Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ, Ապարան խոշորացված համայնքի Մելիքգյուղ, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մեղրաձոր և Արարատ խոշորացված համայնքի Արարատ և Սուրենավան բնակավայրերում բացահայտվել է ծանր մետաղներով բարձր աղտոտվածություն։
Դեկտեմբերի 14-ին Երևանում ամփոփվեցին «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» 2 տարվա ծրագրի արդյունքները։
Ծրագիրն իրականացվել է չեխական «Առնիկա» ՀԿ-ի, հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
«Առնիկա» կազմակերպությունից ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն ներկայացրեց հետազոտությունների արդյունքները՝ «Հայաստանի չորս հանքարդյունաբերական համայնքներում ծանր մետաղների բաշխման կենսամոնիթորինգ և քարտեզագրում» հաշվետվությունը։
Նա նշեց, որ հետազոտվել են համայնքների արդյունաբերական տարածքներից, դրանց հարակից հողերից, գետային նստվածքներից վերցված փորձանմուշները, ինչպես նաև տեղի բնակիչներից վերցված կենսաբանական փորձանմուշները։
Ընդհանուր վերցվել է 135 փորձանմուշ, որից 53-ը շրջակա միջավայրի փորձանմուշներ, իսկ 82-ը՝ կենսաբանական։
Արարատ, Սուրենավան բնակավայրերից վերցված փորձանմուշների անալիզի արդյունքները ցույց են տալիս, որ ուսումնասիրված տարածքները բնութագրվում են որպես չափավոր և խիստ աղտոտված մկնդեղով և չափավոր աղտոտված քրոմով և նիկելով։
Մկնդեղի, կադմիումի, քրոմի և նիկելի բարձր կոնցենտրացիաներ հայտնաբերվել են Արարատի ոսկու վերամշակման գործարանի անմիջապես հարևանությամբ գտնվող հողերում։ Մասնավոր այգիներից վերցված հողում, որոնք օգտագործվում են մշակաբույսերի աճեցման համար, հայտնաբերվել է կապարի, մկնդեղի և ցինկի բարձր պարունակություն։
Կենսաբանական նմուշներում հայտնաբերվել է մկնդեղի բարձր պարունակություն։
Քարաբերդ բնակավայրի տարածքից վերցված փորձանմուշների անալիզի արդյունքներով՝ ուսումնասիրված տարածքները բնութագրվում են որպես չափավոր և խիստ աղտոտված մկնդեղով և կադմիումով և չափավոր աղտոտված կապարով և ցինկով։
Մասնավոր այգիներից վերցված հողում հայտնաբերվել է մկնդեղի, կադմիումի, կապարի և ցինկի բարձր պարունակություն:
Կենսաբանական նմուշներում կադմիումի, պղնձի և նիկելի մակարդակը և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ բարձր է եղել:
Մեղրաձոր բնակավայրի տարածքում գտնվող գետային նստվածքներում հայտնաբերվել են մկնդեղ, կադմիում, պղինձ, երկաթ, սնդիկ, մոլիբդեն, նիկել կապար և ցինկ։ Տարածքը բնութագրվում է որպես մկնդեղով չափավոր աղտոտված։
Մասնավոր այգիներից վերցված հողում հայտնաբերվել է մկնդեղի, քրոմի և կապարի բարձր պարունակություն։
Կենսաբանական փորձանմուշների արդյունքները ցույց են տվել կադմիումի և նիկելի միջինից մինչև բարձր մակարդակի պարունակություն։
Երկու կենսաբանական փորձանմուշներում հայտնաբերվել է մկնդեղի անոմալ բարձր մակարդակ։
Մելիքգյուղ բնակավայրի տարածքը բնութագրվում է որպես միջինից մինչև խիստ աղտոտված մկնդեղով, կադմիումով և քրոմով։ Ի հավելումն որոշ մասնավոր այգիների հողում նաև հայտնաբերվել է ցինկի բարձր պարունակություն։
Կենսաբանական փորձանմուշներում հայտնաբերվել է մկնդեղի և նիկելի բարձր պարունակություն։ Իսկ մազերում հայտնաբերված կադմիումի, պղնձի և սնդիկի պարունակությունը վկայում է երկարատև ազդեցության մասին։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը նշեց, որ հետազոտությունը պաշտպանում է տեղի բնակչության և ապագա սերունդների առողջ ապրելու իրավունքը։ «Էկոլոգիական անվտանգությունը մեր պետական անվտանգության կարևոր մասն է», - նշեց Ինգա Զարաֆյանը։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այս հետազոտության արդյունքները կարևոր են։ Հետազոտության արդյունքների փաթեթը կտրամադրվի նախարարությանը։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Դեկտեմբեր 15, 2023 at 17:45