

2024թ. նոյեմբերի 18-ին Կապան քաղաքում տեղի է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ի կողմից նախատեսվող գործունեության՝ «Արծվանիկի պոչամբարի ընդլայնման նախագծի» աշխատանքների վերաբերյալ առաջին հանրային քննարկումը, որի շրջանակում քննարկվել են Արծվանիկի պոչամբարի ընդլայնման հետ կապված հարցերը, կոմբինատի գործունեությանն առնչվող խնդիրներն ու լուծումները, առաջարկները, ԶՊՄԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ու առողջապահական ծրագրերը:
Ըստ Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված հասարակական լսումների արձանագրության՝ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման նախագիծը ներկայացրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Ասյա Ղազարյանը: Նա նշել է, որ անհրաժեշտություն կա ընդլայնելու Արծվանիկի պոչամբարը, քանի որ ԶՊՄԿ-ն 2016թ. ընդլայնել է իր արտադրողականությունը տարեկան մինչև 22 միլիոն տոննայի չափով: Ներկայիս գործող պոչամբարն իր նախագծային տարողունակությամբ կարող է ընկերությանը ծառայել մոտ 10 տարի:
ԶՊՄԿ-ի տեխնիկական գծով տնօրեն Արման Վարդանյանը նշել է․ «Անհրաժեշտ է լինելու ընդամենը պատվարի մակարդակը բարձրացնել մինչև 985 մետր նիշ։ Այս պահին նիշը գտնվում է 936 մետրի վրա, այսինքն՝ մոտ 50 մետր է պետք բարձրացնել: Այս պահին պոչամբարը լցված է մոտ 300 միլիոն խմ ծավալով»։
ԶՊՄԿ-ի Ջրային ռեսուրսների և հիդրոտեխնիակական կառուցվածքների կառավարման դեպարտամենտի ղեկավար Արմենակ Սահակյանը նշել է․ «Պոչամբարի նախագծային ծավալը 325 միլիոն խմ է։ Նախատեսվում է ավելացնել ևս 238 միլիոն խմ, որպեսզի կարողանանք մինչև 2041թ. տրված թույլտվության շրջանակներում իրականացնել պոչանքի տեղադրում։ Նախատեսվում է նաև կառուցել երեք ափապաշտպան պատվար: Նախատեսված է լինելու 0․43 շերտ կամ 9 բալ երկրաշարժի համար։ Արծվանիկ գետի հունի տեղափոխման համար նախատեսվում է կառուցել մոտ 6 կմ երկարությամբ երկաթբետոնե ջրանցք։ Այն տարածվելու է Արծվանիկ գետի հունից դեպի Արծվանիկ գյուղ ընկած հատվածից բոլոր ջրավազանները։ Վերցնելով նաև Արծվանիկ գետի հիմնական հոսքը՝ այն ուղորդելու է դեպի Աճանան գյուղի վերև գտնվող տեղամաս։ Այս հատվածում նախատեսվում է կառուցել ջրահեռացման թունել։ Ջրահեռացման թունելը վերջում միանալու է նոր նախատեսվող ջրամբարին։ Ջրամբարի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, ջրերն օգտագործվելու են ոռոգման համար։ Հյուսիսային պատվարը նախատեսվում է կառուցել Արծվանիկ գետի հունում, տարածումը դեպի Սևաքար և Չափնի գյուղեր կանխելու համար»։
Բնակիչների արձագանքը
Չափնի գյուղի բնակիչ Վահագն Գրիգորյանը նշել է․ «Վերջին երեք տարիների ընթացքում Չափնի գյուղում չորանում են ընկուզենու ծառերը, մոտ հինգ տարի առաջ թթի ծառերն են չորացել, մեղուների մեղվատվությունն է ահագին պակասել, այգիների՝ բերքատվությունը։ Ես՝ որպես չափնեցի, դեմ եմ պոչամբարի լայնացմանը։ Մի խումբ չափնեցիների հետ համաձայն չենք, որպեսզի պոչամբարը ընդլայնվի»։
«Արծվանիկի ապագա» հասարակական կազմակեպության ղեկավար, Կապան խոշորացված համայնքի ավագանու անդամ Սպարտակ Հարությունյանն ասել է․ «Արծվանիկ գյուղում առկա են բնապահպանական, առողջապահական, մշակութային և սոցիալական լրջագույն հիմնախնդիրներ: Մենք դեմ ենք։ Ինչո՞վ են զբաղվելու այդ գյուղացիները։ Մի այլընտրանք ստեղծեք այդ գյուղացիների համար, զբաղվեն»:
Ի պատասխան ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն ասել է․ «Այդ հողերի հիմնական մասն արդեն ձևակերպված է Զանգեզուրի կոմբինատի կողմից: Ուղղակի այն հողերը, որոնք արդեն ձևակերպված են եղել և դեռևս չեն անցել շահագործման, գյուղացիները դեռևս օգտվում են այդ հողերից»:
Քաջարանի կոմբինատի երկրաբանական բաժնի նախկին ղեկավար Ռուբիկ Հովհաննիսյանը նշել է․ «70 տարի շահագործվում է հանքավայրը, որում առկա են գունավոր և թանկարժեք մետաղներ՝ պղինձ, մոլիբդեն, ռենիում, սելեն, ոսկի, արծաթ և այլն։ Այսօր զարգացումը միայն մեկ ուղղությամբ է՝ հզորության մեծացումով։ Այսպես շարունակելով՝ 10-15 տարի եմ ես տալիս։ Ու եթե նախկինում տարեկան արտադրողականությունը 9 միլիոն տոննա էր, այսօր՝ 22-23 միլիոն տոննա։ Պետք է մետալուրգիական գործարան կառուցել, մշակել պղնձի և մոլիբդենի խտանյութեր և արդյունահանել մնացած մետաղները։ Դրանք ռազմավարական նշանակություն ունեցող մետաղներ են»:
«Բաղաբերդ բարեգործական» ՀԿ-ի նախագահ, մասնագիտությամբ քիմիկոս Վարդուհի Օհանջանյանը ասել է․ «Ձեր ներկայացրած ՇՄԱԳ-ի մեջ ես կարդում եմ, որ գլխավոր միներալներն իրենցից ներկայացնում են խալկոպիրիտը և մոլիբդենը։ Խալկոպիրիտը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, և ինձ համար խիստ զարմանալի է, որ երկաթի վերամշակում տեղի չի ունենում։ Հանքանյութում առկա հազվագյուտ և ցրված տարրերն ավելի թանկ արժեն, քան 1 տոննա մոլիբդենը։ 2016 թվականին խոստացել էին Արծվանիկի պոչամբարի երկրորդային վերամշակման գործարան կառուցել»։
Քաջարանի կոմբինատի երկրաբանական բաժնի նախկին ղեկավար Ռուբիկ Հովհաննիսյանը նշել է․ «Պոչամբարներն արժեքավոր պոտենցիալ ունեն։ Նախկինում՝ թափոնատար էին կոչվում, այսօր կոչվում են տեխնածին հանքավայրեր։ Թող գան, մշակեն, կամ Քաջարանի կոմբինատը վերցնի, սկսի մշակել։ Արժեքավոր մետաղներ կան այնտեղ։ Երևի 18 միլիարդ դոլարի արժեք ունեցող պոչամբարներ ունենք։ Այսինքն, հարկավոր է տեխնոլոգիական սխեմաներ մշակել և սկսել, այսպես կոչված, ավազները շահագործել, որոնք պարունակում են արժեքավոր մետաղներ»։
ԶՊՄԿ-ի տեխնիկական գծով տնօրեն Արման Վարդանյանն արձագանքել է․ «Եթե տարրերի կոնցենտրացիան այդքան մեծ լիներ, որ տնտեսապես ձեռնտու լիներ նրանց կորզումը, մենք չէինք պահի, անպայման կանեինք։ Եվ հետագա տեխնոլոգիաների զարգացման պարագայում միգուցե տվյալ մետաղների գների շատ բարձրացման պարագայում հնարավոր կլինի։ Ինչ վերաբերվում է պոչերի վերամշակմանը, գիտեք, նման օրենսդրական ակտեր կան, հին պոչամբարների վերաբերյալ, բայց ուղղակի դուք պատկերացրեք, որ պոչամբարը եթե վերամշակվի, ապա վերամշակման թափոններ ևս ինչ-որ մի տեղ պետք է պահեստավորվեն, կուտակվեն։ Այսինքն, ամեն պոչամբար վերամշակելը ենթադրում է մեկ նոր պոչամբարի առաջացում»:
Սեյսմիկ անվտանգության հարցեր
«Բաղաբերդ բարեգործական» ՀԿ-ի նախագահ Վարդուհի Օհանջանյանը ասել է․ «Եթե 9 բալանոց երկրաշարժ տեղի ունենա, ապա Արծվանիկի պոչամբարը տղմապատելու է ամբողջ Սյունիք բնակավայրը։ Առաջարկում եմ ՇՄԱԳ-ի մեջ սեյսմիկ կայունությունը գնահատել բալերով»:
ԶՊՄԿ-ի Ջրային ռեսուրսների և հիդրոտեխնիակական կառուցվածքների կառավարման դեպարտամենտի ղեկավար Արմենակ Սահակյանը նշել է․ «Իրականացվել է պատվարի գնահատում՝ երկու սեյսմիկ դեպքում։ Առաջին դեպքում 50% հավանականություն, որ նմանատիպ երկրաշարժ տեղի կունենա և երկրորդ կրիտերիան 10 հազար տարվա հավանական կրկնության դեպքում՝ 0,01% երկրաշարժ հնարավոր է, որ տեղի ունենա։ Արդյունքում ստացվել է, որ Արծվանիկի պոչամբարի տեղամասի գրունտերի առավելագույն արագացումը 0,43g` 10 հազար տարվա կրկնության դեպքում, որը ավելի մեծ է, քան Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվաիրավական փաստաթղթերում»:
Արծվանիկի պոչատար
«Բաղաբերդ բարեգործական» ՀԿ-ի նախագահ Վարդուհի Օհանջանյանը նշել է․ «Հարստացուցիչ ֆաբրիկայից պոչերը տեղափոխվում են պոչամբար՝ 34,5 կմ երկարությամբ արագահոս ուղեգծով, որն անցնում է հիմնականում Ողջի գետի ձախ ափով։ Խիստ կտրտված ռելիեֆով, որը ներկայացված է խորը կիրճերով, գոգահովիտներով։ Ինչքանո՞վ եք դուք գնահատում, որ պատասխանատու հանքարդյունաբերություն կարող եք իրականացնել և չաղտոտել անդրսահմանային Ողջի գետը»։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Ասյա Ղազարյանն արձագանքել է. ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը շահագործում է ներկայում հիմնական պոչատար խողովակաշարը, որի տրամագիծը 1020 մմ է և ունի երկու ռեզերվային պոչատար խողովակաշար, համապատասխանաբար՝ երկուսն էլ 720 մմ։ Յուրաքանչյուր դյուկերային անցումներում մենք ունենք նախատեսված հակավթարային և պահուստային ավազաններ, որոնք համապատասխանաբար անցել են Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն»։
ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշել է. «Օդի աղտոտվածությանն անդրադառնանք։ Հաջորդ տարվա նախագծերի մեջ ներառել ենք փոշու կառվարման համակարգեր։ Դա տեղայնացնելու ենք նաև պոչամբարի հարակից հատվածներում, ինչպես նաև, եթե չբավարարի, արդեն եղած փորձի վրա կզարգացնենք և կկիրառենք դրա ավելի ընդլայնված կամ նոր տարբերակները։ Ջրի կամ պարզվածքի որակին էլ անդրադառնանք։ Մեր մոնիթորինգը ցույց է տվել, որ 2023թ. դրությամբ ընդհանուր 16 պարամետր է գերազանցել Հայաստանի Հանրապետության կողմից թույլտվությամբ սահմանված թույլատրելի սահմանային արտահոսքերը, 2024թ.՝ 18 պարամետր»։
Առողջապահական ոլորտի հարցեր
ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշել է․ «Քաջարան համայնքում ընդհանուր շահառուների թիվը որպես աշխատակիցներ՝ 1647 հայտ է եղել, Կապան համայնքում՝ 985։ Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզը՝ Կապան և Քաջարան խոշորացված համայնքներից դուրս 84 հայտ-դիմում է եղել աշխատակիցների կողմից։ Իսկ ընդհանուր առմամբ 2 հայտ է եղել և բավարարվել։ Կա Երևան համայնք, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Սյունիք գյուղերը։ Ընդհանուր առմամբ 30 հոգի, մասնավորապես՝ Արծվանիկ, Սևաքար, Աճանան և Սյունիք համայնքից դիմել են աշխատակիցներ, իսկ աշխատակիցներից դուրս՝ 2 հայտ ենք ունեցել 2023թ.։ Պատկերը համարյա պահպանվել է 2024թ.։ Պակասել են Քաջարանում: Ընդհանուր առմամբ զգալի դիմումներ-հայտերը Կապանում մոտավորապես պահպանել են նույն թվերը»,- նշեց նա։
«Արծվանիկի ապագա» հասարակական կազմակեպության ղեկավար, Կապան խոշորացված համայնքի ավագանու անդամ Սպարտակ Հարությունյանը նշել է․ «Պոչամբարի՝ բնակչությանն այդքան մոտ լինելու կամ պոչամբարի հարևանությամբ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու վերաբերյալ որևէ ուսումնասիրություն իրականացվե՞լ է: Մենք ստացել ենք այդ պատասխանը՝ ո՛չ, բացասական պատասխան»:
ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն արձագանքել է․ «Այդ հարցի շուրջ ընդլայնված հետազոտություն է իրականացվում, որը նաև պատասխանելու է թե՛ այդ հարցին, և թե՛ ընդհանուր առմամբ առողջության վրա ազդեցության գնահատականն է տալու։ Մենք վստահ ենք, որ առողջության ազդեցության տեսանկյունից՝ կարծրատիպային մտածելակերպի, թե որոշ այլ բաների հիման վրա՝ խիստ չափազանցված են ազդեցությունները։ Հեռավորությունն այս պահի դրությամբ ոչ մի խնդիր չի տալիս, որևէ ազդեցություն»։
Սյունիք բնակավայրի բնակիչ Նիկոլայ Առուստամյանը նշել է․ «Այդ ուսումնասիրություններում պահանջե՞լ են ինֆորմացիա օնկոլոգիական հիվանդությունների տոկոսի հետ կապված, թե՝ ոչ»։
Արմեն Ստեփանյանն արձագանքել է. «Ընդհանուր առմամբ վիճակագրությունը հետևյալն է, հիմնականում վերաբերում է մեր աշխատակիցներին և հիշեցնեմ, որ հիմնական մեր աշխատակիցների մոտ 85-90%-ի չափով գալիս են հենց բացահանքի և պոչամբարի շրջակա համայնքներից, ինչպես նաև Կապան խոշորացված համայնքից։ 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ մոտավորապես 4666 աշխատակից ունենք։ Եվ իրենց ընտանիքի անդամները նույնպես ապահովագրված են։ Ընդհանուր բժշկական ապահովագրություն ունեցողների թիվը կազմում է մոտավորապես 16 հազար։ Այդ 16 հազար հոգին 2022, 2023, 2024 թվականի դրությամբ է։ Այդ ամբողջ դիմումների մասով օնկո հիվանդությունների դիմումները՝ 2022 թ. կազմել է՝ 114 դիմում՝ 114 անձ, 2023 թ.՝ 110, 2024թ. դրությամբ մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ՝ 93 անձ։ Տարեցտարի այս թվերի մեջ կրկնվում են անունները։ Այնպես չէ, որ 114 էր, մյուս տարի գումարվեց ևս 110 հոգի»:
Սոցիալական պատասխանատվություն
ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը ներկայացրել է 2023թ. ընկերության կողմից կատարված սոցիալական ներդրումները և ծախսերը։ «Ընդհանուր առմամբ սոցիալական աջակցությունը, այդ թվում աջակցություն այն անհատներին, համայնքներին, ենթակառուցվածքներին և շինարարության գործում, կազմել է մոտավորապես 1,3 միլիարդ դրամ, որի մոտավորապես կեսն ընկնում է այն փոխհատուցումներին, որոնք մենք վճարում ենք ամսական՝ պոչամբարին հարակից գյուղերին։ Սյունիքի մարզում ծախսվել է մոտավորապես 250 միլիոն դրամ։ Սուբվենցիոն ծրագրերի ծախսը կազմել են 378 միլիոն դրամ։ Ուսման վարձ՝ 97 միլիոն դրամ, այլ մարզերն՝ ընդհանուր վերցված մոտավորապես 200 միլիոն դրամ։ Բուժսպասարկումը՝ 165 միլիոն դրամ։ Սպորտը՝ 540 միլիոն դրամ, որի առյուծի բաժինն ընկնում է «Սյունիք» ֆուտբոլային ակումբի վրա։ Մշակութային միջոցառումները՝ 23,5-24 միլիոն դրամ: 2023թ. օգոստոս ամսից կանոնավոր չվերթներ են տեղի ունենում Երևան-Կապան և Կապան-Երևան ուղղություններով։ Մոտավորապես 730 միլիոն դրամ փող է ծախսվել ներդրումների և բարեգործության տեսքով։ Ընդհանուր առմամբ Կապան խոշորացված համայնքում ծախսվել է 3 միլիարդից մի քիչ ավելի գումար»,- նշել է նա։
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը նշել է․ «Արծվանիկում իրականացվում է մոտ 420 միլիոն դրամ գումարի չափով խմելու ջրի համակարգի անցկացման ծրագիր։ Մոտ 340 միլիոն դրամի ծրագիր իրականացվում է ռոյալթիներով իրականացվող մասհանումներից։ Արծվանիկում իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ նույնպես սուբվենցիոն ծրագրերով, որտեղ իր մասնաբաժինն ունի ԶՊՄԿ-ն։ Իրականացվում են նաև մանկապարտեզի բակի հիմնանորոգման աշխատանքներ նույնպես սուբվենցիոն ծրագրերով։ Համայնքի մասնաբաժինն իրականացվում է ԶՊՄԿ-ի միջոցներով։ Ընդհանուր գումարային առումով մոտ 600 միլիոն դրամի չափով այժմ աշխատանքներ է իրականացվում Արծվանիկ բնակավայրում»:
Սյունիք բնակավայրի բնակիչ Նիկոլայ Առուստամյանը նշել է․ «Խոսքը վերաբերում է բոլորիս հայտնի 40 հազարական դրամներին։ Տվյալ ֆինանսական աջակցությունը կատարվելու է մինչև 2041թ.։ Ինչո՞ւ Սյունիք բնակավայրը իր բնակիչներով ընդգրված չէ այդ ծրագրում և արդո՞ք նախատեսում եք ընդգրկել, թե՝ ոչ։ Անվտանգային հարցերից մեկը՝ ավելի խոցելի է Սյունիք բնակավայրը»։
Ի պատասխան ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն արձագանքել է. «Սոցիալական աջակցության մասով թույլ տվեք վերահաստատեմ ԶՊՄԿ-ի նոր ղեկավարության դիրքորոշումը, և դա համաձայնեցված է համայնքի հետ, որ նոր վերանայում չի լինելու: Արդեն գործող համայնքներում նոր ծնունդներն են հիմնականում, որ մենք ավելացնում ենք այդ 40 հազարական դրամները։ Սյունիք բնակավայրում տարբեր հանդիպումների ժամանակ հստակ մեր դիրքորոշումը արտահայտել ենք, որ 40 հազարականների մոտեցումը մենք, ցավոք սրտի, չենք կարող այսօր կիրառել։ Բայց նաև մենք պայմանավորվել ենք մի շարք այլ սոցիալական աջակցություններ ցուցաբերել։ Մասնավորապես՝ Սյունիքում այս տարի մեկնարկեցինք արևային կայանների տեղադրումը»։
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը նշել է, որ ԶՊՄԿ-ի հետ պայմանավորվածություն ունեն, որ պետք է ծրագրեր իրականացնեն ինչպես Սյունիք, այնպես էլ՝ հարակից Սզնակ և Դիցմայրի բնաակավայրերում։
«Համայնքապետարանը նաև հեռահար ծրագրեր է տեսնում, որ կարող են իրականացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ։ Օրինակ՝ Վազգեն Սարգսյանի զբոսայգու, Գարեգին Նժդեհի հուշահամալիրի հարակից հատվածների, Կապանի մարզահամալիրի բարեկարգման աշխատանքները, ճոպանուղու կառուցում մինչև Խուստուփ լեռը»,- ասել է նա:
Հունվար 10, 2025 at 18:41