

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ցանկանում է ավելացնել հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրողականությունը մինչև 1 միլիոն տոննա, վերակառուցել Գեղանուշի պոչամբարը, վերանորոգել Գեղանուշ գետը տեղափոխող թունելը։ Այս նախաձեռնության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտի առաջին հանրային քննարկումը կայացավ հուլիսի 3-ին՝ Կապանի մշակույթի կենտրոնում։ Քննարկմանը մասնակցեցին, ՏԻՄ-ի, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի և նախագծող ընկերության ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, Էկոլուրի նկարահանող խումբը։ Քննարկումը վարեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
Ինչ փոփոխություններ է ցանկանում «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն
Նախագծող «Էն Էռ Էմ» ՓԲԸ ներկայացուցիչ Վահրամ Ավագյանը ներկայացրեց նախատեսվող գործունեությունը։
Նա նշեց, որ հարստացուցիչ ֆաբրիկայի դրվածքային հզորությունն, ըստ տարեկան վերամշակվող հանքաքարի, 1 միլիոն տոննա է: Սակայն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությամբ ներկայում ֆաբրիկան սահմանափակված է տարեկան 600 հազար տոննա արտադրողականությամբ: Տարածքի ավելացում և սարքավորումների փոխարինում չի նախատեսվում։ Վահրամ Ավագյանի խոսքով՝ ֆաբրիկայի աշխատանքն ամբողջ նախագծային հզորությամբ հնարավորություն կտա վերամշակել ինչպես Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրից արդյունահանվող հանքաքարի ամբողջ ծավալը, այնպես էլ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրից: Հետագայում ընկերությունը մտադիր է ավելացնել Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արտադրողականությունը։ Այդ նպատակով իրականացվել է հանքավայրի պաշարների վերագնահատում։ Կազմված պաշարների նոր հաշվարկի վերաբերյալ հաշվետվությունը ներկայում փորձաքննության գործընթաց է անցնում։ Նպատակն է հարստացուցիչ ֆաբրիկայի առկա վերամշակման հզորություններն ամբողջությամբ ծանրաբեռնել Շահումյանի հանքի հանքաքարով։ Իսկ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքաքարի մասով Վահրամ Ավագյանը նշեց, որ կա դրական եզրակացություն Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հենքի վրա կառուցելու հարստացուցիչ ֆաբրիկա։ «Որոշակի գործունեություն այդ ուղղությամբ արդեն ծավալվել է», - ասաց նա։
Գեղանուշի պոչամբարի մասով Վահրամ Ավագյանը նշեց՝ վերընթաց տեսակի պոչամբարի մոդելից անցում են կատարում կենտրոնահեն մոդելի։
Սա, նրա խոսքով, երկու խնդիր է լուծում՝ պոչամբարի սեյսմիկ կայունությունն առաջադեմ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը և կոմբինատի գործունեության շարունակականությունը երկարաժամկետ հեռանկարում ապահովելը։ Նա նաև նշեց, որ 2024 թվականից օրենսդրությամբ է արգելվել ՀՀ տարածքում վերընթաց պատվարով պոչամբարներ կառուցելը։
Ըստ Վահրամ Ավագյանի՝ Գեղանուշի պոչամբարը գտնվում է ֆաբրիկայից 1․5 կմ հեռավորության վրա, զբաղեցնում է 32 հեկտար տարածք, ապրիլ ամսվա դրությամբ լցված է 8․3 միլիոն խմ-ով։ Նա շեշտեց, որ պոչամբարն ունի 2 պատվար, ինչի շնորհիվ նվազագույն մակերես պոչանքի տակ ներգրավելով առավելագույն ծավալ է տալիս։ Պոչամբարի հարավային պատվարի բացարձակ նիշը 833․5մ է, իսկ հյուսիսային պատվարինը՝ 836․0մ։ Պոչամբարի ամրաբեռնման նախագծով տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորված նախագծային ծավալը 11․7 միլիոն խմ է։
«841․0մ նիշից մինչև 871․0մ ներկայում նախատեսված առավելագույն նիշը պոչամբարը զարգանալու է կենտրոնահեն եղանակով։ Սա հնարավորություն կտա ներկայիս 11․7 միլիոն խմ-ի փոխարեն ունենալ 17․4 միլիոն խմ ծավալ։ Այսպիսով, ապահովել պոչանքների անվտանգ տեղակայման ծավալը մինչև 2038 թվականը», - ասաց Վահրամ Ավագյանը։ Պոչամբարի վերակառուցման նպատակով նոր հողատարածքներ է պետք ներառել։
Հաջորդ առաջարկվող փոփոխությունը բխում է համայնքային իշխանության պահանջից։ Գեղանուշ գետակի ձորում՝ պոչամբարի տեղակայման համար 2007-2009 թվականներին կառուցվել է գետակի ջրի տեղափոխման՝ պոչամբարի տարածքը շրջանցող թունել: Հայտնաբերվել է, որ թունելի երեսարկը վնասված է։ Մշակվել է թունելի ճաքերի, դրանց հետևում առաջացած դատարկությունների և այլ վնասվածքների վերացման նախագիծ։
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ բնապահպանության բաժնի պետ Աիդա Ալեքսանյանը նշեց, որ բնապահպանական ռիսկերը, որոնք կարող են առաջանալ թունելի վերանորոգման ժամանակ, գնահատվել են։ Հիմնական խնդիրը շինտեխնիկայի աշխատանքից առաջացած փոշին է, որը, ըստ նրա, լինելու է նորմերի սահմաններում, իրականացվելու է ջրցան։ Իսկ գոյացող կենցաղային և շինարարական աղբը կկառավարվի ընկերության կողմից։
Պատասխանելով Էկոլուրի հարցերին՝ կապված նախատեսվող գործունեության ռիսկերի հետ՝ Վահրամ Ավագյանը նշեց․ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքներով համոզվել ենք, որ առավելագույն դեպքում ունենք համամասնորեն շրջակա միջավայրի վրա ազդեցությունների ավելացում, որևէ որակական, շեմ փոխելու իրադրություն չունենք»։ Արտադրական հզորությունները սարքավորումների առումով ապահովված են։ «Նոր ներդրումային ճակատ չի բացվելու», - նշեց Վահրամ Ավագյանը։
Ինչ պահանջներ ունի Կապան համայնքը
«Մենք՝ որպես համայնքապետարան, դեմ չենք կոմբինատի գործունեության զարգացմանը, քանի որ կոմբինատը համայնքի կյանքում մեծ սոցիալական ազդեցություն ունի, բայց դա չի նշանակում, որ չպետք է հաշվի առնվեն բոլոր ռիսկերը և մինիմալիզացվեն շրջակա միջավայրի վրա ազդեցությունները», - ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Նա նշեց, որ ամենակարևոր հարցը կապված է Գեղանուշի պոչամբարի հետ։ Համայնքապետը պահանջում է նոր ուսումնասիրություն իրականացնել։ «Պոչամբարի վերակառուցումը, ըստ էության, պոչամբարի ընդլայնումն է։ Բնականաբար, հասկանում ենք, որ 1 միլիոն տոննա արտադրողականության դեպքում ավելանում է տարողականությունը, և նիշերի փոփոխություն է տեղի ունենում։ Անդրադառնամ ամենակարևոր հարցին․ պոչամբարի կայունության հարցն է։ Մեր համայնքի տարածքում ունենք 2 գործող պոչամբար՝ Արծվանիկի և Գեղանուշի։ Արծվանիկի պոչամբարի հետ կապված արդեն ԶՊՄԿ-ի հետ ունենք մեր կարգավորումները, արդեն ներկայացված է համապատասխան ՇՄԱԳ նախաձեռնություն, որտեղ ներառված է պոչամբարի կայունության ապահովման հարցը։ Որպես անհրաժեշտ խնդիր կներկայացնեմ նույնը, ինչը ժամանակին ԶՊՄԿ-ին եմ ներկայացրել՝ մինչև նախագիծ կազմելը պետք է իրականացվի պոչամբարի ներկա վիճակի մանրամասն ուսումնասիրություն՝ միջազգային հեղինակություն ունեցող, համապատասխան մասնագիտական հմտություններ ունեցող կազմակերպության կողմից։ Պետք է տրվի իրավիճակի համապատասխան եզրակացություն, այնուհետև տրվեն լուծումներ հետագա շահագործման համար։ Պետք է հասկանալ՝ արդյոք հնարավոր է ավելացնել պոչամբարի տարողականությունը մինչև 17․4 միլիոն խմ։ Սա մեզ համար խիստ կարևոր է, որովհետև պոչամբարը համարում ենք բարձր ռիսկային օբյեկտ և ցանկանում ենք, որպեսզի բոլոր ռիսկերը գնահատվեն և ի սկզբանե կանխարգելվեն»։
Կապանի համայնքապետի հաջորդ պահանջ-առաջարկը կապված է ընկերության սոցիալ-կորպորատիվ պատասխանատվության հետ։ 2025 թվականի դրությամբ սոցիալական ծրագրերն ընկերության կողմից համայնքապետարանի հետ իրականացվում ենք տարեկան 180 միլիոն դրամի չափով։ Գևորգ Փարսյանն առաջարկում է այդ գումարը նվազագույնը սահմանել 300 միլիոն դրամ տարեկան՝ նշելով, որ եթե ավելանում է կոմբինատի արտադրողականությունը, պետք է ավելանա նաև սոցիալական ազդեցությունը համայնքի վրա։
Եվս մեկ առաջարկություն՝ ընկերությունը պետք է ընդլայնի տեղական կազմակերպությունների հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում։
«Մեր կողմից հնչեցված պահանջները, առաջարկությունները պետք է ներառվեն նախագծի ՇՄԱԳ հաշվետվության մեջ», - նշեց Կապանի համայնքապետը։
Նշենք, որ այս հանքավայրը և կոմբինատը տասնամյակներ շարունակ շահագործվել են տարբեր ընկերությունների կողմից՝ այդ թվում տարբեր երկրների։ Ներկայում, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, շահագործողը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն է, որի 100 տոկոս սեփականատերը ՀՀ քաղաքացի Սասուն Ավետիսյանն է։ Ընկերությունն ունի ընդերքօգտագործման թույլտվություն մինչև 2050 թվականը։
Հանրային քննարկման մանրամասները՝ տեսանյութում։
Հուլիս 04, 2025 at 15:55