

A1+
Օդերեւութաբաններից շատերի կանխատեսմամբ` գալիք ձմեռը կարող է ամենադաժանը լինել վերջին հազարամյակում։ Ըստ նրանց՝ Գոլֆսթրիմ կոչվող հոսանքի ջերմությունն աստիճանաբար կմարի եւ այն կդադարի Եվրոպան պաշտպանել արկտիկական սառնամանիքներից։
Օդի սառը զանգված կլինի ողջ Եվրասիա մայրցամաքում։ Չի բացառվում, որ էկոլոգիական նման խնդիրներ լինեն նաեւ Հայաստանում:
Սակայն ցուրտ ձմռան կանխատեսումները բնապահպան Կարինե Դանիելյանին չեն զարմացնում: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ ինչպես գլոբալ տաքացումը, այնպես էլ սառնաշունչ ձմեռները ոչ միայն ֆիզիկական, քիմիական, այլեւ... բարոյական ազդեցության արդյունք են։ «Մենք խախտում ենք տիեզերական օրենքները, եւ հասկանալի է, որ տիեզերքը պետք է պատասխանի: Բոլոր կրոններում կան 10 պատվիրաններ, սակայն արդյոք մարդկությունը հետեւում է դրանց. մեր բոլոր քայլերը հակառակ ուղղությամբ են գնում` ոչ թե միջավայրին հարմարվելու, այլ հակասությունները խորացնելու ուղղությամբ»,-ասում է բնապահպանը:
Այս տարվա ընթացքում, ըստ նրա` կարողացանք խուսափել բոլոր այն աղետներից, որոնք տեղի ունեցան Եվրոպայում, Ռուսաստանում, Չինաստանում. «Սակայն չի նշանակում, որ դա կարող է անվերջ շարունակվել. եղած կանխատեսումները շատ տագնապալի են»:
Բնապահպանի կարծիքով` այդ ամենը տեղի է ունենում հատկապես մարդու ագահության արդյունքում, երբ անխնա ոչնչացվում են բնական պաշարները: «Անտառների, կանաչ տարածքների կորուստը, ի վերջո բերում է անապատացման, իսկ անապատին ավելի բնորոշ է ցերեկվա եւ գիշերվա, ամռան եւ ձմռան ջերմաստիճանների կտրուկ տարբերությունը, որը դեռ կաճի»,- ընդգծում է Կարինե Դանիելյանը` ավելացնելով, որ խախտված են կենսագործունեություն ապահովող բոլոր համակարգերը, տեղի է ունենում օզոնային շերտի կորուստ, որն էլ հանգեցնում է այսպես կոչված ջերմոցային էֆեկտի:
Նա խորհուրդ տվեց լավ նախապատրաստվել ձմռանը. «Կարող են լինել նաեւ շատ անսպասելի երեւույթներ` ձմռան ընթացքում ջերմաստիճանի խիստ բարձրացում, հետո միանգամից անկում, մի քանի շաբաթ անընդհատ ձյուն, հետո ջերմաստիճանի բարձրացում եւ ձյան հալվելու արդյունքում`սելավներ»:
Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Շիրակի մարզում արդեն տեղացել է առաջին ձյունը:
Հոկտեմբեր 15, 2010
