«Մետա գոլդ» ՍՊԸ-ն մտադիր է ուսումնասիրել Գլաձորի բազմամետաղային հանքավայրը՝ հետագա արդյունահանման նպատակով

«Մետա գոլդ» ՍՊԸ-ն մտադիր է ուսումնասիրել Գլաձորի բազմամետաղային հանքավայրը՝ հետագա արդյունահանման նպատակով

«Մետա գոլդ» ՍՊԸ-ն նախատեսում է Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի տարածքում  իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ուսումնասիրության աշխատանքներ: Այդ նպատակով ընկերությունը 2025թ․ հուլիսի 7-ին` ժամը 18:00-ին, Եղեգնաձոր բնակավայրի մշակույթի տան դահլիճում նախաձեռնել է գործունեության վերաբերյալ առաջին հանրային քննարկումը:

Ըստ ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի՝ «Մետա գոլդ» ՍՊԸ-ն ստեղծվել է վերջերս՝ 2025թ․ մայիսի 23-ին։ 

Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքում հանրային լսումների անցկացման տեղեկությանը կցվել են ընկերության կողմից ներկայացված Գլաձորի հանքավայրի համառոտ նկարագիրը։ Փաստաթղթում ներկայացված են Գլաձորի հանքավայրում նախորդ դարի 20-ական թվականներից սկսած կատարված աշխատանքները։ Ըստ այդմ՝ հանքավայրի պաշարների վերահաշվարկ վերջին անգամ կատարվել է 2009թ․, ըստ որի՝ կոնդիցիոն պարամետրերի վերագնահատման պաշարներրի վերահաշվարկման արդյունքում հանքավայրում 40 հանքային երակներով հաշվարկվել են 14,47 միլիոն տոննա ընդհանուր քանակությամբ C և C2 կարգի հանքաքարի և մետաղների պաշարներ՝ կապար 628,37 հազար տոննա, ցինկ 711,44 հազար տոննա, պղինձ 63,40 հազար տոննա, ոսկի 9789 կգ, արծաթ 201,18 տոննա և կադմիում 2605,3 տոննա:

Փաստաթղթում հիշեցվում է, որ վերոնշված երկրաբանահետախուզություններից հետո «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ն նախաձեռնում և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանից 2021թ. փետրվարի 26-ին ստացել է ԵԹՀ-29/309 ընդերքօգտագործման իրավունքը, որի շրջանակներում պետք է իրականացվեին Գլաձորի հանքավայրի վերագնահատման աշխատանքներ գրասենյակային պայմաններում: (Նշենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «2023թ․ հոկտեմբերի 10-ի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվություն» փաստաթղթի՝ ընկերությանը տրված է եղել ոչ թե ընդերքօգատործման իրավունք, այլ ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու իրավունք երեք տարի ժամկետով)։ 

 
Համայնքապետարանի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ 2024թ․ օգոստոսի 12-ի թիվ 84 փորձաքննական եզրակացության հիմքով 2024թ․ սեպտեմբերին 5-ի թիվ 2087-Ա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով հաստատվել է այն, որ Գլաձորի բազմամետաղային հանքավայրում անհրաժեշտ է իրականացնել նոր երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:

«Մետա գոլդ» ՍՊԸ-ն նպատակադրվել է ստորև նկարագրված աշխատանքների կատարման միջոցով ապահովել հանքավայրի տվյալների վերհանում, ինչպես նաև նոր տվյալների համալրում։ Նախատեսված է իրականացնել առկա քարտեզագրական հավելվածների կոորդինատային ցանցի ճշգրտում, որոշ լոկալ տարածքների չափագրում` անհրաժեշտության պարագայում նորից տեղագրական հանույթի իրականացում, առկա միջհանդային կամ հանքավայր մոտեցնող ճանապարհների բարեկարգում, սյունակային հորատման հարթակների վերականգնում և կառուցում։ Կիրականացվեն փորձնական հանույթային աշխատանքներ՝ գործարանային պայմաններում հանքհարստացման փորձարկումներ իրականացնելու ակնկալիքով:

Ընկերությունը նաև մտադիր է համայնքի հետ կնքել պայմանագիր և տարեկան համայնքին տրամադրել իր հասույթի 1%-ը, ինչը գնահատում են մոտ 100 միլիոն դրամ:

Եղեգնաձորի համայնքապետարանի կայքում հրապարակված հայտարարությանը կցված է նաև Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանը, շահագործմանը դեմ նախաձեռնող խմբի հայտարարությունը, որում արտացոլված են տեղի բնակիչների մտահոգությունները ու փաստարկները հանքավայրի շահագործման ռիսկերի վերաբերյալ, նաև հանքարդյունաբերությանը դեմ բնակիչների ստորագրությունները։  

Հանքարդյուանբերական գործունեությանը դեմ շահագրգիռ հանրությունը իր մտահգությունն է արտահայտել նաև «Մետա գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանքավայրի մասին համառոտ նկարագրի վերաբերյալ․ ««ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանքավայրի համառոտ նկարագիրը և իրադրության սխեման թերի է, ոչ լիարժեք, չեն ուսումնասիրվել և չեն ներառվել այն բոլոր ռիսկերը, որոնք կառաջանան ուսումնասիրության և արդյունահանման դեպքում։ Համաձայն օրենքի՝ պետք է նկարագրվեր ուսումնասիրությունից արդյունահանում արտադրական համառոտ սխեման, որը բացակայում է։ Չեն ներկայացվել այն ռիսկերը՝ կապված ուսումնասիրվող հանքավայրի և ուրանային հանքաշերտերի ու կապարի մեծ քանակության հետ։ Հանքավայրը գտնվում է բնության հատուկ պահպանվող տարածքում՝ Եղեգնաձորի արգելավայր, կանխատեսելի ռիսկեր կան կենդանական և բուսական աշխարհի վրա, և կառավարության կողմից ներկայացվել է առաջարկություն արգելավայրի տարածքը ընդլայնելու վերաբերյալ։ Բացակայում են ստորգետնյա ջրային քարտեզը և հնարավոր ծանր մետաղներով հարստացված ստորգետնյա ջրերի Արփա-Սևան ջրատար թափանցելու ռիսկերը»։

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանը, շահագործմանը դեմ նախաձեռնող խմբի անդամները կոչ են անում համայնքի բնակիչներին առաջիկա լսումներին բացասական գնահատական տալ  նախատեսվող գործունեությանը։  Ներկայացրած փաստաթղթում գրված է․ «Մենք գտնում ենք, որ «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի ներկայացրած հանքավայրի նախագծով կատարվող ուսումնասիրությունները, այսօրվա գործող տեխնոլոգիաներով հանքարդյունաբերությունն անհմատեղելի են մեր ապրելակերպին։ Գնահատելով ռիսկերը՝ տալիս ենք բացասական կարծիք:

Հարգելի, Վայոց ձորի բնակիչներ պետք է կայացնենք որոշում՝ կարող ենք ապրել մեր չքնաղ հայրենիքում հանքերի հարևանությամբ, թե՞ մենք էլ ստիպված կլքենք տուն-տեղ՝ անտեր թողնելով պապերի գերեզմանները»։

Հուլիս 07, 2025 at 13:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր