«Հարցը գտնվում է ընկերության ղեկավարության և արհմիության տիրույթում»․ Գևորգ Պապոյանը՝ ԶՊՄԿ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի մասին

«Հարցը գտնվում է ընկերության ղեկավարության և արհմիության տիրույթում»․ Գևորգ Պապոյանը՝ ԶՊՄԿ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ փետրվարի 6-ի ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակիցների բողոքի ակցիային, որը սկսվել է հունվարի 31-ից։ ԶՊՄԿ-ի աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Իսկ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունն աշխատակիցների գործողությունները որակում են որպես «անօրինական գործողություններ»։

«Բնականաբար, մտահոգված ենք, որովհետև Հայաստանի արդյունաբերության առաջատարը եթե մեկ շաբաթ չի աշխատում, ակնհայտորեն, ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա։ Այս առումով մեզ համար կատարյալ տարբերակը կլինի՝ հնարավորինս շուտ գործարանը, հանքարդյունաբերական համալիրը սկսի իր աշխատանքը։ Դա գտնվում է ընկերության ղեկավարության, արհմիության և աշխատակիցների տիրույթում։ Ես տեսա արհմիության հայտարարությունը, որը տարբերվում էր բողոքող աշխատակիցների մոտեցումներից։ Սրանք հարցեր են, որոնց շուրջ ես այս պահին չունեմ բավարար տեղեկատվություն, որովհետև ես չեմ այդ հարցերի լուծման պատասխանատուն։ Ամբողջ աշխարհում նման հարցերը լուծվում են ուժեղ արհմիություններ ունենալու միջոցով, օրենսդրության շրջանակում, և պետք է զարգանա այդ ամեն ինչը և այդ տրամաբանության մեջ պետք է նայենք այդ հարցերին», - ասել է Գևորգ Պապոյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ կառավարությունն ընկերությունում ունի 21.8750% բաժնեմասնակցություն, Գևորգ Պապոյանը նշեց․ «Բաժնետերը ՀՀ քաղաքացիներն են։ Դրա շնորհիվ ավելի քան 30 միլիարդ դրամ է փոխանցվել պետբյուջե»։

Փետրվար 06, 2025 at 16:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր