Բացասական եզրակացություն՝ «Սագամար» ՓԲԸ-ի՝ «Չքնաղ-Արմանիս» տեղամասում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու ՇՄԱԳ հայտին

Բացասական եզրակացություն՝ «Սագամար» ՓԲԸ-ի՝ «Չքնաղ-Արմանիս» տեղամասում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու ՇՄԱԳ հայտին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը սույն թվականի փետրվարի 6-ին բացասական եզրակացություն է տվել «Սագամար» ՓԲԸ-ի՝ Լոռու մարզի Ստեփանավանի հանքային դաշտի «Չքնաղ-Արմանիս» տեսամասում 2023-2026թթ․ երկրաբանական ուսումնասիրության ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հայտին։

Որպես մերժման հիմնավորում եզրակացության մեջ նշված է․

«1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով հայցվող տեղամասի զբաղեցրած տարածքի հարավ-արևելյան հատվածը համընկնում է «Գյուլագարակ» պետական արգելավայրի տարածքի արևմտյան հատվածի հետ («Գյուլագարակ» պետական արգելավայրի սահմանները հաստատվել են շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի օգոստոսի 10-ի 278-Լ հրամանով հաստատված անտառկառավարման պլանով, հղումը՝ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայք՝ http://env.am/storage/files/forest-14-08.rar): Հայտում հայցվող տարածքից արգելավայրի գտնվելու հեռավորության վերաբերյալ ներկայացվել է հակասական տեղեկատվություն  («Գյուլագարակ» պետական արգելավայրը երկրաբանահետախուզական տեղանքից գտնվում է ավելի քան 5 կմ հեռավորության վրա, կամ 14 կմ հեռավորության վրա, կամ ապահովված է 25-30 մ բուֆերային գոտի): 

2. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով հայցվող տարածքի հարավ-արևելյան մի հատվածը տեղակայված է Գարգառ գետի գետի՝ արգելավայրի զբաղեցրած տարածքով հոսող վտակի ջրահավաք ավազանում: Հարկ է նշել, որ արգելավայրի ստեղծման հիմնական նպատակն է այնտեղ աճող սոճու ռելիկտային տեսակի էկոհամակարգի պահպանությունը, ուստի ուսումնասիրության, ինչպես նաև հետագայում արդյունահանման աշխատանքների արդյունքում հնարավոր բացասական ազդեցության կենթարկվեն արգելավայրի ջրային ու ցամաքային էկոհամակարգերը (հարկ է նշել, որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիները հիմնականում ընդգրկում են ԲՀՊՏ-ով անցնող գետերի ջրհավաք ավազանները։)

3. Հայտում երկրաձևաբանական, հողերի բնական տիպերի, լանջերի թեքության սողանքային մարմինների տարածման սխեմատիկ քարտեզները չեն ներկայացվել բուն հայցվող տարածքի ուրվագծային աարտացոլմամբ: 

4. Հայցվող տարածքում առկա են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված կենսաբազմազանության տեսակները։ 

5. Ծրագրի «Ընդհանուր տեղեկություններ» բաժնում ներկայացված քարտեզները և ծայրակետային կոորդինատները չեն համապատասխանում հայտում ներկայացված քարտեզներին ու ծայրակետային կոորդինատներին։ 

6. «Սագամար» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հողամասի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատներով պարփակված տարածքն ընդգրկված է ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի, Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի և Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի վարչական սահմաններում (ինչի վերաբերյալ տեղեկատվությունը հավաստվում է կադաստրի կոմիտեի կողմից ստացված կարծիքով), սակայն հայցվող տարածքում Ստեփանավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողամասի ընդգրկվածության վերաբերյալ տեղեկատվությունն ի սկզբանե չի եղել հայտում (հանրային քննարկումները կազմակերպվել և իրականացվել են Արմանիս բնակավայրում): 

7. Արջուտ բնակավայրում իրականացված երկրորդ հանրային քննարկման ժամանակ բնակիչների մի մասը դեմ արտահայտվեցին երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներին և հանրային քննարկման ժամանակ ստորագրեցին որպես դեմ քվեարկողներ (նաև ըստ տեսաձայնագրության), սակայն այն արտացոլված չէ Փամբակ համայնքի ղեկավարի կողմից ստորագրված արձանագրությունում։ Արձանագրության բովանդակությունից նաև պարզ չէ համայնքի ղեկավարի դրական կամ բացասական դիրքորոշումը»:

Փետրվար 13, 2024 at 18:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր