Համայնքների էկոլոգիական վերափոխում․ քննարկում Կապանում

Համայնքների էկոլոգիական վերափոխում․ քննարկում Կապանում

«Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 11-13-ը Սյունիքի մարզի Կապան համայնքում կայացել են հանդիպումներ տեղի բնակչության հետ, որի ժամանակ քննարկվել են կանաչ վերափոխման հնարավորությունները։

Ծրագիրն իրականացնում են չեխական «Առնիկա» կազմակերպությունը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ները՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Կապան քաղաք

«Առնիկայի» ծրագրերի հայաստանյան համակարգող Գրեգորի Մալյուկովը ներկայացրեց «Առնիկա» կազմակերպության առաքելությունը, Հայաստանում իրականացրած ծրագրերը, նպատակները, նաև միջազգային փորձը շրջակա միջավայրի պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։

«Մեր կազմակերպությունն ավելի քան 25 տարի աշխատում է էկոլոգիական խնդիրների լուծման ուղղությամբ։ Մենք ոչ միայն ուսումնասիրություններ ենք կատարում, այլ նաև աջակցում ենք համայնքներին՝ տրամադրելով նրանց կոնկրետ գործիքներ, աջակցելով շրջակա միջավայրի մոնիթորինգի գործում։ Աշխատում ենք Բոսնիա և Հերցեգովինայում, Թայլանդում, Մոլդովայում, Սերբիայում, Վրաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում։ Մեզ համար շատ կարևոր է միջազգային համագործակցությունը, գործընկերությունը տարբեր երկրների ակտիվիստների և փորձագետների հետ», - ասաց Գրեգորի Մալյուկովը։

Գրեգորի Մալյուկով

Հայաստանում «Առնիկան» աշխատում է շուրջ 15 տարի։ Տոքսիկ նյութերի փորձագետ Նիկոլա Ժելինեկն ասաց. «Հայաստանում մենք ուսումնասիրել ենք 5 արդյունաբերական տարածքներ և բոլոր այդ տարածքներում հայտնաբերել ենք ծանր մետաղների բարձր կոնցենտրացիաներ։ Դրանք վտանգավոր են մարդկանց առողջության համար։ Պետք է հնարավորինս նվազեցնել ռիսկը մարդկանց առողջության համար»։

Նիկոլա Ժելինեկ

«Լոռիում այդ փորձաքննության արդյունքները բերեցին որոշակի բարելավման։ Ընկերությունները փորձում են տեխնոլոգիաներ ներդնել, ավելի արագ խնդիրներին արձագանքել։ Այդ գործընթացը նաև բերել է տեղական համայնքների հզորության, և սկսվել է որոշակի երկխոսություն բիզնեսի հետ», - նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Օլեգ Դուլգարյան

Կապան համայնքի բնակիչները խոսեցին շրջակա միջավայրի աղտոտվածության և մարդկանց առողջության մասին։ Քիմիայի ուսուցչուհի Վարդուհի Օհանջանյանը նշեց, որ հողի և ջրի փորձաքննություն են իրականացրել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Պարզվել է, որ որոշ դպրոցների և մանկապարտեզների շրջակայքն աղտոտված է ծանր մետաղներով։ «Մենք պետք է դպրոցները զերծ պահենք աղտոտվածությունից», - նշեց Վարդուհի Օհանջանյանը։

Վարդուհի Օհանջանյան

Կապանի ավագանու անդամ և «Արծվանիկի ապագա» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Սպարտակ Հարությունյանը ներկայացրեց Արծվանիկ բնակավայրի բնակիչների մտահոգությունը՝ կապված Արծվանիկի պոչամբարի ընդլայնման ծրագրի հետ։ «Պոչամբարն ավելի կմոտենա գյուղին, կարելի՞ է այդքան մոտ», - ասաց Սպարտակ Հարությունյանը։

Սպարտակ Հարությունյան

«Արծվանիկը Հայաստանի ամենամեծ պոչամբարն է, ընդլայնումը շատ ցավոտ հարց է։ Մեր առաջարկին, որ երկրորդային մշակման ենթարկեն պոչամբարը, ասացին, որ դա բավականին թանկ է։ Ի՞սկ մեր առողջությունը», - ասաց Կապանից քիմիայի ուսուցչուհի Վարդուհի Օհանջանյանը։

Արծվանիկի պոչամբար

Բնակիչներին մտահոգում են նաև Կավարտի լքված հանքավայրի տարածքից թթվային ջրերի արտահոսքը, համայնքի տարածքում տեղակայված դատարկ ապարները։ 

Կապան համայնք

«Պետք է ներդնել քաղաքացիների համար մեխանիզմներ, որպեսզի մարդիկ ապրեն առողջ և տնտեսապես անկախ լինեն։ Պետք է ներդրվեն այլընտրանքային զբաղվածության միջոցներ։ Դա պետք է արվի նաև բիզնես ընկերությունների սոցիալ-կորպորատիվ պատասխանատվության շրջանակում։ Պետք է մշակվի համայնքի այլընտրանքային կայուն, «կանաչ» զարգացման ծրագիրը, բոլոր խմբերի հետ իրականացվի բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական կարիքների գնահատում։ Հանքարդյունաբերությունը հավերժ չէ, մարդիկ պետք է այլընտրանք ունենան», - ասաց Օլեգ Դուլգարյանը։

Քննարկում Կապանում

Տեղի փորձը ներկայացրեց Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչ Անի Սարգսյանը:

Անի Սարգսյան

«Մենք բարձրաձայնում ենք մարդկանց խնդիրները, հետազոտություններ իրականացնում, ներկայացնում պատկան մարմիններին, որպեսզի դրանք լուծում ստանան։ Մենք ներգրավում ենք երիտասարդներին։ Շատ լավ, զարգացած երիտասարդներ ունենք, ովքեր մասնակցում են տարբեր տեղական և միջազգային ծրագրերի, զարգացնում տարբեր ճյուղեր։ Կարևոր է կանաչ տնտեսության զարգացումը մեր բնակավայրերում, որը մարդկանց եկամուտ կբերի», - ասաց Անի Սարգսյանը։

Հունվար 22, 2025 at 15:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր