Հանրային ակցիա՝ Ամուլսար առանց հանքի

Հանրային ակցիա՝ Ամուլսար առանց հանքի

Հոկտեմբերի 17-ին Երևանի պետական կոնսերվատորիայի հարակից այգում տեղի ունեցավ հանրային ակցիա՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքի շահագործման ծրագրի վերաբերյալ:

Մասնակիցները խոսեցին Ամուլսարի ծրագրի դեմ երկարատև պայքարի մասին, ծրագրի վտանգների մասին: Հայկական բնապահպանական ճակատի համակարգող Լևոն Գալստյանը նշեց, որ Ջերմուկ առողջարանի հարևանությամբ հանքի շահագործումը նշանակում է խաչ քաշել Ջերմուկի, շրջանի ջրային ռեսուրսների վրա: «Ամուլսարի ծրագրին դեմ էին Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները, պարզապես 2020 թվականի պատերազմը կոտրեց նաև նրանց մեջքը: 2018 թվականին նրանք փակեցին հանքավայրի շինարարական աշխատանքների բոլոր ճանապարհները, և նրանք դարձան վերջին 15-20 տարվա համաշխարհային բնապահպանական պատմության մեջ ամենաերկարատև պայքարներից մեկի հեղինակը: Հետո եղավ պատերազմ»,- ասաց Լևոն Գալստյանը:

Բնապահպան, իրավապաշտպան Նազելի Վարդանյանը նշեց ծրագրի ռիսկերը՝ տարածքի սեյսմիկ բարձր վտանգը, ռադիացիոն ռիսկը, թթվային դրենաժը: Նա նշեց, որ մեծ է ջրերի աղտոտման ռիսկը, ինչի մասին բարձրաձայնել են մասնագետները: «Եթե նոր ՇՄԱԳ չի անցել ծրագիրը, անհասկանալի է, ինչպես են փարատվել ռիսկերը», - նշեց Նազելի Վարդանյանը: Նա ասաց, որ ծրագիրը գործարկվել է ուժը կորցրած փորձաքննական եզրակացությամբ: «Փաստորեն այսօր՝ չունենալով ՇՄԱԳ, չներգրավվելով Ջերմուկի բնակիչներին հանրային քննարկումներին՝ հանքը շահագործվում է: Մենք պետք է պայքարենք մինչեւ վերջ», - նշեց Նազելի Վարդանյանը:

Բնապահպան Աննա Շահնազարյանը, ով ևս տարիներ շարունակ պայքարում է Ամուլսարի ծրագրի դեմ, նշեց, ներկայում Հայաստանում անցկացվում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) , և Ամուլսարի ծրագրի մասին բարձրաձայնվելու է համաժողովի հարթակում: «Մենք պետք է ակտիվ լինենք», - նշեց Աննա Շահնազարյանը։

«Միջազգային հանրությունն աջակցում է Ձեզ եւ կանգնած է Ձեր կողքին Ամուլսարի ծրագրի դեմ պայքարում»-, ասաց Cee Bankwatch ցանցի անդամ Անդրեյ Ռալեւը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հոկտեմբեր 18, 2026 at 01:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր