


«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն մայիսի 5-7-ը և 21-22-ը կազմակերպեց մեդիա տուրեր Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզեր՝ ներկայացնելու «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի արդյունքները։ Մեդիատուրի շրջանակում լրագրողները եղան Վայոց ձորի Ելփին, Արենի, Գլաձոր, Վերնաշեն, Եղեգնաձոր, Շատին, Սյունիքի մարզի Շաղատ, Տավուշի մարզի Ենոքավան ու Գոշ և Լոռու մարզի Մարգահովիտ, Դեբետ, Դսեղ և Եղեգնուտ բնակավայրերում, որտեղ արդեն իսկ տեսանելի են ծրագրի բնապահպանական և սոցիալ-տնտեսական ազդեցությունները։


ԼԻԼԱ ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանի լեռնային էկոհամակարգերի բնական ռեսուրսների կայուն օգտագործումը՝ ի նպաստ բնակիչների կենսապայմանների բարելավման։ Այն ներմուծում է տնտեսական խթաններ, բարելավում ենթակառուցվածքներ, նպաստում համայնքային կարողությունների զարգացմանը, և, միևնույն ժամանակ, հզորացնում է զբոսաշրջության և տեղական արտադրության ներուժը։


Ելփին բնակավայրում լրագրողները այցելեցին «Արթչիզ» պանրի համտեսի սրահ։ Այն հիմնվել է Ծրագրի աջակցությամբ և արդեն դարձել զբոսաշրջիկների այցելության կենտրոն՝ շնորհիվ մշակված զբոսաշրջային փաթեթների և մարքեթինգային աջակցության։ 
«Արթչիզ» պանրի համտեսի սրահում էլ լրագրողներ հնարավորություն ունեցան զրուցել ծրագրի պատասխանատուների հետ։ ԼԻԼԱ ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը ներկայացրերց, թե ինչպես է ծրագիրը համահունչ WWF-Հայաստանի առաքելության և տեսլականի մեջ, զուգահեռներ անցկացրեց ներկայումս իրականացվող այլ ծրագրերի, մասնավորպես «Հարավային Կովկասում էկոլոլգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի հետ, որին ԼԻԼԱ-ն փոխլրացնում է։ Ներկայացվեց բնապահպանական բաղադրիչի ներքո իրականացված գործողությունները՝ միտված արոտների կայուն օգատգործմանը և կլիմայի փոփոխության մարտահրավերների դիմակայմանը։

ԼԻԼԱ ծրագրի զբոսաշրջության պատասխանատու Լիլյա Թորոսյանը ներկայացրեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացված միջոցառումները՝ մատակարարման շղթայի խթանման, կայուն և ներառական տուրիզմի զարգացման, տեղական բիզնեսների կենսապայմանների և ենթակառուցվածքների բեարելավման, տուրիզմի և հյուրընկալության ոլորտի աշխատակիցների հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ։
Արենիի «Շերամ» ազգային խոհանոցի արդիականացումը ևս իրականացվել է ԼԻԼԱ ծրագրի աջակցությամբ։ Սննդի մատուցման այս վայրը դարձել է տարածաշրջանի գաստրոզբոսաշրջության կարևորագույն կետերից մեկը։


Սյունիքի մարզում լրագրողները ծանոթացան Շաղատ բնակավայրում գործող գյուղատնտեսական կոոպերատիվի աշխատանքներին, որը աջակցություն էր ստացել Ծրագրի կողմից։ Կոոպերատիվը համալրվել է չորանոցով և ստացել է բրենդավորման ու մարքեթինգային աջակցություն։

Ծրագրի աջակցությամբ Շաղատում հասանելի են դարձել հեռագնա արոտավայրերը, կառուցվել են մակատեղի, ջրխմոց, տեղադրվել շարժական արևային կայան։ Ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել նաև գյուղի մանկապարտեզը, որին տրամադրվել է արևային կայան և ջրատաքացուցիչ, վերանորոգվել է գյուղապետարանի տանիքը։

Լրագրողներն այցելեցին Վերնաշենի «Փունջ» պահածոների արտադրամաս և «Կրիա» գինու գործարան։ Երկու ձեռնարկությունները ԼԻԼԱ ծրագրի շրջանակում ստացել են ենթակառուցվածքային և մարքեթինգային աջակցություն, ինչը նպաստել է գյուղատնտեսական արտադրանքի իրացմանն ու այցելուների հոսքի ավելացմանը։





Վերնաշենից հետո հաջորդ կանգառը Գլաձորում էր՝ «Նոր տուրս» գաստրոբակում, որը ծրագրի տրամադրած աջակցության արդյունքում բարելավել է սպասարկման որակը։


Ծրագրի նպատակներից մեկը վերականգնվող էներգետիկայի խթանումն է։ Վերնաշենի և Գլաձորի մանկապարտեզներում տեղադրվել են արևային կայաններ, որոնց շնորհիվ համայնքները խնայողություններ են ունեցել ու ներդրել այլ բարեփոխումների իրագործմանը։

Լրագրողները հանդիպեցին ԼԻԼԱ ծրագրի թիրախ բնակավայրերի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացվեց Ծրագրի շնորհիվ շահառու բնակավայրերում իրականացված աշխատանքների ազդեցությունը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։

Շատին բնակավայրում լրագրողներին ներկայացվեց արջերի հաճախակի դարձած հարձակումների խնդիրը և թե ինչպես ԼԻԼԱ ծրագրի շրջանակում նախատեսվում է մեղմել ստեղծված իրավիճակը։

Շատին բնակավայրում Ծրագրի շրջանակում տեղադրվել է 40 կՎտ հզորությամբ արևային կայան, որի արտադրած էներգիայի շնորհիվ գոյացած խնայողությունները պետք է ուղղվեն արջերի հասցրած վնասների փոխհատուցմանը։

«Արփա» բնապահպանական հիմնադրամի այցելուների կենտրոնում ներկայացվեցին մշակված արկածային տուրիզմի փաթեթները, թվայնացված քայլարշավային արահետները:

Առաջին մեդիատուրի վերջին կանգառը Եղեգնաձորում գտնվող «Օլդ Բրիջ» գինեգործարանի նոր համտեսի սրահն էր, որը նույնպես ստեղծվել է ծրագրի աջակցությամբ։ Նորաստեղծ համտեսի սրահը գինեգործարանը միացնում է ռեստորանին՝ թույլ տալով այցելուներին գործարանում շրջայցից անմիջապես հետո տեղափոխվել համտեսի սրահ։

Երկրորդ մեդիատուրի ուղղությունն արդեն Հայաստանի հյուսիսն էր՝ Տավուշի և Լոռու մարզեր։ Տավուշում լրագրողներն այցելեցին Ենոքավան՝ «Բերկրի» գաստրոբակ և հյուրատուն։ Ծրագրի աջակցությամբ հյուրատունն ընդլայնվել է՝ թույլ տալով ավելի շատ հյուրեր ընդունել, բարելավել հյուրընկալության որակը։ «Բերկրի» հյուրատան հիմնադիր Դավիթ Ավետիսյանը խոսեց թե ինչպես է ծրագրի աջակցությունը նպաստել իրենց ընտանեկան բիզնեսի աճին։


Ենոքավանի վարչական կենտրոնի տանիքին՝ ծրագրի աջակցությամբ տեղադրվել է 20 կՎտ հզորությամբ արևային կայան, կառուցվել է ջրխմոց՝ հեռագնա արոտներում անասուններին արածեցնելու համար։
Ենոքավանում ԼԻԼԱ ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը ներկայացրեց WWF-Հայաստանի կողմից Տավուշի և Լոռու մարզերում իրականացված աշխատանքները, արոտավայրերի բարելավմանն ուղղված միջոցառումներն ու էներգաարդյունավետության բարձրացմանը միտված ենթայառուցվածքային աշխատանքները։

ԼԻԼԱ ծրագրի տնտեսական բաղադրիչի արդյունքները ներկայացրեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը։

Տավուշի մարզում երկրորդ կանգառը Գոշում էր, որտեղ ծրագրի աջակցությամբ կառուցվել է «Արևի Գոշ» հյուրանոցը։ Հյուրանոցի ստեղծմամբ լուծվել է Գոշում զբոսաշրջիկների գիշերակացի խնդիրը, ինչը հնարավորություն է տալիս ավելի շատ եկամուտներ գեներացնել գյուղում։ 
Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում ծրագրային աշխատանքների արդյունքները ներկայացրեց «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Էմիլիա Մարտիրոսյանը։ Ծրագրի աջակցությամբ գյուղապետարանի տանիքին տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան, արոտներում տեղադրվել ջրխմոց։


Դեբետում «Չամիչ» հյուրատան հիմնադիրներ Լիլիթ Չիտչյանը և Դավիթ Կարմիրշալյանը լրագրողներին ներկայացրին ծրագրի աջակցությամբ հյուրատան բակում ստեղծած ճաշասրահը, որն ավելի հարմարավետ պայմաններ է ապահովում հյուրերի համար։ 

Թումանյան համայնքի Դսեղ գյուղը նույնպես ծրագրային աջակցություն է ստացել։ Վերանորոգվել և ջերմամեկուսացվել են գյուղապետարանի տանիքը և երկրորդ հարկը, տանիքին տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան։ Գյուղի հեռագնա արոտներում կառուցվել է մակատեղի և ջրխմոց։


Կատարված աշխատանքների՝ գյուղի զարգացման վրա ունեցած ազդեցության մասին լրագրողներին պատմեց Թումանյան խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդական Արման Չոփուրյանը։

Այնուհետև մեդիատուրի մասնակիցներն այցելեցին Դսեղում գտնվող ծրագրի շահառուներ «Wow Glamping» հյուրատուն և «Լոռենի» թեյարան։ «Wow Glamping» հյուրատունը ծրագրի աջակցությամբ ավելացրել է իր տնակները, ինչը նպաստել է զբոսաշրջային հոսքերի ավելացմանն ու բիզնեսի զարգացմանը։


«Լոռենի» թեյարանի համահիմնադիրներ Մանիկ և Մարիամ Եգանյանները պատմեցին, թե ծրագրի աջակցությամբ ինչպես են բուսական թեյերի հավաքչությունը բիզնեսի վերածել և գյուղում զբոսաշրջիկներին հյուրընկալելու անկյուն ստեղծել։ Ծրագրի աջակցությամբ գյուղում նախկինում որպես խանութ ծառայած իրենց տնակը վերանորոգել են, կահավորել և գյուղ այցելող զբոսաշրջիկներին հայկական թեյերի հավաքման, մշակման ու թրմելու գաղտնիքներն են ներկայացնում։ Համագործակցության շնորհիվ նաև ձեռք են բերել չորանոց, որն ավելի արդյունավետ է դարձրել խոտաբույսերի մշակումն ու բարձրացրել դրանց որակական հատկանիշները։ Եգանյաններն իրենց թեյերը բրենդավորել են ու դուրս եկել մեծ շուկա։




Եղեգնուտ բնակավայրում լրագրողները ներկա գտնվեցին կովկասյան ազնվացեղ եղջերուների բնություն բացթողնման արարողությանը, որից հետո «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) Դեբեդ բնակավայրի Սմարթ կենտրոնում մասնակցեցին Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։


Դեբեդի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանն ու Եղեգնուտի վարչական ղեկավար Կարմինե Ավետիքյանը լրագրողներին ներկայացրին իրենց բնակավայրերում Ծրագրի աջակցությամբ կատարված աշխատանքները։ Եղեգնուտում ԼԻԼԱ ծրագրի աջակցությամբ իրականացվել է գյուղապետարանի տանիքի վերանորոգում, ջերմամեկուսացում և շենքի արտաքին հարդարում։ Դեբեդում և Եղեգնուտում վարչական շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, համապատասխանաբար՝ 15 կՎտ և 5 կՎտ հզորությամբ, կատարվել է դաշտամիջյան ճանապարհների հատվածային վերանորոգում՝ բարելավելով համայնքային ենթակառուցվածքները և բարձրացնելով էներգաարդյունավետությունը։




«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։
Մայիս 30, 2025 at 10:48
