Ուսումնասիրվում են հանքարդյունաբերությանն ազդակիր բնակավայրերի էկոլոգիական վերափոխման հնարավորությունները

Ուսումնասիրվում են հանքարդյունաբերությանն ազդակիր բնակավայրերի էկոլոգիական վերափոխման հնարավորությունները

«Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են հանքարդյունաբերությանն ազդակիր բնակավայրերի էկոլոգիական վերափոխման հնարավորությունները։ Ծրագիրն իրականացնում են չեխական «Առնիկա» կազմակերպությունը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ները՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

«Մեր գլխավոր մոտիվացիան Եվրոպական միության «Կրիտիկական հումքի մասին» իրավական ակտն է, որի նպատակն է նվազեցնել հումքի պահանջարկը և ավելացնել դրա վերամշակման չափաբաժինը։ Այս օրակարգը մենք ցանկանում ենք տանել այլ երկրներ ևս կանաչ վերափոխման համատեքստում։ Չեխիան կամուրջ է եվրոպական փորձի փոխանակման համար։ Չեխիայում մեր նպատակն է հանքարդյունաբերական տարածքների կանաչ վերափոխում, և մենք ցանկանում ենք մեր փորձը փոխանցել Հայաստանին», - ասաց «Առնիկայի» ծրագրերի հայաստանյան համակարգող Գրեգորի Մալյուկովը։

Գրեգորի Մալյուկով

ԵՄ «Կրիտիկական հումքի մասին» ակտի նպատակներից է նաև ապահովել եվրոպական արդյունաբերության համար կարևոր հումքի հուսալի և կայուն մատակարարումները և զգալիորեն նվազեցնել ԵՄ կախվածությունն առանձին մատակարարող երկրներից ներմուծումից: 

«Կանաչ վերափոխման օրակարգը խրախուսում են քաղաքացիական հասարակության անդամները՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ», - ասաց Գրեգորի Մալյուկովը՝ այս հարցում կարևորելով նաև տեղի բնակչություն-քաղհասարակություն-բիզնես երկխոսությունը։ «Գիտականորեն հիմնավորված ուսումնասիրությունների արդյունքների շուրջ կարող է սկսվել այդ երկխոսությունը, այդ արդյունքները կամուրջ են այս երեք խմբերի միջև», - նշեց Գրեգորի Մալյուկովը։

Նա ներկայացրեց Չեխիայի Գորնի Յեժետինա արդյունաբերական քաղաքի կանաչ վերափոխման փորձը։ Այստեղ ավելի քան 200 տարի ածուխ է արդյունահանվում: Հատվել են անտառները, ջրային աղբյուրները փոխել են իրենց ուղղությունները, աղտոտվել է օդը։ Սա ազդել է տեղի բնակչության առողջության վրա։ Իշխանությունը որոշել է սահմանափակել ածուխի արդյունահանումը։ Ներկայում այս քաղաքը բռնել է կանաչ վերափոխման ուղին։

Կանաչ վերափոխումը զարգացման նոր մոդել կարող է դառնալ նաև Հայաստանի համայնքների համար։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, խոսելով Լոռու և Սյունիքի մարզերում իրականացրած աշխատանքների մասին, ասաց․ «Լոռու մարզում տեղի բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ քննարկվել են Սպիտակ համայնքի Սարահարթ և Գոգարան, Ալավերդի համայնքի և Շամլուղ բնակավայրի կանաչ վերափոխման, սոցիալ-էկոլոգիական կայուն զարգացման ուղիները։ Իսկ Սյունիքի մարզում հանդիպումներ են անցկացվել Կապանում, Մեղրիում, Գեղանուշում։  Համայնքներում մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես են տեսնում մարդիկ իրենց ապագան, ինչպես են տեսլականներ ձևավորում, քանզի իրենց սահմանադրական իրավունքն է ապրել առողջ և մաքուր շրջակա միջավայրում։ Տեղացիները խոսում էին կանաչ տնտեսության, կայուն զարգացման հեռանկարների մասին, օրինակ, օրգանական գյուղատնտեսության, զբոսաշրջության, այլընտրանքային էներգետիկայի զարգացման մասին։ Ըստ իս, այլընտրանքային զարգացման գործում նրանց առավելապես պետք է աջակցեն պետական և տեղական իշխանությունները։ Կարևորվեց, որպեսզի համայնքների համար մշակվեն սոցիալ-էկոլոգիական քաղաքականություններ, բարենպաստ դաշտ ստեղծվի դոնորական ներդրումների համար, որպեսզի կարողանան այնպիսի տնտեսություններ կառուցել, որոնք կբավարարեն այն մարդկանց կարիքները, ովքեր չեն աշխատում հանքարդյունաբերության ոլորտում։ Նաև այնպիսի տնտեսությունների ճյուղեր, որոնք ազդեցություն կունենան շրջակա միջավայրի պահպանման, բարելավման գործում։  Հանքարդյունաբերող ընկերությունները համայնքներում իրականացնում են սոցիալ-տնտեսական ծրագրեր։ Այդ ծրագրերն իրենք հիմնականում համաձայնեցնում են տեղական իշխանությունների հետ, այնինչ նշվեց, որ առկա է խորքային ուսումնասիրությունների կարիք, կարիքների գնահատում սոցիալական տարբեր խմբերի հետ, որպեսզի վեր հանվեն առաջնահերթությունները»։

Սյունիքի մարզում տեղի բնակիչներն անհանգստություն են հայտնել, որ, բարձրացնելով էկոլոգիական հարցեր, թիրախավորվում են։ «Որոշ մարդկանց թվում է, որ, խնդիր բարձրացնելով, բնակիչները նպատակաուղղված են փակել այդ օբյեկտը, այնինչ տեղի բնակիչն իրականում զբաղվում է սեփական սոցիալական, էկոլոգիական իրավունքների պաշտպանությամբ։ Այդ թիրախավորումն է, որ մտահոգում է քաղաքացիներին, և նրանք կարծում են, որ պետք է իրազեկվածության բարձր մակարդակ ապահովել, որպեսզի մարդիկ իմանան իրենց իրավունքների մասին, և, ամենակարևորը, ինչպես պաշտպանել այդ իրավունքները», - նշեց Օլեգ Դուլգարյանը։ 

Հունվար 22, 2025 at 16:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր