլուծվել է ծանր մետաղների մասնավորապես՝ մկնդեղի (As), կադմիումի (Cd), քրոմի (Cr), պղնձի (Cu), երկաթի (Fe), մոլիբդենի (Mo), նիկելի (Ni), կապարի (Pb), վանադիումի (V), ցինկի (Zn) պարունակությունը:
Վերլուծությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ հողում, որը գտնվում է Քարաբերդի հանքավայրի մոտ (հեռավորությունը հանքավայրից՝ 150 մ), ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն բարձր է մաքուր հողերի և Քարաբերդ բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի համեմատ, ներառյալ՝ Քյոխվախլու բնակելի թաղամասի տարածքը։ Կարևոր է նշել, որ հանքավայրի վերևի հատվածում գտնվող հողն օգտագործվում է անասունների համար խոտ աճեցնելու համար:
Նմուշառում Քարաբերդի ոսկու հանքավայրի մոտակայքից
Քարաբերդի բնակիչների գյուղատնտեսական հողերում նույնպես հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն՝ շատ դեպքերում գերազանցելով հողի համար նախատեսված ցուցանիշները։ Ուսումնասիրված բնակավայրերի գյուղատնտեսական հողերում ծանր մետաղների պարունակության արդյունքները մտահոգիչ են։
Հողի նմուշառման գծագրված կետերով քարտեզ
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այնպիսի աղտոտիչ տարրերին, ինչպիսիք են մկնդեղը, որի պարունակությունը փորձանմուշներում 2-2,5 անգամ գերազանցում է նորման, և կապարը, որի պարունակությունը գերազանցում է նորման 2-ից 10 անգամ։
Այս տարրերի բարձր պարունակության առկայությունը կարող է մարդու օրգանիզմում առաջացնել բացասական ազդեցություն։ Դրանք խիստ թունավոր են և մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոտարրեր չեն:
Մկնդեղը դասակարգվում է որպես քաղցկեղածին: Մկնդեղով աղտոտված ջրի երկարատև օգտագործումը կարող է առաջացնել մաշկի էպիդերմոիդ քաղցկեղ, նաև թոքերի քաղցկեղ։
Մկնդեղի ազդեցությունը կարելի է գնահատել՝ վերլուծելով դրա պարունակությունը մազերի և եղունգների մեջ: Կապարին վերագրվում է թունավոր ազդեցությունների լայն շրջանակ, այն համարվում է ամենակայուն ծանր մետաղներից և շրջակա միջավայրի գլոբալ աղտոտիչներից մեկը: Արյան մեջ դրա առկայությունն անբարենպաստ է ցանկացած կոնցենտրացիայի դեպքում, քանի որ այն պատկանում է օտարածին քիմիական նյութերի շարքին (քսենոբիոտիկներ) կենդանի բոլոր տեսակների համար:
Կապարը կարող է ազդել արյան, ինչպես նաև նյարդային, իմունային և սրտանոթային համակարգերի, երիկամների վրա: Ազդեցությունը մանկության վաղ շրջանում և նախածննդյան շրջանում առաջացնում է ճանաչողական զարգացման հապաղում, ուսուցման մեջ դժվարություններ և այլ հետևանքներ։ Մեծ քանակությամբ կապարի ազդեցությունը կարող է առաջացնել ստամոքս-աղիքային հիվանդություններ, լրջորեն վնասել ուղեղը և երիկամները, ինչպես նաև վերարտադրողական գործառույթը: Մարդու մարմնի համար կապարի անվտանգ մակարդակ չկա:
Բոլոր փորձանմուշների վերլուծությունների մանրամասն արդյունքները կներկայացվեն «Առնիկա»-ի և նրա գործընկերների կողմից՝ ամբողջ ուսումնասիրության ավարտից հետո՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ։
Դեկտեմբեր 22, 2022 at 14:28