Դիլիջանը կլիմայի փոփոխության ճնշման տակ. մարտահրավերներ ու դիմակայելու քայլեր

Դիլիջանը կլիմայի փոփոխության ճնշման տակ. մարտահրավերներ ու դիմակայելու քայլեր

Դիլիջան խոշորացված համայնքն այսօր կանգնած է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մի շարք ռիսկերի ու մարտահրավերների առջև։ «Էկոքաղաքականություն» ՀԿ-ի նախագահ Ալբերտ Հարոյանն Էկոլուրի հետ զրույցում պատմեց, թե որոնք են այդ ռիսկերն ու ինչպես է հնարավոր մեղմել դրանք: 

«Համայնքը խոցելի է հորդառատ անձրևների, կարկտահարության, գետերի վարարումների և անտառային հրդեհների պատճառով։ Դիլիջան համայնքը շրջապատված է «Դիլիջան» ազգային պարկով: Այս առումով՝ անտառային հրդեհները նույնպես ռիսկային են և խոցելի են, մասնավորապես, կենսաբազմազանության ու կենդանիների պահպանության առումով։ Այս ռիսկերը վտանգում են ինչպես բնական էկոհամակարգերը, այնպես էլ՝ բնակչության կենսապայմաններն ու տնտեսությունները»,- ասաց նա։

2024թ. Աղստև գետի վարարումը պատճառ դարձավ Դիլիջանում և ողջ Տավուշի մարզում լուրջ խնդիրների առաջացման։ «Ջրի տակ մնացին բազմաթիվ տարածքներ, իսկ վնասները զգալի էին թե՛ բնակիչների, թե՛ տնտեսվարողների համար։ Կառավարությունը որոշակի քայլեր կատարում է, հատկապես՝ աղետների ռիսկի վերացման տեսանկյունից: Մեծ օգնություն ցուցաբերվեց բնակչությանը և համայնքներին: Բազմաթիվ քաղաքացիներ այդ գումարները ստացել են, իրենց խնդիրները կարողացել են լուծել: Որոշ հատվածներում ափամերձ հենապատեր են կառուցվել ու վերականգնվել»,- ասաց Ալբերտ Հարոյանը։

Նա նշեց, որ նկատելի է նաև կառավարության կողմից իրավական և նորմատիվ փոփոխությունների իրականացումը՝ աղետների ռիսկերի կառավարման համակարգը բարելավելու ուղղությամբ։ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միջազգային բնապահպանական կոնվենցիաների, սակայն Հարոյանի կարծիքով՝ այդ նախաձեռնությունները դեռևս բավարար կերպով տեղայնացված չեն համայնքային մակարդակում։ Նա առաջարկեց, որ ռազմավարական և քաղաքաշինական պլաններում առաջնային դեր ունենան բնահեն լուծումները՝ ջրի հոսքերի և երաշտների կառավարման համար։

«Կառավարման բուրգային տեսակետից վերին մասում կառավարությունն իր օրենսդրական և աջակցության դաշտով որոշակի քայլեր նախաձեռնում է կլիմայի փոփոխության մեղմման և ռիսկերի նվազեցման տեսանկյունից։ Հարցն արդեն տեղափոխվում է համայնքային դաշտ, որտեղ արդեն թույլ է, համայնքներն ու մարզպետարանները պետք է ստանան կամ գտնեն աջակցություններ, այդ ամենը տեղային մակարդակում իրականացնեն և համահունչ դարձնեն իրենց ծրագրերը՝ ռիսկերի նվազման և կառավարման, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման գործողությունների նկատմամբ»,- ընգծեց նա: 

Կլիմայական անվտանգության համատեքստում հատկապես կարևոր են ածխածնային արտանետումների նվազեցմանն ուղղված քայլերը։ Ըստ Ալբերտ Հարոյանի՝ կառավարությունը ներդրել է սուբսիդավորման ծրագրեր՝ արևային վահանակների տեղադրման նպատակով, ինչը խթանում է թե՛ էներգետիկ անկախությունը, թե՛ արտանետումների կրճատումը։ «Այդ ծրագրերից սկսում են օգտվել նաև Դիլիջան համայնքի բնակիչներն ու տնտեսվարողները, թեև արևային տեխնոլոգիաների գինը դեռևս մնում է համեմատաբար բարձր՝ մարզային բնակիչների սոցիալ-տնտեսական հնարավորությունների համատեքստում։ Համատեղ ուժերով, տարբեր աջակցություններով բնակիչները կարող են ներգրավվել ռազմավարական ծրագրերի իրականացման մեջ, և իրենք էլ սկսեն կիրառության մեջ դնել նոր տեխնոլոգիաները։ Այստեղ հարցը նրանում է, որ այդ տեխնոլոգիաներն ավելի մատչելի դառնան սովորական բնակիչների համար, աստղաբաշխական թվեր չլինեն: Չնայած մարզային բնակիչների համար կան տոկոսային զեղչեր և գրեթե անտոկոս վարկեր են տրամադրվում արևային կայանների տեղադրման համար, բայց տվյալ պրոդուկտը դեռ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակից ելնելով մատչելի չէ»,- ասաց նա։

Ալբերտ Հարոյանի դիտարկմամբ՝ բնակիչների մասնակցությունն ու նոր տեխնոլոգիաների ներգրավումը կարող են էական դեր ունենալ կլիմայի փոփոխության մեղմման գործում։ «Կլիմայի փոփոխությունը հանգեցրել է նրան, որ ֆինանսական ու բնապահպանական տեսակետից բնակիչներն ավելի լայն թափով սկսեն կիրառել արևային այլընտրանքային էներգիան: Իմ կարծիքով, դա կթուլացնի ճնշումը անտառի վրա: Եթե հանկարծ ստացվի այնպիսի իրավիճակ, որ էներգակիրների գների տատանում լինի, արևային էներգիան կարող է բուֆերային «բարձիկ» ստեղծել, դա էլ շղթայապես կազդի բնության պահպանության վրա»,- նշեց նա։

Մայիս 12, 2025 at 16:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր