«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ը մտադիր է Լենհանքերի արտադրական լցակույտերում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրություն կատարել

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ը մտադիր է Լենհանքերի արտադրական լցակույտերում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրություն կատարել

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն նախատեսում է 2023-2025թթ. Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական սահմաններում գտնվող նախկին Լենհանքերի արտադրական լցակույտերում, որպես ընդերքի տեղամասում, առկա օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնել։ 2023թ. փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ձեռնարկողի կողմից նախատեսվող գործունեության և դրա ազդեցության գնահատման գործընթացների մասին հանրային քննարկում: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է Ալավերդիի համայնքապետարանի պաշտոնական կայքում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացումը ներառելու է օգտակար հանածոների պաշարների գնահատումն ու հաստատումը, համապատասխան օգտակար հանածոների հետագա վերամշակման համար լեռնահանքային համալիրի ստեղծման և (կամ) առկա արտադրական ենթակառուցվածքների վերակառուցման (վերազինման) ու գործարկման հնարավորության գնահատումը, ինչպես նաև համայնքում ընդերքօգտագործման ոլորտի զարգացման տնտեսական հեռանկարների հստակեցումը։

Ընկերության՝ ծրագրի վերաբերյալ ներկայացրած սեղմագրի համաձայն՝ նախատեսվող գործունեությունն ընդգրկելու է 14,34 հեկտար ընդհանուր մակերեսով՝ նախկին Լենհանքերի արտադրական լցակույտերով ծածկված աշխարհագրական տարածքը, որն ամբողջությամբ ձևավորվել է նույն Լենհանքերում նախկինում ստորգետնյա եղանակով իրականացված օգտակար հանածոների արդյունահանման կամ վերամշակման արդյունքում առաջացած ընդերքօգտագործման թափոնները երկրի մակերևությի վրա տեղադրվելու արդյունքում: 

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երեք փուլով: Առաջին փուլում ընկերությունը մտադիր է ծանոթանալ ծրագրանախահաշվային փաստաթղթերի պատրաստման նպատակով ուսումնասիրության համար դիտարկվող տեղամասում նախկինում կատարված աշատանքների վերաբերյալ ֆոնդային նյութերին:

Երկրորդ փուլում արտադրական լցակույտերը խորքում ուսումնասիրելու նպատակով ընկերությունը նախատեսում է հորատել 59 հորատանցք՝ 10-30 մ խորությամբ, 990 մ ընդհանուր ծավալով: Հորատման հիմնական տրամագիծը լինելու է 93 մմ: Հորատման ընթացքում ապահովվելու է հորատահանուկի նվազագույնը 90% ելք: Ընդամենը նախատեսվում է վերցնել 990 հատ հանուկային նմուշ՝ դրանցում պղնձի և ազնիվ մետաղների պարունակությունները որոշելու համար քիմիական և հարգորոշիչ անալիզներ իրականացնելու նպատակով: 

Երրորդ փուլում արդեն կիրականացվեն ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ: Ճառագայթահիգիենիկ իրավիճակի գնահատման համար հանուկը կենթարկվի ռադիոմետրական չափումների: Աշխատանքների ավարտից և ստացված արդյունքներն ամփոփելուց հետո կազմվելու է պաշարների հաշվարկմամբ երկրաբանական հաշվետվություն: 

Ընկերության գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմելու նպատակով նախատեսվում է մի քանի միջոցառում, մասնավորապես՝ հորատման աշխատանքների ընթացքում արտահոսքերը բացառելու նպատակով օգտագործվելու է լվացող հեղուկի շրջանառու փակ ցիկլ: 

 

Փետրվար 09, 2023 at 11:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր