

2026թ․ օգոստոսի 21-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունահանման աշխատանքների ժամկետի երկարաձգման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը։
Ընկերությունը նախատեսում է ստանալ երկու թույլտվություն՝ Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունահանման աշխատանքների ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի, հանքանյութի և խտանյութի վերամշակման գործարան կառուցելու համար։
Հանրային լսումն անցել է լարված մթնոլորտում։ Քննարկման ընթացքում մասնակիցների միջև տարաձայնություններ են առաջացել, այդ թվում՝ էկոակտիվիստների մասնակցության վերաբերյալ։ Որոշ մասնակիցներ փորձել են խոչընդոտել նրանց մասնակցությունը լսմանը։
Քննարկման առանցքում եղել են գործարանի հնարավոր ազդեցությունները շրջակա միջավայրի, բնակավայրերի, բնակչության առողջության, գյուղատնտեսության և հատկապես տարածաշրջանի այգեգործական ու գինեգործական տնտեսությունների վրա։ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը նշել է, որ հանքի ծրագիրը շրջակա միջավայրի համար ռիսկեր է պարունակում։
Քննարկման ընթացքում հարցեր են հնչել նաև գործարանի նախատեսվող արտադրողականության վերաբերյալ։ Ի պատասխան նշվել է, որ 300 հազար տոննա տարեկան արտադրողականությունն առավելագույն արտադրողականությունն է, և դա չի նշանակում, որ գործարանն անմիջապես այդ ծավալով է աշխատելու։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ արտադրությունը կարող է սկսվել ավելի փոքր՝ օրինակ 10 կամ 50 հազար տոննա ծավալից և հետագայում ավելանալ՝ կախված հումքի առկայությունից։ Ընկերությունը նաև նշել է, որ իր բիզնես ծրագիրը նախատեսում է գործարանի հնարավոր օգտագործումը ոչ միայն Սոֆի-Բինայի հանքավայրից ստացվող հանքաքարի, այլև՝ տարածաշրջանի այլ հանքավայրերից ստացվող հումքի վերամշակման համար։
Նշվել է նաև, որ անմիջական ազդեցություն բնակավայրերի, մարդու առողջության և սոցիալ-տնտեսական վիճակի վրա չի նախատեսվում։
Մասնակիցները հարց են բարձրացրել՝ արդյոք ընկերությունը, նախկինում բացասական եզրակացություն ստանալուց և նախագծում փոփոխություններ կատարելուց հետո, կարող է շարունակել գործընթացն՝ առանց ամբողջությամբ նոր գործընթաց սկսելու և նոր ավագանու որոշում ստանալու։ Ի պատասխան նշվել է, որ գործող օրենսդրության համապատասխան դրույթների համաձայն՝ եթե գործունեության ելակետային տվյալները չեն փոխվել, տեղադիրքը նույնն է, իսկ նախկին ավագանու որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ, այն կարող է կիրառվել փորձաքննության շրջանակում։
Այս մոտեցումը, սակայն, քննարկման մի շարք մասնակիցներ խնդրահարույց են համարել։ Նրանց մտահոգությունն այն էր, որ նման մեխանիզմը կարող է նախադեպ դառնալ, երբ ընկերությունը բացասական եզրակացությունից հետո փոփոխում է նախագիծը և վերադառնում փորձաքննության՝ առանց համայնքի մասնակցությամբ ամբողջ գործընթացը զրոյից սկսելու։ Մասնակիցներից մեկը սա որակել է որպես «վտանգավոր պրակտիկա», քանի որ, նրա գնահատմամբ, մեկ տարվա ընթացքում համայնքի դիրքորոշումը, սոցիալ-տնտեսական իրավիճակը կամ բնակիչների վերաբերմունքը կարող են փոխվել։ Նշվել է նաև, որ եթե ընկերությունը ցանկանում է էապես փոփոխված նախագիծ իրականացնել, ավելի նպատակահարմար է նորից սկսել գործընթացը՝ նոր հանրային լսումներով և համայնքի նոր որոշմամբ։ Գործընթացն այնուհետ պետք է ենթարկվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության։ Առանձին պետք է ուսումնասիրվի նաև թափոնների կուտակման տարածքի վերաբերյալ փաթեթը, որի հիման վրա պետք է գնահատվեն դրա հնարավոր ազդեցությունները և համապատասխանությունը նախատեսվող արտադրական ծավալներին։ Ընկերությունից հայտնել են, որ նախկինում նախատեսված՝ այգիներին և շինություններին մոտ գտնվող թափոնների տեղադրման տարածքն այլևս չի դիտարկվում։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսանկարը և տեսանյութը՝ www.cvmedia.am-ի
Օգոստոս 21, 2026 at 18:08
