

Երևանը, որպես Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության անդամ, ստանձնել է պարտավորություն մինչև 2030թ․ կրճատել ջերմոցային գազերի արտանետումները 30%-ով։ Այս նպատակին հասնելու համար մշակվել է Երևանի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը (ԿԷԶԿԳԾ/SECAP), որը պետական և հասարակական ոլորտի ներկայացուցիչները քննարկեցին «Էկոլուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Երևանի կարիքները՝ որպես կլիմայական խոցելի տարածք» կլոր սեղանի ժամանակ։

SECAP-ը ներառում է տրանսպորտի, հանրային և բնակելի շենքերի, կենցաղային կոշտ թափոնների, լուսավորության, կանաչապատ տարածքների, ջերմոցային տնտեսության, ջրամատակարարման համակարգի ոլորտները ։
Փաստաթուղթը ներկայացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը։


2012թ․ ելակետային տվյալներով՝ ջերմոցային գազերի տարեկան արտանետումները կազմում են 920․000 տոննա/տարեկան։ Գորիկ Ավետիսյանը նշեց, որ SECAP-ով առաջարկվող միջոցառումների շնորհիվ Երևանը կկարողանա հասնել ստանձնած թիրախին՝ մինչև 2030թ․ կրճատել ջերմոցային գազերի արտանետումները 389․148 տոննա/տարեկան։
Գորիկ Ավետիսյանը և Աստղինե Պասոյանը ներկայացրին SECAP-ի ոլորտային միջոցառումները։ Այսպես, մինչև 2030թ. տրանսպորտի ոլորտում նախատեսվում է տարեկան 187,350 տոննա ջերմոցային գազերի արտանետումների կրճատում և 300,116,208 կՎտժ էներգախնայողություն, իսկ գնահատված կապիտալ ներդրումը կազմում է 240,087,000 եվրո։ Այս ոլորտում նախատեսված է վերափոխել հասարակական տրանսպորտի 35%-ը էլեկտրական կամ ջրածնի վրա հիմնված միջոցների, բարելավել ճանապարհային ենթակառուցվածքները, խթանել Էլեկտրական մեքենաների օգտագործումը։


Հանրային շենքերում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի միջոցառումներով ակնկալվում է հանրային շենքերում տարեկան 6,259 տոննա ջերմոցային գազերի արտանետումների կրճատում, 28,242,000կՎտժ էներգախնայողություն, իսկ գնահատված կապիտալ ներդրումը կազմում է 50,789,502 եվրո։ Այս ոլորտում իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության 2-րդ ծրագիրը, էներգաարդյունավետության բարձրացման նպատակով էներգաարդյունավետ վերանորոգում, հորիզոնական միջոցառումներ։

Քաղաքային կոշտ թափոնների ոլորտում նախատեսվում է իրականացնել Համայնքային կոշտ թափոնների կառավարման ռազմավարական ծրագիրը՝ համաձայն Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային հաղորդակցության, որով ակնկալվում է տարեկան 177,016 տոննա ջերմոցային գազերի արտանետումների կրճատում։

Քաղաքային լուսավորության ոլորտում ակնկալվում է տարեկան 10,648 տոննա ջերմոցային գազերի արտանետումների կրճատում, 42,211,820 կՎտժ էներգախնայողություն, իսկ գնահատված կապիտալ ներդրումը կազմում է 19,350,000 եվրո։ Այս ոլորտում նախատեսվում է քաղաքային լուսավորության արդյունավետության և հուսալիության բարձրացում, համակարգի շարունակական արդիականացում։

Մայրաքաղաքի կանաչապատման ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է տարեկան 6,418 տոննա ջերմոցային գազերի արտանետումների կրճատում, 283,232 կՎտժ էներգախնայողություն, իսկ գնահատված կապիտալ ներդրումը կազմում է 1,282,876 եվրո։ Այս նպատակին հասնելու համար նախատեսված է ընդլայնել Եռաբլուր պանթեոնի կանաչ տարածքը 5-10 հեկտարով, Հրազդանի կիրճի կանաչ տարածքը՝ 7-10 հեկտարով, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրինը՝ 5-7 հեկտարով, մոտ 230 հեկտար «Դալմայի այգիներ» համայնքային զբոսայգու հիմնում, համայնքային ջերմոցների էներգաարդյունավետության բարելավում։ Նաև նախատեսված է ներդնել կանաչ տարածքների վերականգնման և ընդլայնման աշխատանքների արդյունավետության շարունակական մոնիտորինգի համակարգ։


Ջրամատակարարման համակարգի ոլորտում նախատեսված է ինքնավար էներգաարտադրող խմբերի ստեղծում։ Այստեղ ակնկալվում է տարեկան 1,457տոննա ջերմոցային գազերի արտանետումների կրճատում, 6,562,500 կՎտժ էներգախնայողություն, իսկ գնահատված կապիտալ ներդրումը կազմում է 4,200,000 եվրո։

Միջոլորտային, հորիզոնական միջոցառումները` առանց բնակֆոնդի, ենթադրում են տարեկան 389,336 տոննա ջերմոցային գազերի արտանետումների կրճատում, 378,263,020 կՎտժ էներգախնայողություն, իսկ գնահատված կապիտալ ներդրումը կազմում է 316,509,378 եվրո։ Այս միջոցառումները ենթադրում են համայնքային էներգետիկ տեղեկատվական թվային համակարգի ստեղծում, էներգետիկ պլանավորում և կառավարում, կարողությունների զարգացմանն ու համագործակցությանն ուղղված մի շարք նախագծեր։ Իսկ բոլոր առաջարկվող միջոցառումները՝ ներառյալ բնակֆոնդը, ենթադրում են տարեկան 527,684 տոննա ջերմոցային գազերի արտանետումների կրճատում, 1,046,925,425 կՎտժ էներգախնայողություն, իսկ գնահատված կապիտալ ներդրումը կազմում է 1,549,758,588 եվրո:

Երևանին բնորոշ կլիմայական ամենամեծ վտանգներից են ծայրահեղ շոգը, երաշտը, անտառային հրդեհները, նաև հորդառատ տեղումներն ու կարկտահարությունը։ Ըստ կանխատեսումների՝ կլիմայական վտանգներն աճելու են։ Կլիմայի փոփոխության հարմարվողականության նպատակով մշակվել է ոլորտային միջոցառումների ցանկ։
Շենք-շինությունների ոլորտում նախատեսված է շենքերի ջերմամեկուսացում և օդափոխության համակարգերի արդիականացում, շենքերի զննում, գույքագրում կամ վերանորոգում։ Նոր շենքերի և շինությունների նախագծման ընթացքում պետք է հաշվի առնվեն շինարարական նորմերը կլիմայի փոփոխության ներքո, քանի որ այդ կառույցները պետք է շահագործվեն բարձր ջերմաստիճանների, առատ տեղումների և ուժեղ քամիների պայմաններում:

Տրանսպորտի ոլորտում նախատեսվում են ճանապարհային հատվածների նորոգման աշխատանքներ՝ բարձր ջերմաստիճանների և առատ տեղումների պայմաններում ենթակառուցվածքի քայքայման և երթևեկության անվտանգության վատթարացման կանխարգելման նպատակով, նաև հասարակական տրանսպորտի առկա ենթակառուցվածքի հարմարեցում կլիմայի փոփոխության մարտահրավերներին։

Էներգիայի ոլորտում պետք է ապահովվեն էներգիայի այլընտրանքային աղբյուրներ արտակարգ իրավիճակներում՝ համայնքի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների անխափան էներգամատակարարման համար։
Ջրային ռեսուրսների ոլորտում պետք է գնահատվի Երևանի ջրապահանջարկի փոփոխությունը բնակչության կանխատեսվող աճի պայմաններում և վերանայվեն ջրամատակարարման առաջնահերթությունները կլիմայի փոփոխության ներքո կանխատեսվող ջրային ռեսուրսների կրճատման պայմաններում: Նաև գոյություն ունեցող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգում՝ ջրակորուստները նվազեցնելու նպատակով, քաղաքային կեղտաջրերի մաքրման կայանի վերազինում և կեղտաջրերի վերօգտագործման հնարավորությունների ստեղծում: Կլիմայի փոփոխության բացասական հետևանքների նվազեցման նպատակով պետք է գնահատվի Երևան քաղաքի ջրային ավազանների քանակական և որակական ցուցանիշները:
Ինչ վերաբերում է հողօգտագործման ոլորտին, այստեղ նախատեսվում է կենտրոնական և մարդաշատ վայրերում, սոցիալական օբյեկտների տարածքներում նոր կանաչ գոտիների ստեղծում՝ ապահովելով նաև ջրամատակարարումը։
Կանաչապատ տարածքների ստեղծումը նաև առողջապահական միջոցառում է, նպատակ ունի կանխարգելել շնչառական և սիրտ-անոթային խնդիրների սրումը օդի աղտոտվածության և կլիմայի փոփոխության անբարենպաստ պայմանների զուգորդման հետևանքով առաջացող:
Կլիմայի փոփոխության և օդի բարձր աղտոտվածության զուգակցման արդյունքում բացասական ազդեցությունները նվազեցնելու նպատակով պետք է ձեռնարկել մայրաքաղաքի օդի աղտոտվածության աղբյուրների (օրինակ՝ հանքավայրեր, բաց արդյունաբերություն և այլն) գույքագրում, քարտեզագրում, այդ կետերում վնասակար մասնիկների պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների վերահսկում, մոնիթորինգ, ընդերքօգտագործման աշխատանքների դադարեցումից հետո բաց հանքերի, ընդերքօգտագործման ռեկուլտիվացիա՝ օդի որակի բարելավման նպատակով:
Քննարկման մասնակիցները հարց բարձրացրին՝ պետք է արդյոք SECAP-ն անցնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման փորձաքննություն։ Նշվեց, որ եթե ռազմավարական ծրագիրն ունի ակնհայտ դրական բնապահպանական ազդեցություն, փորձաքննության ենթակա չէ։
Կլոր սեղանի մասնակիցները նշեցին, որ SECAP-ում կա տվյալների հավաքագրման խնդիր, գնահատումը կատարվել է հասանելի տվյալների հիման վրա։ Նշվեց կանաչ տարածքների գույքագրման անհրաժեշտության մասին։




SECAP-ը հաջորդիվ ներկայացվելու է Երևանի ավագանու հաստատմանը։
Երևանի կարիքները՝ որպես կլիմայական խոցելի տարածք» կլոր սեղանը կազմակերպել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «People Powered» մասնակցային ժողովրդավարության գլոբալ կենտրոնի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակությունը դառնում է Երևանի «Կանաչ անցման» ակտիվ մասնակիցը» ծրագրի շրջանակում։ Կլոր սեղանին մասնակցեցին Հայաստանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ավագ խորհրդական Դիանա Հարությունյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը և փորձագետ Արամ Գաբրիելյանը, «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը և ծրագրերի մասնագետ Մերի Մինասյանը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի ու «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի կենսաբազմազանության, էկոհամակարգերի և հողօգտագործման փորձագետ Դշխուհի Սահակյանը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը, ՀԱՀ դասախոս և հետազոտող Արմեն Դանիելյանը, Էկոլուրի թիմը։
Հունիս 02, 2025 at 11:08
