ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ բնակավայրում՝ շրջակա միջավայրում և բնակիչների օրգանիզմում, հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն։
Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության փորձագետները «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակում 2023թ․ փորձանմուշներ են վերցրել Մելիքգյուղում գտնվող Թուխմանուկի ոսկու հանքավայրի, 3 պոչամբարների հարակից հողերից, գյուղի միջով հոսող գետի հատակային նստվածքներից, տեղի բնակիչների այգիներից և կենսաբանական նմուշներ՝ բնակիչներից։
Փորձանմուշները հետազոտվել են Չեխիայում՝ պետական սերտիֆիկացված լաբորատորիաներում: Հետազոտությունների արդյունքները ներկայացրել է «Առնիկա» կազմակերպությունից ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն։
Մկնդեղ (As)
Հանքավայրից ոչ հեռու գտնվող տարածքից վերցված հողի նմուշներում հայտնաբերվել են մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ՝ մինչև 119 մգ մկնդեղ՝ 1 կգ չոր քաշի դիմաց: Հողի բոլոր նմուշներում մկնդեղի կոնցենտրացիան գերազանցում են հողի համար սահմանված հայկական ստանդարտները։
Հատակային նստվածքների 6 նմուշներում հայտնաբերվել են մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ, ինչը վկայում է Քասախ գետի ջրհավաք ավազանի ջրհոսքերի հնարավոր աղտոտման մասին։
Կադմիում (Cd)
Հողի 7 նմուշներից 3-ում կադմիումի կոնցենտրացիան գերազանցում է տարբեր երկրների կողմից ընդունված առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը՝ 0,06-4,3 մգ կադմիումի սահմանում՝ 1 կգ չոր քաշի դիմաց:
Քրոմ (Cr)
Հողի նմուշներում քրոմի կոնցենտրացիան բարձր է հողի համար սահմանված հայաստանյան ստանդարտներից:
Պղինձ (Cu)
Հողի բոլոր նմուշներում պղնձի կոնցենտրացիան գերազանցում է հողի համար սահմանված հայաստանյան ստանդարտները:
Նիկել (Ni)
Նիկելի կոնցենտրացիաները հողի բոլոր նմուշներում գերազանցում են հողի համար սահմանված հայաստանյան ստանդարտները:
Կապար (Pb)
Հանքավայրի և պոչամբարի տարածքից վերցված հողի նմուշում կապարի կոնցենտրացիան հասնում է 212 մգ կապարի՝ 1 կգ չոր քաշի դիմաց, ինչը գերազանցում է հողի համար սահմանված հայաստանյան ստանդարտները:
Ցինկ (Zn)
Հողի 6 նմուշներում ցինկի կոնցենտրացիաները գերազանցում են համաշխարհային միջին և հողի համար սահմանված հայաստանյան ստանդարտները:
Կենսաբանական նմուշներ
Կապար (Pb)
Կապար հայտնաբերվել է մազերի բոլոր նմուշներում 0,15-0,5 մգ կապար՝ 1 կգ-ի դիմաց կոնցենտրացիայով: Մեզի մեջ կապար չի հայտնաբերվել:
Կադմիում (Cd)
Կադմիում հայտնաբերվել է մազերի 5 նմուշներից 3-ում՝ միջինը 0,005 մգ կադմիում 1 կգ-ի դիմաց: Մեզի նմուշներում կադմիում չի հայտնաբերվել:
Նիկել (Ni)
Նիկելն առկա էր մազերի և մեզի բոլոր նմուշներում: Մեզի մեջ նիկելի միջին արժեքը՝ 2,63 մկգ՝ 1 գ կրեատինինի դիմաց, գերազանցել է ԱՄՆ-ի համար ընդունված թույլատրելի սահմանը։
Սնդիկ (Hg)
Սնդիկ հայտնաբերվել է մազերի բոլոր նմուշներում՝ 0,045-0,156 մգ՝ 1 կգ-ի դիմաց: Օրգանիզմում սնդիկի առկայությունը վկայում է չափավոր ազդեցության մասին։
Պղինձ (Cu)
Պղինձը հայտնաբերվել է մազերի բոլոր նմուշներում՝ միջինում 9,13 մգ ՝ 1 կգ-ի դիմաց, ինչը համապատասխանում է նորմային։
Այսպիսով, հետազոտված տարածքը բնութագրվում է որպես մկնդեղով, կադմիումով և քրոմով աղտոտված։
«Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագիրն իրականացվել է չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության և հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Հունվար 05, 2024 at 16:17