

Սույն թվականի ապրիլի 17-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքի ավագանին արտահերթ նիստ կանցկացնի «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի առաջարկով։ Օրակարգում մեկ հարց է՝ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետի երկարաձգմանը համաձայնություն տալու մասին: Նշենք, որ ընկերությանը տրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/370 թույլտվության ժամկետն ավարտվել է 2026թ․ ապրիլի 10-ին։


Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում արդեն իսկ հրապարակված է «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի գործունեությանը հավանություն տալու որոշման նախագիծը։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջի համաձայն՝ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա համայնքը պետք է կազմակերպեր հանրային լսում, որի հիման վրա համայնքի ավագանին պետք է կայացներ որոշում գործունեությանը համաձայնություն կամ անհամաձայնություն տալու մասին։ Մինչդեռ հանրային լսում տեղի չի ունեցել։
«Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Արթուր Գրիգորյանը, Էկոլուրի հետ զրույցում ներկայացնելով օրենքի պահանջը, նշեց․ ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16 -րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային լսումից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ավագանին որոշում է ընդունում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ։ Նույն հոդվածի համաձայն, նախնական համաձայնություն տրամադրելու կամ չտրամադրելու մասին որոշումը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների մասին, հետևապես այն ընդամենը վարչական ակտ չէ, որը կարելի է պարզապես անվավեր ճանաչել, այն ընդգրկում է հիմնավորումներ համայնքի ավագանու դիրքորոշման վերաբերյալ։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, նշված ավագանու որոշման կայացման օրվանից հետո՝ 5-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը լիազոր մարմնին և նախաձեռնողին է տրամադրում համայնքի ավագանու որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները։
ՇՄԱԳ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ փորձաքննությունն սկսվում է փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի լրակազմ փաթեթն էլեկտրոնային տարբերակով նախաձեռնողի կողմից լիազոր մարմին ուղեկցող գրությամբ ներկայացնելու պահից։ Փաթեթը ներառում է տեղական ինքնակառավարման մարմնի ՇՄԱԳ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նախնական համաձայնության որոշումը, առանց որի փորձաքննությունը չի կարող սկսվել։
Այսպիսով, ՇՄԱԳ օրենքը սահմանում է համայնքի ավագանու որոշմամբ նախնական համաձայնության տրամադրման հստակ ժամկետներ, որոնք պետք է պահպանվեն գնահատման և փորձաքննության գործընթացում։ Դրանք չպահպանելու պարագայում, լիազոր մարմինն իրավասու չէ իրականացնել նախատեսվող գործունեության փորձաքննություն»։
Իր հերթին Եղեգիս համայնքի համայնքապետի պաշտոնակատար Ահարոն Գաբրիելյանն Էկոլուրին ասաց, որ աշնանը «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն դատի է տվել Եղեգիսի ավագանուն իր ընդունած որոշման համար։ Նա ասաց, որ պատրաստվում են որոշման նախագծին կցել դատական գործի հետ կապված փաստաթղթերը, որ հանրությանը պարզ դառնա, թե ինչու է որոշման նախագիծն առանց հանրային լսման օրակարգ մտել։ Էկոլուրի ճշտող հարցին՝ հանրային լսում չի՞ լինելու, Ահարոն Գաբրիելյանն ասաց․ «Դե արդեն, ոնց որ դա բաց թողված հարց է։ Իրավաբանն ասում է, քանի որ այդ գործառույթը չի ավարտվել, դատական պրոցեսով անցնում է․․․»։
Հիշեցնենք, որ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում՝ 84 հա տարածքում, երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից 2023թ ապրիլի 10-ին ստացել էր եռամյա թույլտվություն։
Ընկերությունը երկրաբանական ուսումնասիրության ժամկետը երկարացնելու համար համայնքից թույլտվություն ստանալու նպատակով հանրային լսում էր անցկացրել 2025թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրում։ Հանրային լսումն անցել էր լարված միջավայրում՝ ոստիկանների մասնակցությամբ։ Այնուհետև, Եղեգիս համայնքի ավագանին 2025թ-ի հոկտեմբերի 27-ին N 96-Ա որոշմամբ 8 դեմ, 0 կողմ, 0 ձեռնպահ ձայներով մերժել ընկերությանը՝ երկարաձգելու երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը։
Ապրիլ 16, 2026 at 15:57
