Նախատեսվում է պարզեցնել ընդերքօգտագործման համար հողերի ձեռքբերման ընթացակարգերը

Նախատեսվում է պարզեցնել ընդերքօգտագործման համար հողերի ձեռքբերման ընթացակարգերը

Շրջանառության մեջ է դրված օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է պարզեցնել ընդերքօգտագործման համար հողօգտագործման իրավունքի տրամադրման և հողերի ձեռքբերման ընթացակարգերը։ Oրենսդրական նախաձեռնությունը միտված է մեղմելու հանքարդյունաբերական բիզնեսի համար ռիսկերը, որպեսզի ընդերքօգտագործման համար բոլոր թույլտվությունների ստացումից հետո հողային հարաբերությունները խոչընդոտ չլինեն ընդերքօգտագործման համար։  

Այս նախաձեռնությունը բխում է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից։ Օրինագծերի փաթեթը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի (ԱՃԹՆ ԲՇԽ) նիստի ժամանակ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության ներկայացուցիչները մշակված օրինագծերի փաթեթը խնդրահարույց էին համարել՝ նշելով, որ այն հակասահմանադրական է։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանձնարարել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի տեղակալին քննարկում կազմակերպել օրինագծերի վերաբերյալ։ 2025թ․ տարեվերջին ՏԿԵՆ-ի հրավերով տեղի ունեցավ օրինագծերի քննարկում ՏԿԵՆ-ի, ԱՃԹՆ ԲՇԽ բիզնեսի և քաղաքացիական հասարակության խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Օրենսդրական առաջարկի համաձայն՝ 1-ին լսման արդյունքում համայնքի ավագանին պետք է համաձայնություն տա օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով պետական և համայնքային սեփականության հողամասերն օգտագործելու մասին։ Այնուհետև, ընդերքօգտագործողի կողմից բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության, ընդերքօգտագործման իրավունքի և այլ փաստաթղթերի ներկայացման դեպքում ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա պարզեցված կարգով երկամսյա ժամկետում համայնքի ավագանու որոշմամբ փոխի հողամասի նպատակային նշանակությունը (բացառությամբ ԲՀՊՏ-ի և անտառային հողերի) արդյունաբերական նշանակության։

Նախատեսվում է նաև, որ ընդերքօգտագործման համար կարող է հատկացվել նաև մասնավոր սեփական հողատարածքը կամ անշարժ գույքը   սեփականատերերի և ընդերքօգտագործողի միջև նոտարական վավերացված համաձայնության կնքման միջոցով։ Հողի սեփականատիրոջ կողմից համաձայնությամբ նախատեսված պայմանների կատարումից հրաժարվելու պարագայում սեփականատերը պարտավոր է տրամադրել փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի քսանհինգհազարապատիկի չափով։ 

Քաղհասարակության խմբակցության ներկայացուցիչները խնդրահարույց համարեցին նախնական լսման արդյունքում համայնքից ավագանու որոշմամբ ոչ միայն հողերի տրամադրմանը համաձայնություն տալը, այլև գործունեությանը համաձայնություն տալը, քանի որ առաջին լսման ժամանակ չեն ներկայացվում գործունեության ռիսկերը, և ավագանին իրազեկված չէ, թե ինչի համար է համաձայնություն տալիս կամ մերժում։

Բիզնես խմբակցության ներկայացուցիչը նշեց, որ համայնքին տրամադրվում է տեղեկատվություն և ներկայացվում են գործունեության տարածքի եզրային կոորդինատները, գործունեության տեսակը, ինչ է պլանավորվում, համայնքն այդ տեղեկատվության հիման վրա կարող է դիտարկումներ անել։

«Նախանական համաձայնություն տալու հարաբերություններն արդեն իսկ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված են որպես 2 իրավահավասարազոր սուբյեկտների միջև հարաբերություններ։ Եթե կա այդ կարգավորումը, նոր կարգավորումը չի՞ առաջացնում հակասություն քաղաքացիական օրենսդրության դրույթների հետ։ Երբ որ դուք Ընդերքի մասին օրենսգրքով սահմանում եք հստակ համաձայնագրի շրջանակ, որ պետք է պարտադիր էսպես լինի, քաղաքացիական օրենսդրությամբ այդպիսի շրջանակ չկա, մարդն ինքն է որոշում՝ համաձայնվի, թե՝ ոչ։ Ընդերքի մասին օրենսգրքով քաղաքացիական իրավունքների սահմանափակումները հակասահմանադրական են»,- ասաց քաղաքացիական հասարակության խմբակցության ներկայացուցիչը։

«Ի՞նչ առաջարկ կարող եք ներկայացնել»,- հարց ուղղվեց քաղաքացիական հասարակության խմբակցության ներկայացուցչին։ Ի պատասխան նա ասաց․ «Առաջարկը պարզ է՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց պարագայում նման կարգավորում պարզապես չի կարող լինել․ դա պետք է թողնել քաղաքացիաիրավական հարաբերություններին և վերջ։ Մտահոգությունը կարգավորվում է ըստ բիզնես ռիսկի և ըստ բիզնես գործունեության կազմակերպչական գործառույթների։ Դու չես կարող օրենքով այդ հարաբերությունները կարգավորել»։

Փոխնախարարն ասաց, որ օրինագծերի ամփոփաթերթում կֆիքսեն ներկայացված մտահոգությունները։ «Քանի որ Արդարադատության նախարարությունը հակասահմանադրական դրույթ չի տեսնում, թող նախագիծը շարժվի առաջ։ Ազգային ժողովում ես կմիջնորդեմ, որ համապատասխան հանձնաժողովում հրավիրվեն բոլոր կողմերը, որ անպայման գաք և լսելի դարձնեք ձեր խոսքը»,- ասաց նա։

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

Փետրվար 18, 2026 at 16:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր